Երիտասարդ արձակագիր Հասմիկ Կարապետյանի «Ծովահենը» թրիլեր վիպակում շատ են տեսարանները, քան՝ մտքերը։ Վիպակը գրքի տեսքով լույս է տեսել դեռ ամիսներ առաջ, բայց հեղինակը վաղուց էր պլանավորել իր վիպակը տեսնել կա՛մ կինոյում, կա՛մ թատրոնում, որովհետեւ թրիլերում առկա են բազմագույն կինոտեսարաններ։
Դերասանուհի Նունե Հակոբյանը, որը ներկայացման մեջ մոր դերակատարն է լինելու, գրեթե երեք տարի է՝ չի եղել բեմում, իսկ մինչ այդ աշխատել է Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։
«Մասնագիտական դադարները երբեմն օգնում են ավելի մեծ պոտենցիալով եւ ներուժով ներկայանալ հանդիսատեսին»,-վստահեցնում է Նունե Հակոբյանը։
Մեր հարցին` ինչու որոշեց խաղալ հենց «Ծովահենը» վիպակի բեմադրության մեջ, այն էլ մոր դերը, պատասխանեց. «Քանի որ նախ աշխատելու եմ պրոֆեսիոնալ թիմի հետ, դրան գումարած` նրանք նաեւ հրաշալի մարդիկ են, իսկ այս օրերին մենք դրա կարիքը շատ ունենք, եւ իհարկե՝ նրա համար, որ վստահաբար կարող եմ ասել՝ ունենալու ենք ֆանտաստիկ ներկայացում»։
Կարդացեք նաև
Մենք զրուցեցինք նաեւ վիպակի հեղինակ Հասմիկ Կարապետյանի հետ եւ փորձեցինք պարզել, թե վիպակում առկա Էնջլի եւ Սկորսեզեի կերպարների դերակատարներին արդյոք ընտրե՞լ են։ Հեղինակն ասաց, որ բավականին դժվար է ընտրել մտքումդ հնարված հերոսներին, այն էլ Էնջլի ու Սկորսեզեի նման խարիզմատիկ կերպարներին: «Փնտրտուքների մեջ ենք,-մեզ հետ զրույցում ասել է Հասմիկ Կարապետյանը` ավելացնելով,-երբեմն մտածում եմ՝ միգուցե նրանց շատ պատահական փողոցում գտնեմ, ինչպես Բեկնազարյանին գտան»:
Նշենք, որ ներկայացման մեջ կարեւորվելու են գլխավոր տարրերը՝ դիալոգները, պլաստիկան, երաժշտությունը, հերոսների խաղը եւ լույսը։ Որքան էլ զարմանալի է, բայց լուսավորությունը մեծ դեր է խաղալու բեմադրության մեջ՝ որպես խորհրդանիշ է հանդես գալու:
Իսկ թե ինչ է սպասվում ներկայացումից հետո, Հասմիկ Կարապետյանն ասաց` ահռելի էմոցիաներ՝ սկսած վախից, վերջացրած բացահայտմամբ։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ