Հունիսի 20-ին «Eurasia.expert»-ում լույս է տեսել քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանի «Электроэнергетическая либерализация в Евразийском союзе: взгляд из Армении» հրապարակումը: «Առավոտը» տպագրում է մի հատված այդ հրապարակումից՝ հայերեն տարբերակով:
Եվրասիական տնտեսական ինտեգրման առանցքային նպատակներից է ընդհանուր էներգետիկ շուկաների ձեւավորումը: Կանգ առնենք ԵԱՏՄ էներգետիկ ինտեգրման կարեւորագույն բաղադրիչի՝ ազգային էլեկտրաէներգետիկ շուկաների ազատականացման վրա: Վերջինս անհրաժեշտ նախապայման է 2025թ.-ին ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի մեկնարկը տալու համար:
Ռուսաստանում էլեկտրաէներգետիկ համակարգում բարեփոխումներն արդեն իրականացվել են, սակայն, բազմիցս հնչող մասնագիտական գնահատականների համաձայն՝ դեռ 2006թ. նախաձեռնված ազատականացման գործընթացը, որը սկիզբ առավ պետական «ՌԱՕ ԵԷՍ Ռոսսիի» ընկերության ակտիվների վաճառքով, հանգեցրել է նոր ռիսկերի ու վտանգների ստեղծմանը Ռուսաստանի էներգետիկ անվտանգության համար: Դրանց շարքին են դասվում ավելի հաճախակի դարձած վթարները, սակագնային քաղաքականության խնդիրները եւ այլն:
Ինչ վերաբերում է Միության այլ անդամներին, ապա Ղազախստանում ու Ղրղըզստանում ազատականացման քաղաքականությունը ընդհանուր առմամբ ֆորմալ բնույթ է կրում. գեներացիան, փոխանցումն ու բաշխումը տարանջատված են, սակայն էներգետիկ ընկերությունների ակտիվները թեեւ վերաբաշված են, բայց շարունակում են վերահսկվել պետության կողմից: Դա պետական կապիտալով աշխատող կամ պետության հետ աֆիլացված ընկերությունների կողմից էներգետիկ ակտիվների ձեռքբերման արգասիքներից է:
Կարդացեք նաև
Բելառուսը, իր հերթին, չի շտապում ազատականացնել շուկան, ինչը պայմանավորված է նախեւառաջ ԲելԱԷԿ-ի 1-ին էներգաբլոկի շահագործման հանձնմամբ, ինչն էապես փոխել է երկրի էներգետիկ համակարգի կառուցվածքը: Մյուս կողմից, դա կարող է պայմանավորված լինել նաեւ Մինսկի՝ բազմիցս արտահայտած դիրքորոշմամբ առ այն, որ նախքան էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծումը, անհրաժեշտ է ձեւավորել բնական գազի ընդհանուր շուկան: Այսպիսի մոտեցումը մեծ հաշվով բխում է նաեւ Հայաստանի շահից, քանի որ վերջինիս էլեկտրաէներգետիկական գեներացիայի 40%-ն ավանդաբար ապահովում են բնական գազով աշխատող ՋԷԿ-երը: Սակայն հայտնի է Մոսկվայի դիրքորոշումն այս հարցի շուրջ: 2020 թ. մայիսին Երեւանում անցկացվող Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վ. Պուտինը հայտարարեց, որ վաղաժամ է խոսել միասնական սակագների մասին, քանի որ ԵԱՏՄ-ում դեռեւս ապահովված չէ տնտեսական խորքային ինտեգրում:
Հայաստանում էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագիրը հաստատվել է 2017 թ., իսկ արդեն 2018 թ. փետրվարին ԱԺ-ն համապատասխան փոփոխությունները մտցրեց «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում՝ ազատականացման ծրագիրն ընթացք տալու համար: Այսօր հայտարարվում է ծրագիրը 2022 թ. ավարտին հասցնելու մասին:
Մեծ հաշվով ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի ձեւավորման առանցքային խոչընդոտներից է ազգային շուկաների ազատականացման վերաբերյալ անդամ-պետությունների ոչ միասնական դիրքորոշումը, ինչը միանգամայն նորմալ է՝ հաշվի առնելով դրանցում էներգետիկ համակարգերի խորքային տարբերությունը:
Ազատականացման գեոտնտեսական ռիսկերը Հայաստանի համար էլեկտրաէներգիայի արտահանման շուկայի ազատականացման ոլորտում առկա խնդիրների մեծ մասն ունեն ենթակառուցվածքային բնույթ: Այսպես, Վրաստանից էլեկտրաէներգիա ներկրելիս՝ Հայաստանը պետք է անջատի մատակարարումը սեփական «կղզյակում», որը գտնվում է Տավուշի ու Լոռու մարզերում, քանի որ կողմերն այսօր հնարավորություն չունեն աշխատել ու սինխրոն ռեժիմով: Այդ ռեժիմը կարող է կյանքի կոչվել 2023-2024թթ., երբ ավարտին կհասցվեն Իրան-Հայաստան ու Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օդային էլեկտրահաղորդման գծերը («Հյուսիս-Հարավ» միջազգային էլեկտրաէներգետիկ միջանցքի կառուցման ծրագրի շրջանակներում):
Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումն իր մեջ բազմաթիվ ռիսկեր ու վտանգներ է պարունակում: Բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է խոշոր արտադրողների մուտքը շուկա, ինչպես նաեւ ավելի էժան էլեկտրաէներգիայի ներկրման մեխանիզմների մշակում: Վտանգը կայանում է նրանում, որ էլեկտրաէներգետիկ հզորությունների ավելցուկ ունենալով հանդերձ՝ Հայաստանը գնալով ստիպված է կրճատել արտահանման ծավալները՝ ավելացնելով ներկրվող էլեկտրաէներգիայի կշիռը ներքին շուկայում:
Մասնավորապես, Հայաստանում Վրաստանից ներկրվող էլեկտրաէներգիայի կշռի ավելացումը կարող է պայմանավորված լինել վերջինիս ավելի ցածր ինքնարժեքով՝ պայմանավորված հիդրոգեներացիայով: Արդիականացման նպատակով Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կանգնեցումը 141 օրով, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործման դադարեցումը, ինչպես նաեւ Արցախյան պատերազմի հետեւանքով շուրջ 30 ՀԷԿ-երի կորուստը հանգեցրել է երկրում էլեկտրաէներգիայի որոշակի պակասորդի ձեւավորմանը, որը լրացվում է Վրաստանից ներկրման ճանապարհով (2021 թ. փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում դա թույլ է տվել մոտ 2,6 մլրդ դրամի չափով նվազեցնել սակագնային բեռը): Արդյունքում, սակայն, մենք տեսնում ենք, որ Վրաստանի հետ իրականացվող էլեկտրաէներգետիկ առեւտրում Հայաստանում ձեւավորվել է բացասական սալդո:
Այս միտումը հակասում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման բազային մոդելին՝ խարսխված արտահանման զարգացման սկզբունքի վրա: Հետեւաբար, Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման հարցերը պետք է դիտարկել ոչ միայն կոմերցիոն, այլ նաեւ գեոտնտեսական տիրույթում:
Այսպիսով, 2017 թ. մեկնարկած՝ Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման գործընթացը թեեւ ուղղված է սակագների մեղմացմանը բնակչության ու բիզնեսի համար, սակայն միաժամանակ կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Հայաստանի էներգետիկ անվտանգության համար, որի մարտահրավերներից է տարածաշրջանային շուկայում դիրքավորումը:
«Առավոտ» օրաթերթ
24.07.2021