Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնտոն-մակուտները՝ բռնապետի զորքը

Հուլիս 25,2021 22:00

Զարմանքով կարդացի Երեւանում մեքենաների համատարած «շմոնի՚» մասին լուրերը: Ես հիմա արձակուրդում եմ, եւ ես ու իմ մեքենան այս կասկածելի հաճույքից զերծ ենք մնացել:

Մեկուկես օր տանջվելուց հետո հասկացա, թե այդ լուրերը ինձ ինչ-որ բան են հիշեցրել. նմանատիպ դրվագ կա Գրեմ Գրինի «Կոմեդիանտները» վեպում՝ Հայիթիում Հայր Դոկի՝ Ֆրանսուա Դյուվալլեի ղեկավարման տարիներին տեղի ունեցածի մասին: Հրաշալի մի պատմություն՝ ստի եւ անելանելիության, պարտադրված դերերի մասին:

Ֆրանսուա Դյուվալյեն 1957 թվականին իշխանության եկավ Հայիթիում՝ մի երկրում, որն առաջացել էր սեւամորթ ստրուկների բարեհաջող ապստամբության արդյունքում: (18-րդ դարի Հայիթյան ապստամբության դրվագներից մեկը չափազանց ճանաչողական է՝ ապստամբության առաջնորդը, համատեղության կարգով՝ վուդու պաշտամունքի քուրմ, մերժեց սպիտակների Աստծուն եւ հիմնադրեց սեւերի աստվածների տիրապետությունը՝ վուդու կրոնը):

Դյուվալյեի իշխանության գալու հանգամանքները մութ են՝ ոչ այն է ռազմական հեղաշրջում էր, ոչ այն է՝ զինվորականների օժանդակությամբ կայացած անայլընտրանք ընտրություններ: Ինչեւէ, Պապա Դոկը հասավ իշխանության եւ իրականություն դարձրեց իր բոլոր նվիրական երազանքները: Սկզբի համար նա վուդուն հռչակեց պետական կրոն: Ինքն իրեն սկսեց ասոցացնել վուդուի գլխավոր աստվածներից մեկի՝ Բարոն Շաբաթի հետ: Սկսեց հետապնդել մուլատներին՝ Հայիթիի տարածքում կրթված փոքրամասնության ներկայացուցիչներին: Ընդհարվեց բանակի հետ՝ մի քանի սպաների անհաջող դավադրությունը խարխլեց վստահությունը ողջ զինվորական վերնախավի հանդեպ, որն էլ հենց նրան բերել էր իշխանության: Եվ, գիտեակցելով, որ չի կարող հենվել երկրում գործող ոչ մի ինստիտուտի վրա, նա ստեղծեց նոր, բարեփոխված ոստիկանություն՝ Ազգային անվտանգության կամավոր միլիցիա: Այդ ինքնակամ միլիցիոներները, օրինակ վերցնելով Պապա Դոկից, նույնպես սկսեցին օգտագործել վուդուն՝ իրենց ասոցացնելով վերակենդանացած մեռյալների, ասենք այսպես՝ զոմբիների հետ: Նրանց սկսեցին կոչել «տոնտոն-մակուտներ»՝ վուդուական ծիսակարգերում Տոնտոն Մակուտը՝ Մեշոկ պապին, գողանում եւ ուտում է չլսող երեխաներին (ազնիվ խոսք, ես ոչինչ չեմ հորինում, նրանք ովքեր կասկածում են վուդույի մեջ մեր Մեշոկ պապու գոյությանը, առաջարկում եմ կարդալ Վիկիպեդիա կամ ավելի հեղինակավոր աղբյուրներ): Տոնտոն մակուտների գազանությունների ցանկն անվերջ է՝ սկսած նրանից, որ արգելում էին թաղել հանուն պետության իրենց զոհերի մարմինները, եւ այդ դիակները նեխում էին փողոցներում շաբաթներով, վերջացրած՝ վաճառքի համար արյուն հանձնելու հարկադրանքով:

Բայց ամենակարեւորը՝ տոնտոն-մակուտները դարձան Պապա Դոկի սեփական գվարդիան: Այն ուժը, որով նա սպանում էր քաղաքական հակառակորդներին, հիմնում եւ ամրապնդում էր սեփական անձի պաշտամունքը, սերմանում էր վախի մթնոլորտը: Կորցնելով վստահությունը բոլորի հանդեպ՝ Պապա Դոկը ստեղծեց սեփական բանակը՝ միմիայն իրեն հավատարիմ մարդկանցից:
«Կոմեդիանտները» անելանելիության մասին վեպ է: Ստեղծագործություն, որում հավաքվել են բուսակերները, արկածախնդիրները, հեղափոխականները՝ ինչպես իշխանության եկած եւ գազանություններ անող, այնպես էլ՝ դրանց հետ պայքարողները: Համարվում է, որ վեպի գլխավոր հերոսը (կամ հակահերոսը՝ նայած ճաշակի) մայոր Ջոնսն է: Բայց ահա ինձ համար գլխավոր հերոսը Պապա Դոկն է, որը չկա գործող անձանց ցանկում, բայց որը անտեսանելիորեն առկա է յուրաքանչյուր տողի տակ:

«Կոմեդիանտները», ի դեպ, շատ հաջող էկրանավորում ունի, 1967 թվականի համանուն ֆիլմում նկարահանվել են Էլիզաբեթ Թեյլորը, Ռիչարդ Բարթընը, Ալեք Գինեսսը, Պիտեր Ուստինովը՝ այն ժամանակների համաշխարհային կինեմատոգրաֆի աստղային ցանկ: Եթե ձեզ դուր է գալիս հին բարի կինոն՝ առանց հատուկ էֆեկտների, ապա ձեզ սպասում է գրեթե երկուսուկես ժամյա վայելք: Ռուսական թարգմանության մեջ մի քանի դրվագներ բացակայում են, ավելի լավ է նայեք անգլերեն տարբերակով:
Եվ, այո, բոլոր զուգադիպությունները պատահական են: Դե, կամ՝ ոչ այնքան:

Ս.Յ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031