Սպարտակ Մարգարյանը 50 օր էր զորակոչվել ՀՀ զինված ուժեր, երբ Հադրութում զոհվեց 2020 թվականի սեպտեմբերին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում:
Հուլիսի 25-ին՝ Դավթաշեն 1-ին թաղամասի 26 շենքի բակում տեղի ունեցավ զոհված ժամկետային զինծառայող Սպարտակ Մարգարյանի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությունը։
Արարողությանը մասնակցում էին նրա հարազատները, բարեկամներ, ընկերներ: Խաչքարի բացումը կատարվել է հարազատների և Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարության ջանքերով:
Սպարտակը տան միակ որդին էր, ունի մեկ քույր: Aravot.am-ի հետ զրույցում Սպարտակ Մարգարյանի մորաքրոջ դուստր Լիլիթ Միրզոյանն ասաց՝ եղբայրը շատ համեստ էր, հանգիստ ու զուսպ: Նա պատմեց. «Եղբայրս ծառայում էր Ասկերանի զորամասում, մենք մինչև վերջ էլ չենք իմացել, որ նրան տարել են Ջեբրայիլ, հետո Հադրութ: Եղբայրս այնքան համարձակ է եղել: Պատերազմի օրերին, երբ գրեթե ամեն օր, երկու օրը մեկ անգամ զանգում էր, այնքան լավ էր բոլորի հետ խոսում, որ չենք էլ մտածել՝ իրեն վտանգ է սպառնում: Միշտ ասում էր՝ մեզ կերակուր են բերում, մենք ոչ մի խնդիր չունենք: Ասում էին՝ շենքերն այնտեղ մեծ նկուղներ ունեն, իրենց տարել են այնտեղ, մինչդեռ ինքն այդ ժամանակ պատերազմի դաշտում է եղել»:
Սպարտակ Մարգարյանը վերջին անգամ տատիկի հետ է խոսել: Լիլիթն այդ դրվագը մեզ հետ զրույցում պատմեց. «Վերջին անգամ Սպարտակը երբ զանգել է, ասել է՝ շատ ուշ եմ ձեզ զանգելու, հանկարծ չանհանգստանաք: Անմիջապես այդ պահից սկսած իր ձայնն անջատվել է: Ու դա եղել է նրա վերջին զանգը»:
Սպարտակի մորաքրոջ դուստրը պատմեց՝ տասն օր զանգ չեն ստացել եղբորից ու արդեն սկսել են փնտրել: Սկզբում մտածել են՝ գուցե գերի է ընկել, հետո արդեն հուսահատ սկսել են դիակը փնտրել: Լիլիթը մանրամասնեց. «Հայրս, եղբայրս անգամ հասել են Արցախ, եղբորս դիակը փնտրել ենք երկու-երկուսուկես ամիս: Նա զոհվել էր հոկտեմբերին: Բոլոր հիվանդանոցները հատ առ հատ նայել ենք Հայաստանում և Արցախում»:
Սպարտակ Մարգարյանը Պոլիտեխնիկի ուսանող էր, սիրում էր սովորել, ուզում էր ծառայությունից վերադառնալով իր բիզնեսը ստեղծել: Սակայն, ավաղ, պատերազմը կիսատ թողեց ինչպես Սպարտակի, այնպես էլ հազարավոր հայ երիտասարդների նպատակների իրականացումը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ