«Մինսկի խմբի համանախագահներից, օրինակ՝ պատերազմի ժամանակ, մենք օգնություն ստացե՞լ ենք՝ չնայած իրենք էլ են տեղյակ եղել, որ ահաբեկիչներն Ադրբեջանում են և կռվում են մեր դեմ: Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ պատժամիջոցնե՞ր են կիրառվել»,-Aravot.am-ի հարցին՝ հիմա է՞լ է այն կարծիքին, որ «Ադրբեջանի հետ պետք է խոսել ոչ այն պայմաններում, որոնք առաջ են տանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները , պետք է ուղիղ շփումների դուրս գալ Ադրբեջանի հետ ու մոդերատոր թողնել միայն ՌԴ-ին, ինչպես ժամանակին էր հայտարարել, ադրբեջանական մամուլն էր տարածել էր, այսպես արձագանքեց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նախկին խորհրդական, Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք անվտանգության գծով նախագահի օգնական, հատուկ օպերացիայի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը:
Որպես փաստարկ նա վկայակոչեց Երասխում տեղի ունեցողն ու համանախագահների արձագանքը. «Հիմա ամբողջ օրը կրակում են Երասխի վրա, Արցախում՝ ինչ է կատարվում: Սակայն բացի այն, որ ասում են՝ ճանապարհները բացեք, ուրիշ ոչինչ նրանցից չենք լսում»: Մեր հակադարձմանը՝ Մինսկի խո՞ւմբն է ասում բացեք ճանապարհները, թե՞ Ռուսաստանն է ավելի շահագրգռված Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միասին, Վլադիմիր Պողոսյանն այսպես արձագանքեց. «Ռուսաստանն էլ է ասում՝ ճանապարհները պիտի բացեք, մեկ օր առաջ Ֆրանսիայի դեսպանն էլ է ասել: Այսինքն ո՞ւմ տարածքները պիտի բացենք: Ադրբեջանը ճանապարհ ունի մինչև Թուրքիա Իրանի միջոցով, նույն ճանապարհն ունեն Վրաստանի միջոցով: Ադրբեջանն իր այդ տարածքով աշխատում է և′ Թուրքիայի, և′ Վրաստանի հետ Իրանի միջոցով: Մենք ո՞ւմ ենք խանգարում, ինչո՞ւ են մեզ ստիպում, որ ճանապարհ բացենք Ադրբեջանից մինչև Թուրքիա: Մենք ի՞նչ ապրանք պիտի ուղարկենք Թուրքիա կամ Ադրբեջան, ի՞նչ շահ ունենք բացի նրանից, որ Թուրքիան ու Ադրբեջանն են ուժեղանալու: Եթե սկսեն մեր տարածքն օգտագործել, մեկ ամսվա մեջ մեր գյուղատնտեսական բիզնեսը ոչնչանալու է»:
Մեր հիշեցմանը՝ ԵԱՀԿ-ն ի՞նչ անի, եթե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է կոմունիկացիաների բացման բանավոր պայմանավորվածություն ձեռք բերել, կառավարության նիստում էլ հայտարարել է, թե պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը, Վլադիմիր Պողոսյանը պատասխանեց. «Եթե Եվրոպան նույնիսկ ասում է ճանապարհները պիտի բացեք, Փաշինյանն ասում է՝ ճանապարհ ուզում եմ բացել, Ալիևն էլ ասում է՝ սուտ ես ասում: Ալիևն ասում է՝ չբացեք, ուժով կբացեմ: Ինքը ոչ թե միջանցք է վերցնելու, այլ այնքան, ինչքան իրեն պետք է: Իսկ ինչ Փաշինյանն է ասում, դա չի նշանակում, որ մեկ մարդ որոշում է, և դա կապված է մեր պետական շահերի հետ»:
Մեր փաստմանը՝ Փաշինյանը երկրի առաջին դեմքն է և վերջնական որոշումն ի պաշտոնե նրանն է, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «1933-ին Հիտլերը որոշում չի՞ կայացրել, որ հետո ողջ աշխարհն ու Գերմանիան արյուն է խմել: Այսինքն՝ մեկ մարդուց պիտի կախված լինե՞նք: Ինստիտուտներ, վերլուծական կենտրոններ պիտի աշխատեն, դիվանագետներ: Ինչու՞ ԱԳՆ-ն հրաժարական տվեց, որովհետև համաձայն չեն. նրանք լուրջ մասնագետներ են: Մեկ անձ իր թիմով, որ պայմանավորվել է Ալիևի հետ, չի կարող մեր ճակատագիրը որոշել: Ապագայի մասին պիտի մտածել»:
Կարդացեք նաև
Վլադիմիր Պողոսյանին հիշեցրինք իր այն հայտարարությունը, որ չնայած Թուրքիա-Ադրբեջան եղբայրությանը, թուրք գործարարները մեծ սիրով գործ կունենային հայերի հետ: Նա հիմա էլ նշեց՝ մեզ միջնորդել պետք չէ ու հիշեցրեց՝ «մենք մի քանի հարյուր տարվա փորձ ունենք դրանց հետ ապրելու»: Այնուհետև հարցրեց՝ եթե միջնորդել են ուզում, ապա ինչո՞ւ են մեզ ստիպում են: Ու ասաց. «Ո՞նց հասկանանք Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե կոմպրոմիս գտեք: Այսինքն՝ մենք Երասխում ի՞նչ կոմպրոմիս պիտի գտնենք, եթե մեր ինքնիշխան տարածքներն են: Ու ոչ մեկը նրան պատասխան չի տվել, թե ինչ կոմպրոմիսների մասին կարող ենք խոսել»:
Մեր հիշեցմանը՝ ՀՀ-ն իր ինքնիշխան տարածքները չի պաշտպանում նաև Սյունիքում, երբ առանց մեկ կրակոցի ադրբեջանական զորքերը առաջացան Սև լճի տարածքում: Վլադիմիր Պողոսյանն ի պատասխան ասաց՝ եթե սպան հրաման է ստանում չկրակելու, ի՞նչ պիտի անի: Ու այս առիթով հավելեց. «Չգիտեմ՝ ի՞նչ օգուտ են անձամբ ստանում, որ նման հրամաններ են տալիս»:
Վլադիմիր Պողոսյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է ինտենսիվ աշխատի Չինաստան և Իրանի հետ. «Սա է մեր ապագան, ոչ թե Ադրբեջանից մինչև Թուրքիա ճանապարհի բացումը:»:
Ըստ նրա՝ թեև Վրաստանը պատերազմի ժամանակ իրեն լավ չպահեց, բայց հիմա մենք կարող ենք խոսել Վրաստանի հետ ու զգուշացնել. «Մենք Վրաստանին կարող ենք ասել, եթե մենք ճանապարհներ ենք բացում, իրենց Բաթումիի և Փոթիի նավահանգիստները ոչ մեկին պետք չեն լինելու: Ադրբեջանից մեր միջոցով ապրանքը մտնելու է Թուրքիա, մենք մեր ձեռքերով թուլացնելու ենք Վրաստանին: Այսինքն՝ ճանապարհ բացելով և′ մենք շահ չունենք, և′ վրացիներն են տուժելու»:
Մեր հարցին՝ Դուք այս խորհուրդները ներկայիս իշխանությանը փոխանցե՞լ եք, Ձեզ լսո՞ւմ են, Վլադիմիր Պողոսյանը պատասխանեց. «Նույնիսկ վարչապետը շատ լավ գիտի՝ ինչ ասում եմ, լինում է, այլ հարց է՝ ինքն ինձ ընդունում է, թե՝ ոչ: Մինչև պատերազմ իմ ասածներն ապացուցվեցին, որ լինում են: Իբր չեն լսում, բայց շատ լավ լսում ու պատկերացնում են: Ցավոք, մի համակարգ է ստեղծված, որ մարդկանց այստեղից վերցնում, այնտեղ են դնում. մեծ մասամբ անմակարդակ: Ռազմավարական միտք ունեցող չկա, որ հետը նստես, լուրջ խոսես: ՀՀ-ում շատ լուրջ մասնագետներ կան, որոնք այս պահին համակարգից դուրս են: Դրա համար էլ տուժվելու ենք: Սեպտեմբերի պատերազմը դեռ սկիզբն է»:
Վլադիմիր Պողոսյանն ասաց՝ իրենց աղբյուրներն արդեն տեղեկություններ փոխանցել են հակառակորդի պլանների մասին. «Բացառիկ բան եմ ասելու. մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Եվրոպայում թուրքական խմբավորումները՝ Թալեաթ փաշա, Ադանա կազմակերպությունները, արմատականները, հրաման են ստացել մինչև սեպտեմբեր ակտիվանալ և զբաղվել մեր դեմ տեղեկատվական դաշտում աշխատելով: Նույնն անում էին մինչև սեպտեմբերին սկսված պատերազմը: Այդ տեղեկությունները համապատասխանում են հակառակորդի այն պլանների հետ, որ մենք ստացել են: Վտանգավոր գործընթացներ են: Այնպես չէ, որ մենք ասում ենք ՝խաղաղության ճանապարհով գնանք, սա տանք, նա տանք: Բայց ինչքա՞ն պիտի տանք»: Ըստ Վլադիմիր Պողոսյանի՝ հաճախ հատուկ է ասվում, թե մեր բանակը թույլ է, որ հետո ասեն, ինչպե՞ս չհամաձայնվենք, եթե մեզ ստիպում են: Ըստ նրա՝ այս իրավիճակում, երբ ամեն օր կրակոցներ են, զոհ, վիրավորներ ունենք, պետք է զորավարժություն անցկացնեն, մոբիլիզացնեն մարդկանց, նրանց պատրաստեն, գյուղերում զենք բաժանեն, որ մարդիկ պատրաստ լինեն ինքնապաշտպանությանը, մինչդեռ ոչինչ չի արվում:
Վլադիմիր Պողոսյանի կարծիքով՝ ցանկացած պահի կարող են սկսվել լայնամասշտաբ գործողություններ: Ու փոխանակ արագ տեմպերով պետությունը կազմավորվի, ձևավորվի կառավարություն, ԱԺ նիստը օգոստոսի 2-ին են նշանակում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳՇ պետի խորհրդականի այս հոդվածը կարդալով հասկանում ես պատերազմի պարտության պատճառներից մեկը: Եվ այս ոչ վաղ անցյալի զինվորականը չի պատկերացնում իր մտքերի անճարակությունը ու անընդունելիությունը: Դեռ կադրերի սխալ ընտրությունից է խոսում, հետաքրքիր է իր մասով գտնում է՞ որ ինքը արժանի է եղել լինելու ԳՇ պետի խորհրդական: Հոդվածը ԳՇ պետի խորհրդականին ոչ վայել է:
Armen անունով հանդես եկող օգտատեր, դադարեցրու ադրբեջանանպաստ մեկնաբանություններդ, Վլադիմիր Պողոսյանը գրում է, որ դեմ է Մեղրիի միջանցքին, նաև գրում է, որ մեր սահմաններին անընդհատ կրակոցներ են և նա առաջարկում է զորավաժություններ կազմակեպել, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զինել։ Ռազմական գործի մասնագետի
Ռազմական գործի մասնագետի մտքերը համարում ես անճարակ և անընդունելի, իսկ ինչ ես առաջարկում դու, ամենագետդ, ադրբեջանցիների հետ քիրվայություն?։ Միգուցե չագուչդ վերցնես և գնաս սահման ու համոզվես, որ երկրի ներսում չագուչ օգտագործողներդ և չագուչ օգտագործողներին ծափահարողներդ երկրի պաշտպանության հարցերում անընդունակ եք ու վախկոտ։ Մինչդեռ, քո նմանները մեր երկրի իսկական պաշտպաններին ձերբակալելուց անսահման ուրախանում եք, ուրախանում եք մեր թշնամուց ոչ պակաս։