Լրահոս
Օրվա լրահոսը

Օստեոարթրիտ․ ախտանշանները, բուժման ավանդական և այլընտրանքային մեթոդները

Հուլիս 25,2021 23:00

Արթրիտն ընդհանուր եզրույթ է, որը բնորոշվում է որպես «հոդերի բորբոքում»՝ հոդաբորբ։ Արթրիտի տարածված ձևերից մեկը օստեոարթրոզը կամ օստեոարթրիտն է (ոսկրահոդախտ կամ ոսկրահոդաբորբ), որն առաջանում է հոդաճառի և ենթաճառային ոսկրի քայքայումից։

Մեկ այլ տեսակ է ռևմատոիդ արթրիտը, որը հոդերի բորբոքում է առաջացնում՝ իմունային համակարգի խախտումների հետևանքով։ Սակայն սույն հոդվածով Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում մենք մասնավորապես կանդրադառնանք օստեոարթրիտին։

Oստեոարթրիտի ռիսկի գործոններն ու ախտանշանները

Օստեոարթրիտը, որը նաև անվանում են հոդերի դեգեներատիվ հիվանդություն, ոչ միայն նվազեցնում է հոդերի էլաստիկությունն ու զուսպահեղուկը, այլև թուլացնում մկաններն ու կապանները։ Աճառային փոփոխություններ կարող են տեղի ունենալ բոլոր հոդերում, բայց ավելի հաճախ են հանդիպում ծնկներում, ձեռքերում, պարանոցում և մեջքի ստորին հատվածում:

Oստեոարթրիտի զարգացման ռիսկի ամենակարևոր գործոնը տարիքն է, սակայն հիվանդությունը կարող է առաջանալ նաև ճարպակալման, վնասվածքների, նյութափոխանակության խանգարումների, գենետիկ առանձնահատկությունների պատճառով։

60-ից բարձր մարդկանց մեծամասնության մոտ առկա է այս կամ այն մակարդակի օստեոարթրիտ։
Սակայն անգամ 20-30 տարեկան մարդկանց շրջանում է հանդիպում այդ հիվանդությունը։ Օստեոարթրոզով ավելի հաճախ հիվանդանում են կանայք։

Օստեոարթրիտի ախտանշանները սովորաբար աստիճանաբար են զարգանում և ներառում են․

  • Ցավ հոդերում՝ հատկապես շարժվելիս։
  • Ցավի զգացողության առաջացում ծանրաբեռնվելուց կամ երկարատև հանգիստ վիճակում մնալուց հետո։
  • Միջմատոսկրային հոդերի փոփոխություններ, որոնք կարող են ցավոտ լինել կամ չլինել։
  • Հոդերի այտուցների առաջացում և այլն։

Արթրիտի բուժման ավանդական մեթոդները ներառում են հոդերի պաշտպանությունը զարգացող դեգեներացիայից, հոդերի շարժունակության բարձրացումը, ցավի վերահսկումը և հոդերի շարժունակության բարելավումը, որպեսզի մարդը վերադառնա նորմալ կենսակերպին։

Ավանդական դեղորայքային բուժումը կարող է ներառել ինչպես հասարակ ցավազրկողներ, այնպես էլ ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ, որոնց երկարատև կիրառումը կարող է առաջացնել բավականին լուրջ կողմնակի ազդեցություններ և այդպիսի դեղամիջոցներ ընդունող պացիենտները պետք է պարբերաբար գտնվեն բժշկի վերահսկողության ներքո։

Եթե դեղորայքային բուժումն արդյունավետ չէ, կամ ուշացած է, հնարավոր են վիրահատական միջամտությունները։

Կենսակերպի ինչպիսի փոփոխություններ են խորհուրդ տրվում արթրիտի դեպքում

Հակաբորբոքային դիետա

Վարժություններ

Հետազոտությունները, որոնք անցկացվել են թեթև և միջին ծանրության օստեոարթրիտ ունեցող մարդկանց շրջանում, ցույց են տալիս, որ կանոնավոր վարժությունները նվազեցնում են ցավը, թեթևացնում անհարմարության զգացումն ու հեշտացնում քայլելը։
Սա հատկապես վերաբերում է ծնկահոդի արթրիտ ունեցող մարդկանց, որոնք մարզվելիս կարող են ձեռնափայտ կամ մարզվելու հատուկ հարմարանքներ օգտագործել՝ քաշը հավասարաչափ բաշխելու և ավելի լավ արդյունք ստանալու համար։
Ֆիզիկական չափավոր ակտիվության պահպանումն արթրիտի դեպքում կարևոր է, սակայն պետք է բացառել այն վարժությունները կամ գործողությունները, որոնք կարող են վնասել հոդերը, օրինակ՝ վազքը կամ ծանր իրեր տեղափոխելը։

Քաշի նվազեցում

Քաշի նվազեցումը կարևոր է ինչպես արթրիտի կանխարգելման, այնպես էլ հիվանդության ախտանշանների նվազեցման և դրանց զարգացումը կանխելու համար։ Նիհարելու շնորհիվ թեթևանում է ծանրաբեռնվածությունը հոդերի վրա։
Հետազոտություններից մեկը ցույց է տվել՝ քաշի 10 տոկոս նվազեցումը 28 տոկոսով բարելավում է հոդերի գործառույթը՝ թեթևացնելով հիվանդության ընթացքը։

Դիետա

Խորհուրդ է տրվում հակաբորբոքային դիետա պահել, որը հնարավորինս զերծ է հագեցած ճարպերից, կաթնամթերքից ու տապակած սննդից, կարող է նպաստել հոդերում բորբոքային գործընթացների նվազեցմանը։
Փոխարենը օգտակար կարող է լինել վիտամին D-ով, կալցիումով, օմեգա-3 ճարպաթթուներով, կանաչ բանջարեղենի տեսակներով հարուստ  սննդի օգտագործումը։

Որո՞նք են արթրիտի բուժման այլընտրանքային մեթոդները

Ասեղնաբուժություն

Մի շարք հետազոտություններ են անցկացվել օստեոարթիտի դեպքում ասեղնաբուժության արդյունավետության վերաբերյալ, որոնցից մեկի արդյունքներով ասեղնաբուժությունը 8 շաբաթում նշանակալիորեն բարելավում է հոդերի գործառույթը, 26 շաբաթվա ընթացքում՝ ցավը։

Օստեոպատիա

Հետազոտությունները ցույց են տվել, որ օստեոպատիան՝ բուժման ավանդական մեթոդների համադրությամբ բավականին արդյունավետ է հոդերի դեգեներատիվ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։

Ֆիզիոթերապիա

Ֆիզիոթերապիան ներառում է վարժություններ, ֆիզիկական միջոցառումներ և բեկակալներ (ֆիքսատորներ, օրթեզներ)։ Օրինակ՝ սառը մերսումը բարելավում է ծնկան հոդի գործառույթները, իսկ սառը թրջոցներն օգնում են նվազեցնել այտուցը։

Բնական սննդանյութեր ու հավելումներ

Կան բնական ծագում ունեցող սննդանյութեր ու հավելումներ, որոնք հակաբորբոքային ազդեցությամբ են օժտված և նույնպես կարող են օգտակար լինել արթրիտի բուժման ժամանակ, սակայն դրանք կիրառելուց առաջ ևս բուժող բժշկի հետ խորհրդակցելը պարտադիր է։

Գլյուկոզամին և խոնդրոիտին – այս նյութերը պարունակվում են մարդու աճառներում։ Մի քանի եվրոպական հետազոտություններ ցույց են տվել, որ գլյուկոզամին, խոնդրոիտին սուլֆատ պարունակող միջոցները կարող են նույնքան արդյունավետ լինել, որքան ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցները, բայց դրանք սկսում են ազդել ավելի ուշ (3-6 ամսից)։ Բացի այդ, աճառապաշտպան միջոցների կիրառումը թույլ է տալիս նվազեցնել դեղորայքի ընդունման քանակները։

Կուրկումին – հակաբորբոքային ակտիվ սննդանյութ է, որը պարունակվում է քրքումի բաղադրությունում: Անցկացված հետազոտություններից մեկի արդյունքներով կուրկումինը ցավի, այտուցի նվազեցման ու շարժունակության բարելավման հարցում նույնքան արդյունավետ է եղել, որքան հակաբորբոքային հզոր միջոցները։ Տեսականորեն կուրկումինը չարժե օգտագործել արյունը ջրիկացնող միջոցների հետ, սակայն այս թեմայով ռիսկի գնահատման կլինիկական փորձարկումներ չեն իրականացվել։

Բրոմելայն-այս նյութը, որը ստացվում է բրոմելազգիներից (ինչպիսին արքայախնձորն է), հակաբորբոքային ուժեղ ազդեցություն ունի, որի արդյունավետությունը ռևմատոիդ արթրիտի ու օստեոարթրիտի դեպքում ցավի ու բորբոքման նվազեցման առումով ապացուցված է։ Սակայն բրոմելայնը չարժե օգտագործել արյունը ջրիկացնող դեղամիջոցների հետ։

Մեթիլսուլֆոնիլմեթանի մետաբոլիտը պարունակվում է մարդու օրգանիզմում, ինչպես նաև կանաչ բանջարեղենի, սոխի, սխտորի, հատիկավորների, ծովակաղամբի կազմում։ Այն ծծմբի կարևոր աղբյուր է, որն անհրաժեշտ է աճառների սինթեզի համար։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

ԱՂԲՅՈՒՐ

Գլխավոր լուսանկարը՝ Witthaya Prasongsin / Getty Images

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031