Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են քննարկել Փաշինյանն ու արտախորհրդարանական ուժերը. Լեւոն Շիրինյանը մանրամասներ է պատմում

Հուլիս 24,2021 22:40

Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստն էր: Նիստին մասնակցել են 10 քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Aravot.am-ը որոշ մանրամասներ ճշտեց այդ հանդիպումից:

Պարզվում է՝ առաջին նիստին քննարկվել է Հայաստանի արտաքին քաղաքականության, Արցախի, Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը:

Թե առաջին նիստից ինչ տպավորություն է եղել ու այս ձեւաչափն ինչքանով է արդյունավետ՝ մեզ հետ զրույցում Հայաստանի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն ասաց, որ սա շատ օգտակար է լինելու, որովհետեւ պաշտոնների բաժանում չկա ու զուտ քաղաքական տեսակետների փոխանակման հարց է. «Ռեսուրս օգտագործելու հնարավորություն եմ ես տեսնում: Այդ կուսակցություններից մի մասը հայտնի են, մի մասը՝ անհայտ, բայց նրանք բնականաբար տեսակետներ ունեն, մշակումներ ունեն: Ես եթե առաջին հանդիպումից էլ զգայի, որ արդյունավետ չի լինի՝ չէի գնա, որովհետեւ շահագրգռություն չկա գնալու: Հիմա ինչպես կստացվի՝ կախված է մարդկանց տրամադրվածությունից: Հավաքվածները կարծես թե բարյացակամ էին, ինչը քիչ է հանդիպում հայկական միջավայրում՝ այդպիսի մեծ թվով մարդկանց միջեւ: Առայժմ այդպիսի տպավորություն ունեմ, մի մասին չեմ ճանաչում դե»:

Շիրինյանն ասաց, որ վարչապետի համար իրենց հայտնած տեսակետների մեջ օգտակար շատ մտքեր են եղել. «Հիմա կուզեն՝ կանեն, չեն ուզի՝ չեն անի: Բայց այնտեղ կան բաներ, որ պարզ է՝ կարվեն: Համենայնդեպս, վարչապետը կիմանա, որ բացի խորհրդարանը, բացի միտինգները, որոնցից ես խուսափում եմ, կան տեսակետներ: Ճիշտ է, ժողովրդի այս սեգմենտը չանցավ, մյուսներն անցան, բայց վարչապետը կիմանա, թե այս սեգմենտն ինչ է մտածում, հարմոնիայի նման բան է առաջանում»:

Ճշտեցինք, այսինքն, իշխանություն է, կարող է կապը կորցնել ժողովրդի հետ, այս հանդիպումներով դա լրացնո՞ւմ է՝ Շիրինյանը պատասխանեց. «Բնական է, մանավանդ այս լարված իրավիճակում՝ թիկնազորեր, ճգնաժամ, այս գիշեր-ցերեկ տարբեր մայրաքաղաքներից ահռելի ճնշումների տակ է նա: Մեր ռեսուրսն էլ այնպես չի, որ Անգլիան ենք, հետեւապես, սա հնարավորություն է տալիս տեսակետներ ասել, պնդել»:

Դիտարկմանը, որ այս հանդիպումների սկզբից տեսակետներ էին հնչում, որ դա Նիկոլ Փաշինյանն անում է՝ միջազգային կառույցների համար, որ  ցույց տա, թե ինքը ժողովրդավարական մոտեցում ունի ու համագործակցության լայն շրջանակ՝ Շիրինյանը պատասխանեց. «Ի՞նչ կառույցի մասին է խոսքը: Այնտեղ բոլորը չէ, որ հայտնի են ժողովրդավարության նվիրումով, անուն չտամ, դուք տեսնում եք ինչով են հայտնի եղել, հետեւաբար, եթե Նիկոլ Փաշինյանի միտքը դա էր, ենթադրենք, ես չգիտեմ ինչ մեխանիզմ է, հրավիրել են արտախորհրդարանականներին՝ եկել եմ: Վատ է, որ ինտրիգան Հայաստանում դարձավ քաղաքական կյանքում դոմինանտ, որից ես խորշում եմ: Դա ինտրիգ է»:

Լեւոն Շիրինյանը վստահեցրեց, որ եթե Փաշինյանի հետ հանդիպումներն արդյունք չտան, պարզապես կդադարի մասնակցել դրանց. «Ես համոզված եմ, որ խորհուրդն աշխատելու է ու դրանից կարող է լինել միայն օգուտ: Գոնե հասարակական տարբեր սեգմենտներ կներկայացվեն: Դա ժողովրդավարության բացառիկ արժեք է: Տանը եթե 3 փոքր երեխա լացում էլ են, մայրիկը լսում է, որ նրանք դժգոհ են ինչ-որ բանից, չէ՞, ճիշտ է, փոքր են, բայց ձայն ունեն: Հիմա ի՞նչ վատ է, որ սա լինի: Սա ներդաշնակության նշան է ու մեր կուսակցության կոնցեպցիայի մաս է կազմում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031