Քիչ առաջ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Ջարդի ձոր կոչվող հատվածում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից տեղեկացրել էր Shamshyan.com-ը, Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Մեր տեղեկություններով, մեքենայում եղել են 7 հոգի։ Նրանցից երեքը մահացել են՝ հայրը իր 7 տարեկան որդու և 14 տարեկան աղջկա հետ։
Կարդացեք նաև
Մյուս 4 հոգուն տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Ինչպես տեղեկացրեցին Գյումրի բժշկական կենտրոնից, հիվանդանոց տեղափոխված երկու տղամարդկանցից մեկի՝ Վարդան Խալիկյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նրան հիվանդանոց են տեղափոխել անգիտակից վիճակում։ Նրա մոտ սրտի կանգ է նկատվել, բժիշկներն այս պահին պայքարում են նրա կյանքի համար։
Ի դեպ, մեքենան հաշվառված է նրա անունով։ Տղամարդկանցից մյուսին ամբուլատոր բուժօգնություն են ցուցաբերել, կարելի է ասել նա ծանր վթարից միակ չտուժած անձն է։
Հիվանդանոց տեղափոխված երկու կանայք էլ՝ բազմաթիվ կոտրվածքներով, ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման և վիրաբուժական բաժանմունքներում։
Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի՝ 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ