Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի կազմում գտնվող Կրասար գյուղը, որն ունի մոտ 540 բնակիչ, վեց զոհ է տվել արցախյան գոյամարտում՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիան հետ մղելիս։ Կրասարի մարտիրոսված հերոսների մեծ մասն աշխատում էին ԱԱԾ-ի սահմանապահ զորքերում, կային նաև զինծառայողներ։
Բարերարներ Գագիկ և Գառնիկ Պապիկյան եղբայրների ներդրմամբ գյուղի եկեղեցու մոտ տեղադրվեց խաչքար՝ ի հիշատակ Նարեկ Մխիթարյանի, Վոլոդյա Մխիթարյանի, Լյուդվիգ Գրիգորյանի, Մարգար Հովհաննիսյանի, Սեդրակ Հովհաննիսյանի, Մելիք Միլիքյանի։
Մարգարը զինծառայող էր, Մելիքն աշխատում էր ՊՆ-ի զորքերում, մյուսները՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում։
Նկատենք, որ 1875-1878 թվականներին հիմնադրված այս գյուղի բնակչության նախնիների մեծ մասը գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից, նրանց մոտ հայրենիքի նկատմամբ անձնուրաց սերը ժառանգական է։
Կարդացեք նաև
Խաչքարի օրհնման արարողության ժամանակ հոգևորականը նշեց՝ հավաքվել են մի բանի համար, որ երբևէ չէր ցանկանա, որ հավաքվեին, չէր ուզենա մասնակից դառնալ նման խաչքարի օրհնմանն ու օծմանը, սակայն ունենք այն, ինչ ունենք․ այն հերոսների քաջագործությունն անմահացնելու համար է։
«Միայն հայերեն խոսելը հայ լինել չէ, մենք պարզ իրականություն տեսանք, որ թշնամին էլ մեր նման հայերեն խոսեց, երբ մտավ մեր զավակների մեջ, մեր զավակների շարքերը։ Հավատն է, սիրելի՛ ժողովուրդ, որ մեզ տարբերում է մուսուլմանից, թուրքից և մեր հավատի համար դարեր շարունակ հայ ազգը պայքարել է, պատերազմներ տվել և զավակներ կորցրել, մարմնով՝ իհարկե»,-ասաց հոգևորականը։
Օրհնության արարողակարգին մասնակցում էր ողջ գյուղը, անմահ հերոսների ծնողները, հարազատները, ԱԱԾ-ի աշխատակազմը, ներկա էին բարերարները՝ Պապիկյան եղբայրները, նաև տարբեր հյուրեր, որոնք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ու ծաղիկներ խոնարհեցին հերոսացածների խաչքարի մոտ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ