Ընտրիր ամենադժվար ճանապարհը և դու մրցակիցներ չես ունենա։
Շառլ Դե Գոլ
2020թ․ նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ պարտությունից անմիջապես հետո ակտիվացան արցախյան հաղթանակը փուլ առ փուլ մսխելու գաղափարախոսները։ Տպավորությունն այնպիսին է, որ նրանք ոչ թե առնվազն ցավում են հայրենիքի կարևոր հատվածի կորստի համար, այլ չարախնդում․ «Բա որ ասում էինք։ Ա՛յ , տեսաք, որքան ճիշտ էր Լևոն Տեր-Պետրոսյանը, որ 1997թ․ առաջարկում էր արժանապատիվ խաղաղություն՝ զիջումների դիմաց։ Միևնույնն է մենք ի վիճակի չէինք պահել այդ տարածքները։ Ողջ միջազգային հանրության դեմ մենք չէինք կարող դիմադրել։ Ադրբեջանը տնտեսապես զարգանում էր, իսկ մենք հնարավորություն չունեինք նրանց հետ մրցելու, շրջափակման պայմաններում», և այլն, և այլն։ Ոմանք մեղադրում, բաց նամակներով են դիմում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, իբր «ոչմիթիզհողական» լինելու համար, ոմանք էլ՝ հակառակը, թե միևնույնն է բոլորն էլ ստիպված էին լինելու գնալ զիջումների։
Մի քանի առիթներ ունեցել եմ անդրադառնալու վերոնշյալ տեսակետներին, բայց քանի որ դրանք հետևողականորեն շարունակվում են և այս քարոզչությունը, իրականում արդարացնում պարտությունը և լուրջ հակադարձումներ չկան, որոշեցի ևս մեկ անգամ պատասխանել պարտության և Արցախի հանձնման կողմնակիցներին։
Կարդացեք նաև
«Խաղաղ» ճանապարհով պարտության գաղափարախոսներին փորձեմ հակադարձել հարցերով , դրանց հնարավոր պատասխաններով և առաջարկություններով․
1.1988թ․ սկսվեց արցախյան շարժումը, որի միակ նպատակն էր Արցախի և Հայաստանի վերամիավորումը։ Ձեզնից շատերը ականատես և մասնակից եք եղել 1988թ․ մեկնարկած արցախյան շարժմանը։ Ձեզնից ոմանք եղել են «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ, համակիրներ, հետագայում նույն «Ղարաբաղ» կոմիտեի հենքի վրա ստեղծված «Հայոց Համազգային Շարժման» անդամներ և համակիրներ։ Այդ նույն շարժման շնորհիվ դարձել եք պատգամավորներ, ստացել պետական պաշտոններ։
Ձեր կողմից պաշտելի Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հետագայում ՀՀՇ վարչության նախագահ։ Արցախյան շարժման ալիքի վրա նա դարձավ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ, հետագայում Հայաստանի նախագահ։
Ինչպե՞ս կբնութագրեք, այն քաղաքական գործչին, ով գալիս է իշխանության հետևյալ կարգախոսով «Քանի դեռ Ղարաբաղը չի միավորվել մայր Հայաստանի հետ․․․պայքար,պայքար մինչև վերջ» և հետո, իշխանության գալով, պատրաստակամություն հայտնում նույն Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Կարծում եմ այս պարագայում կարող է լինել երկու բացատրություն։ Առաջինը, որ մարդը իշխանության գալուց և իր կարծիքով իրական պատկերը ընկալելուց հետո հասկացել է, որ իր նախկին ցանկությունն անիրականալի է և փորձում է խաղալ «ռեալ պոլիտիկ»։ Չե՞ք կարծում,որ այս դեպքում քաղաքական և մարդկային բարոյականությունը պահանջում է տվյալ գործչից հրապարակայնորեն ընդունել իր սխալները, ներողություն խնդրել ժողովրդից, հրաժարական տալ և հեռանալ քաղաքականությունից։
Երկրորդ բացատրությունն առավել քան դաժան է։ Մարդը , առանց հավատալու Արցախի և Հայաստանի վերամիավորմանը, օգտագործելով արցախյան շարժումը գալիս է իշխանության և արդեն, նույն իշխանությունը պահելու համար փորձում ազատվել Արցախի բեռից (կարող եմ բազմաթիվ փաստեր բերել, սկսած 1992թ․ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցից) և վայելել իշխանությունը։ Ինչու բեռ, քանի որ Արցախի պաշտպանության համար պետք էր օր ու գիշեր տքնել, աշխատել։ Նույնը վերաբերում է ձեզ։ Եթե դուք դեմ էիք Արցախի ազատագրմանը, ինչո՞ւ մասնակցեցիք շարժմանը, դարձաք պատգամավորներ, ստացաք պաշտոններ։ Համարձակություն ունենայիք դեմ լինելու Արցախի ազատագրմանը, թե՞ դուք նույնպես այն օգտագործեցիք սեփական շահերի համար։ Ի դեպ, այսօր էլ դեռ ուշ չէ, խոստովանելու համար, որ սխալվել եք ժամանակին և պետք չէր սկսել արցախյան շարժումը, ներողություն խնդրեք և հեռացեք քաղաքական-հասարակական կյանքից։
2.Հայաստանի ոչ մի ղեկավար չի եղել «ոչմիթիզհողական»։ Եվ Ռոբերտ Քոչարյանը և, հատկապես Սերժ Սարգսյանը բանակցություններ են վարել, այսպես կոչված փոխզիջումների շուրջ։ Երբ տարիներ առաջ, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին լինելով պաշտպանության նախարար, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, ձեզնից շատերն ընդվզեցին։
2016թ․ արդեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարեց, որ պատրաստ է Ադրբեջանին զիջելու 7 շրջանները։ Արդեն վերջերս Սերժ Սարգսյանն ավելի անկեղծացավ, ասելով, որ թեկուզ իրեն դավաճան համարեին, ինքը պատրաստ էր հանձնելու առնվազն 5 շրջաններ, Արցախի անորոշ կարգավիճակի դիմաց։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նա նույնպես դեմ չի եղել փոխզիջումային տարբերակներին։ Բայց ուղղակի ծիծաղելի է, երբ նրա հետ են կապում, իբր Մեղրին հանձնելու տարբերակը։ Բերում են բանակցությունների ընթացքում ներկայացված տարբեր առաջարկություններ, որոնց մեջ, իհարկե եղել է նաև Մեղրին փոխանակելու տարբերակը։ Եվ ի՞նչ, եթե Ադրբեջանն առաջարկել է այդ տարբերակը, ուրեմն ի՞նչ․․․ Այս մարդիկ, չգիտես ինչու «մոռանում» են, որ նախկին լրագրող, այսօր իրենց պաշտելի վարչապետը 2001թ․, իր թերթում հրապարակել է իր հեղինակած «Մենք ու մեր շահերը» հոդվածը, ուր բաց տեքստով ասում է Մեղրին հանձնելու օգտակարության մասին։ Իսկ ինչ գիտեք, որ Ադրբեջանը չի առաջարկել նաև Սևանի կամ Երևանի փոխանակման տարբերակը նույնպես; Երկաթյա տրամաբանություն՝ եթե Ադրբեջանն առաջարկել է, ուստի ․․․ Ի դեպ, այսօր Ադրբեջանի նախագահը բացահայտ է ասում իր նկրտումների մասին Սևանի, Սյունիքի և Երևանի մասին։ Կարո՞ղ ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանն իր համաձայնությունն է տվել։ Այս դեպքում, առավել քան հավանական է։
Այսպիսով, հարգելիներս, չե՞ք կարծում, որ ձեր մեղադրանքները երկրորդ և երրորդ նախագահներին, որպես «ոչմիթիզհողականների» որևէ քննություն չեն բռնում, այլ հետապնդում են զուտ նեղ կուսակցական, անձնական շահեր։
3.Հայաստանում «ոչմիթիզհողականներ» էին իրենց համարում Ժիրայր Սեֆիլյանն ու ընկերները։ Բայց զարմանալիորեն նրանք 2008թ․ նախագահական ընտրություններին աջակցեցին Արցախը Ադրբեջանի կազմում տեսնող Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հետո նորից դարձան «ոչմիթիզհողականներ», ստեղծեցին «Սասնա Ծռեր» հերոսական խումբը, դեմ դուրս եկան իրենց ասելով «լավրովյան պլանին», գրավեցին ՊՊԾ գունդը, որի արդյունքում զոհվեցին երեք ոստիկաններ և իրենց ասելով ձախողեցին պլանը։ Նրանք հռչակում էին Կուր-Արաքսյան հանրապետություն։ 2018թ․ մասնակցելով ընտրություններին, «Սասնա Ծռերի» ցուցակում պատվավոր տեղ էր զբաղեցնում մի անձնավորություն, ով հայ-ադրբեջանական բանակցություններում, կողմ էր հայկական կողմի միակողմանի զիջումների։ Սակայն, 2020թ․ պատերազմի ընթացքում, պարտությունից հետո, ոչ մի քայլ, ոչ մի ապստամբություն։ Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ նրանք դեմ էին «լավրովյան պլանին», բայց կողմ՝ «չգիտեմինչ-թուրքական պլանին»։
4.2016թ․ քառօրյա պատերազմի արդյունքում, այսպես կոչված «գրավյալ տարածքներից» թշնամին տիրացավ շուրջ 400 հեկտար տարածքի։ Սերժ Սարգսյանն այդ տարածքն անվանեց «անպետք հողեր»։ Եվ այսօրվա զիջումների կողմնակիցներն ինչպիսի աղմուկ-աղաղակ բարձրացրեցին։ Նրանք ցույցեր, երթեր էին կազմակերպում, գոչում «հող հանձնողին, հանձնենք հողին»։ «Սասնա Ծռերին» աջակցում, ձերբակալվում էին՝ հայհոյելով զիջումների կողմնակիցներին։ Նրանց մեջ էր նաև այսօրվա պարտության պատասխանատուն։ Այսօր, երբ կորցրել ենք Արցախը, թշնամին Հայաստանի Հանրապետության տարածքում է, այդ նույն մարդիկ ոչ միայն չեն լռում, այլև կրծքով պաշտպանում պարտության պատասխանատուին։ Այսօր դուք ձեր «սկզբունքներն» եք հանձնել հողին։
Առայժմ այսքանը ձեր մասին։ Այժմ ներկայացնեմ իմ անձնական կարծիքը։
1988թ․ սկիզբ առած և 1994թ․ հաղթական հրադադարով չավարտված պատերազմը, մեր դարավոր պատմության մեջ երկրորդ մեծ հրաշքն էր։ Առաջինը, բնականաբար Սարդարապատն էր, որի շնորհիվ ստեղծվեց Հայաստան։ Մեր երկրորդ հրաշքը պետք է դառնար մեր պետության գաղափարախոսությունը և զարգացման, հզորացման գրավականը։ Անմիջապես պետք է Հայաստանը ճանաչեր Արցախի հանրապետությունը և նրա հետ ռազմաքաղաքական դաշինք կնքեր, դե ֆակտո դառնալով մեկ պետություն, ապագայում դե յուրե միավորվելու հեռանկարով։ Բայց ի՞նչ պահանջես հաղթանակին չհավատացող, բայց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ նախագահից։
Հետագայում Արցախի ճանաչման, առնվազն երեք առիթ է տվել Ադրբեջանը՝ Ռամիլ Սաֆարովի հերոսացման օրը, քառօրյա պատերազմը և վերջապես, անցյալ տարվա պատերազմի վերսկսումը։ Հայաստանում պետական և հասարակական մակարդակով պետք է լիներ հետևյալ կարգախոսը․ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և վերջ» (Սերժ Սարգսյանն այս արտահայտությունն արեց, բայց արդեն ոչ որպես նախագահ, մեծ ուշացումով)։ Այս քաղաքականության տրամաբանական շարունակությունը պետք լիներ քրեական պատասխանատվության ենթարկել, բոլոր նրանց, ովքեր խոսում էին Արցախի Ադրբեջանի մաս լինելու մասին։ Իսկ այդպիսիները բոլորին են հայտնի։ Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, բայց բավարարվեմ մեկով։
2000թ․ Մոսկվայում կայացած մի իրավապաշտպանական համաժողովի ժամանակ, Հայաստանի պատվիրակներից մեկն առաջարկություն արեց, որ համաժողովի անունից նամակ ուղղվի Եվրոպայի Խորհրդին, որ Հայաստանին մերժեն ԵԽ անդամակցությունը, քանի որ Հայաստանը ագրեսոր է և օկուպացրել է Ադրբեջանի 20%-ը։ Բարեբախտաբար, Հայաստանը ներկայացնող երկրորդ պատվիրակը խափանեց բանաձևի ընդունումը։ Իսկ ինչու էր, այսպես կոչված, նույն միջազգային հանրությունը, որը միատարր չէ, հայկական կողմին ստիպում գնալ զիջումների։ Շատ պարզ պատճառով՝ ստիպում են նրան, ով հայտարարում է իր կողմից զիջումների պատրաստակամության մասին։
Ի դեպ, զիջումների մասին։
Ցանկացած միակողմանի զիջում, թեկուզ այո՝ մի թիզ հող, ընկալվում է որպես թուլություն և հակառակ կողմը նորանոր պահանջներ է ներկայացնում։ Զիջող կողմն այլևս անընդունակ է դիմադրելու, և եթե փորձի, ապա պատերազմով կզիջի, քանի որ մեկ անգամ զիջելով արդեն հոգեբանորեն պարտված է։ Միակողմանի զիջում, նշանակում է՝ պատերազմ։ Տեր-պետրոսյանական մտավարժանքները, թե այ այսքանը զիջելով բացվում էին կոմունիկացիաները, հետո ․․․ և այլն, որևէ քննություն չի բռնում։ Ի՞նչ երաշխիք ունեիք, որ թեկուզ մի թիզ հող զիջելուց հետո, նոր զիջումների պահանջով, նորից չէին փակվի, թերևս չբացված կոմունիկացիաները։ Հա, միջազգային հանրությունը թույլ չէր տա։ Իսկապե՞ս, բավ է, օրինակներ չբերեմ, միայն Կիպրոսի օրինակը բավարար է։ Հիշենք նաև մեր հարևան, թշնամի Ադրբեջանի բոլոր ժամանակների ղեկավարների տարածքային նկրտումների մասին։ Դեռևս խորհրդային տարիներին, Ադրբեջանը մետր առ մետր, գյուղ առ գյուղ գրավում էր Հայաստանի տարածքները, նաև նպատակաուղղված փոխում Հայաստանի ժողովրդագրական պատկերը։ Հետագայում Աբուլֆազ Էլչիբեյը խոստանում էր ոտքերը լվանալ Սևանում, ռմբակոծում էր Կապանը։ Այնպես որ ոչ մեծահոգի Իլհամ Ալիևի հոխորտանքներից մի զարմացեք։ Նա շարունակում է ադրբեջանական վաղեմի երազանքի իրականացման ծրագիրը։ Բա՞, հարգելի «խաղաղասերներ»։
Արցախի ճանաչումը բոլորովին չէր նշանակի բանակցությունների ավարտ և պատերազմի վերսկսում, հատկապես 1994թ․։ Հակառակը՝ նույն միջազգային հանրությունը, Մինսկի խումբը վերջապես կհասկանար, թե որն է հայկական կողմի ցանկությունը և ավելի հարգանքով կվերաբերվեր մեզ։ Այ, այդ դեպքում կարելի էր խոսել փոխզիջումների մասին։ Ամեն դեպքում Արցախի ճանաչումից հետո պետք էր շարունակել բանակցությունները փոխզիջումների շուրջ։ Բայց ինչպիսի՞ փոխզիջումների։ Նախ, այլևս Արցախի կարգավիճակի հարցը հայկական կողմի համար բանակցությունների առարկա չէր լինում։ Տարածքային զիջումների քննարկումներին հայկական կողմը բարձրացնում էր դաշտային Արցախի՝ Գետաշենի, Մարտունաշենի և այլ գյուղերի հայաթափումն ու դրանց փոխարեն Արցախի մաս համարվում Քարվաճառն ու Քաշաթաղը։ Կհամաձայնե՞ր արդյոք Ադրբեջանը։ Իհարկե՝ ոչ։ Ինչպես չէր համաձայնի ցանկացած այլ տարբերակի, բացի և՛ Արցախը, և՛ մնացյալ տարածքները վերադարձնել և ճանաչել որպես Ադրբեջանի անքակտելի տարածք, հետագայում բարձրացնելով նաև առնվազն Սյունիքի հարցը։
Եվ այո, թող բանակցությունները տևեին տարիներ, եթե կուզեք դարեր։ Այդ տարիների ընթացքում Հայաստանն ու Արցախը, ողջ հայ ժողովուրդը ատամները սեղմած պետք է զարգացնեին տնտեսությունը, ռազմական արդյունաբերությունը, բանակը, մինչև կստեղծվեր մեզ ձեռնտու աշխարհաքաղաքական իրավիճակ։ Դժվա՞ր կլիներ։ Իհարկե, բայց այդպիսի նպատակ ունենալու դեպքում՝ իրականանալի։ Շրջափակում կոչվածը, պետք է ոչ թե խոչընդոտ հանդիսանար, այլ խթան զարգացման համար։ Եվ մենք կունենայինք, իսկապես այն բաղձալի արժանապատիվ խաղաղությունը, որի մասին դայլայլում են «խաղաղասերները»։ Վերջերս կարդացի Շառլ Դե Գոլի հանճարեղ արտահայտությունը․ «Ընտրիր ամենադժվար ճանապարհը և դու մրցակիցներ չես ունենա»։
Այո, տեսականորեն այս ամենը հնարավոր էր։ Բայց Հայաստանում չձևավորվեց նման կամային, նպատակաուղղված, նվիրյալների քաղաքական վերնախավ։ Նրանք պետք է հրաժարվեին առանձնատնային շքեղ կյանքից և իրենց ասկետական կյանքով օրինակ ծառայեին ժողովրդին։ «Ամեն ինչ Հայաստանի և Արցախի համար» նշանաբանով ապրելու դեպքում, պետք է բացառվեին դղյակաշինությունը և շքեղ կյանքը, անկախ դրանց օրինական եկամուտներով կառուցված լինելուց։ Բանակում ծառայելը պետք է օրինաչափություն և պատվաբեր լիներ յուրաքանչյուրի համար։
Սակայն հարմարվողականությունը, նյութապաշտությունը՝ «լավ ապրելու» մոլուցքը, որն արտահայտվեց նաև տարբեր աշխարհաքաղաքական կողմնորոշումներով կործանեց Արցախը և շարունակվում է ողջ Հայաստանի կործանումը։
Այո, այս ամենի համար պատասխանատու են բոլորը՝ Հայաստանի իշխանությունները, քաղաքական-հասարակական գործիչները, ժողովուրդը, մի խոսքով՝ բոլորս։ Բայց, ամեն դեպքում, մինչ 2020թ․ շատերս ապրում էինք արցախյան հաղթանակով։ Եվ այս մեծ ողբերգության թիվ մեկ պատասխանատուն և հանցագործը այսօրվա պաշտոնակատար կոչեցյալն է, իր մանկուրտներով։
Այսօր կարելի է վստահաբար պնդել, որ այո՛ արցախյան շարժումը սխալ էր, քանի որ մենք չունեինք ազգային նպատակ և հաղթողի հոգեբանություն, իսկ հայ ժողովրդի համար «լավ ապրելու» դրախտը ԽՍՀՄ-ն էր, պետություն, որտեղ դու դարդ ու ցավ չունես։ Չես մտածում քո երկրի անվտանգության, զարգացման մասին։ Այդ ամենը հոգում է ԽՍՀՄ կայսրությունը և դու «լավ ես ապրում»։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
Հ․Գ․ Հերթական անգամ հայտարարում եմ, պատրաստ եմ ցանկացած ընդդիմախոսի հետ բանավեճի։