Ադրբեջանական տիրույթից տեղեկություններ են ստացվում հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ ստորագրվելիք ինչ-որ նոր փաստաթղթի մասին։ Վերջինիս բովանդակության վերաբերյալ տեղեկությունները, սակայն, այս պահին ընդհանրական են։ «Առավոտը» զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ։
– Պարոն Դավթյան, ո՞րն է ենթադրյալ փաստաթղթի մասին տեղեկատվության աղբյուրը՝ բացի այն հանգամանքից, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս խոսեց այդ մասին՝ չբացառելով, որ Երասխի դեպքերը դրա նախապատրաստական գործընթացն էին, եւ որ ենթադրյալ փաստաթուղթը կարող է լինել հենց խաղաղության պայմանագիրն իր բոլոր վտանգներով։
– Ցավոք, վերջին շրջանում նման լուրջ փաստաթղթերի հետ կապված տեղեկատվությունը հայկական փորձագիտական դաշտն առհասարակ ստանում է ադրբեջանական կողմից։ Իսկապես ցավով եմ սա փաստում, որովհետեւ պետական ապարատում չեմ տեսնում տեղեկատվության առումով կազմակերպված եւ ուղղորդված գործելաոճ, որպեսզի առաջնահերթ հենվեինք հայկական կողմի տեղեկատվության վրա։ Ինչ վերաբերում է փաստաթղթին, ապա ադրբեջանական լրատվամիջոցները եւ տելեգրամյան ալիքները որպես դրա ստորագրման վերջնաժամկետ են նշում մինչեւ օգոստոսի երեսունը։ Ակնարկ կա այն մասին, որ փաստաթուղթն իր ծավալով ավելի լայն ու ընդգրկուն է լինելու, քան դրանից առաջ ստորագրվածները։
– Մասնավորապես ինչի՞ մասին է ակնարկվում՝ ՀՀ-Ադրբեջան սահմանների ճշգրտման հարց, տարածքային հարցեր գուցե։
– Կետերով նշված տեղեկատվություն չկա։ Վերջին քաղաքական զարգացումներից եւ սահմանային լարումներից ելնելով՝ տեղեկատվությունս հենվում է դրանց տրամաբանության վրա։ Հաշվի առնելով Երասխում լարվածությունը եւ Սյունիքում ադրբեջանական զորքերի առկայությունը՝ կարող եմ վերլուծել, որ ադրբեջանական կողմն այդ փաստաթղթում կարող է առաջ քաշել սահմանազատման եւ սահմանագծման կետ, որն էլ ՀՀ-Ադրբեջան սահմանի վերջնական հաստատման պայմանը կլինի։ Փաստաթղթում կարող է առանձին դրույթ լինել նաեւ հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ՝ որպես բարի կամքի դրսեւորում։ Չեմ բացառում, որ Բաքվում հայ ռազմագերիների դատավարությունները սիմվոլիկ բնույթ են կրում, որպեսզի միջազգային հանրությանը նրանց պահելու հիմնավոր պատճառ ներկայացվի։ Այստեղ կարեւոր նրբություն կա Սյունիքի վերաբերյալ։ Ադրբեջանն օկուպացրել է Սյունիքի կարեւոր հատվածը, եւ նման փաստաթղթի ստորագրումը վտանգ է պարունակում Սյունիքի առնչությամբ, մասնավորապես առ այն, թե 2,5 կմ Սյունիք մտած ադրբեջանական զորքերը հետ կքաշվե՞ն, թե՞ ոչ։ Թեեւ փաստաթղթի վերաբերյալ հենց Սյունիքի առնչությամբ խոսք չկա, միայն սահմանների ճշգրտման եւ գերիների վերադարձի մասին է, նաե այսպես կոչված՝ միջանցքի մասին։ Ադրբեջանն իր քարոզչական դաշտն աշխատեցնում է «միջանցք» ձեւակերպման վրա, թեեւ մեր պետական ապարատից ստացվող տեղեկատվությամբ՝ դա ճանապարհ է։ Թե ինչպիսին այն կլինի փաստաթղթում, ապագան ցույց կտա։
Կարդացեք նաև
– Եթե սահմանների ճշգրտումն է շեշտվում ենթադրյալ փաստաթղթում, ապա բացի ՀՀ սուվերեն տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանական զորքի խնդրից, ենթադրաբար, տարածքային ամբողջականության հարց կարո՞ղ է ի հայտ գալ՝ կապված ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ։
– Այո, սա լուրջ, ճակատագրական եւ ՀՀ-ի համար վերջնական քայլ կլինի, եթե ՀՀ-ն գնա Ադրբեջանի ուզած ճանապարհով՝ վերջինիս տարածքային ամբողջականության ճանաչման ճանապարհով։ Այսօր Ադրբեջանն առաջին կետով ասում է, որ պատրաստ է ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, բայց պայմանով, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը պատերազմից հետո տիրել է Արցախի 75%-ին։ Հետեւաբար, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը վերջնականապես գերեզման կդնի Արցախի հակամարտության կարգավորման հարցը, եւ մեզ համար սուրբ հող Արցախն անգամ մեր երազներում այլեւս չի լինի։
Զրուցեց
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
24.07.2021