Լրահոս
Օրվա լրահոսը

Ինգա Զարաֆյան. Ոչ թե ուղղակի խախտում ենք գետի էկոհամակարգը, այլ նաև անկառավարելի ենք դարձնում Սևանա լճի էկոհամակարգը. «Փաստ»

Հուլիս 24,2021 11:09

Ջրային ռեսուրսներին առնչվող հարցերը բավականին սրվել են՝ թե՛ պատերազմի, թե՛ կլիմայական խնդիրների պատճառով առհասարակ: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշում է՝ խնդիրները բազմազան են:

«Նախ՝ համարվում ենք սակավաջուր երկիր, միջազգային ինստիտուտների գնահատականով 160-ից ավելի երկրների ցանկում զբաղեցնում ենք 34-րդ տեղը: Այս առումով բավականին լուրջ խնդիրներ ունենք: Երկրորդ՝ ունենք մաքուր, բարձր որակի ջուր: Եթե տերմիններ չօգտագործենք, պարզ ասած, մեր ջուրը պիտանի է խմելու համար: Աշխարհում կա տարբեր որակի ջուր, բայց մեր ջուրը բարձրորակ է, որը մենք անխնա աղտոտում ենք և օգտագործում:

Այն տեղերում, որտեղ կարելի է օգտագործել ավելի ցածրորակ, մեկ անգամ օգտագործված և մաքրված ջուր, միևնույնն է՝ օգտագործում ենք բարձրակարգ ջուրը, ընդ որում, նաև հանքարդյունաբերության ոլորտում, ձկնաբուծության համար: Սա շատ սխալ գործելաոճ է: Երրորդ՝ ունենք հատուկ ջրային ռեսուրսներ, օրինակ՝ Սևանա լճի նման: Չնայած որ Սևանի ջուրը հիմա շատ աղտոտված է, բայց եթե այն մաքրվի, չաղտոտվի, ապա դրա որակը նույնիսկ համապատասխանում է խմելու ջրի որակին: Բայց, իհարկե, հիմա որևէ տեսակի համապատասխանության մասին խոսել չի կարելի, քանի որ այն աղտոտված է կոյուղաջրերով, բացի դա, այն գետերը, որոնք անցնում են հանքարդյունաբերական տարածքներով և թափվում են Սևանա լիճ, իրենց հետ բերում են մետաղական երկօքսիդ էլեմենտներ, նաև լիճն աղտոտում են կոնկրետ աղբով, հատկապես պլաստիկ աղբը սպանում է Սևանա լճի էկոհամակարգը: Սրան գումարած՝ մաքրման կայաններն աշխատում են միայն մեխանիկական ձևով»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Զարաֆյանը:

Ընդգծում է՝ լուրջ խնդիր ունենք գետերի հետ կապված: «Կան գետեր, որոնք արդեն Սևան չեն էլ հասնում, դա վատ կառավարման հետևանք է: Գետերի մի մասն օգտագործվում է փոքր ՀԷԿ-երի համար, դա մեծ տարածություն է զբաղեցնում, գետը հիմնականում չոր վիճակում է մնում: Մարդիկ ոռոգման, անգամ խմելու համար ջուր ստանալու նպատակով գետերի տարբեր հատվածներից ջուր են վերցնում, ընդ որում՝ անկառավարելի ձևով: Գետն ուղղակի չի հասնում լճին: Ոչ թե ուղղակի խախտում ենք գետի էկոհամակարգը, այլ նաև անկառավարելի ենք դարձնում Սևանա լճի էկոհամակարգը: Մենք այսօր ևս մեկ ցավալի փաստ ունենք. էներգետիկ նպատակով օգտագործում ենք այն աղբյուրները, որոնք գտնվում են գետի ջրավազանի ձևավորման տարածքում, մոտավորապես՝ երեք հազար մետր բարձրության վրա: Գետի աղբյուրները չի կարելի օգտագործել, դա արգելվում է մեր օրենսդրությամբ»,-նշում է մեր զրուցակիցը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031