Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հիբրիդային ռեժիմ է

Հուլիս 24,2021 10:00
poqramasnutyun

Դասական ավտորիտարիզմի դեպքում ամեն ինչ պարզ է: Կա Պուտին, կան Կրեմլում նրա կողքը հավաքված մարդիկ, կան նահանգապետեր, գեներալներ, ԿԳԲ, ոստիկանություն, մահակներ, ավտոմատներ, գրաքննության պայմաններում աշխատող դաշնային հեռուստաալիքներ:

Կա նաեւ փոքրամասնություն, որին այդ ամենը դուր չի գալիս. երբեմն ինչ-որ ակցիաներ է անում, բայց իշխանությանն առանձնապես վնաս չի տալիս. ծայրահեղ դեպքում անհրաժեշտություն է առաջանում «փակել» Նավալնու նման մարդկանց: Կա մեծամասնություն, որին այդ ակցիաներն ու պահանջները չեն հետաքրքրում, կամ, իրենց լեզվով ասած, «до лампочки»՝ լավագույն դեպքում այդ մեծամասնությունը փնթփնթում է փոքրամասնության վրա՝ «ինչո՞ւ եք խանգարում հանգիստ ապրենք»:

Քանի որ ընտրությունների եւ քաղաքական պայքարի մեխանիզմներ նման երկրներում չկան, Պուտինը եւ նրա «սելեկտորատը» (նրա կողմից ընտրված մարդիկ) հանգիստ իշխում են տասնամյակներ շարունակ՝ այնքան ժամանակ, մինչեւ անտարբեր մեծամասնությունը քիչ թե շատ կուշտ է:

Դասական ժողովրդավարությունների դեպքում նույնպես ամեն ինչ պարզ է. կա ընտրված իշխանություն, որը կանոնավոր կերպով փոխվում է: Կան նաեւ տարբեր տիպի փոքրամասնություններ, որոնք շատ ակտիվ են ու անընդհատ ինչ-որ ակցիաներ են իրականացնում: Իշխանությունը նրանց լսում է եւ ինչ-որ քայլեր է ձեռնարկում՝ նրանց պաշտպանելու համար: Կա մեծամասնություն, որը թեեւ կենցաղային մակարդակով փնթփնթում է այդ ակտիվիստների դեմ, բայց սովորաբար հրապարակավ չի հակադրվում՝ օրենքը դա արգելում է:

Իշխանությունը, միեւնույն է, հիմնվում է այդ մեծամասնության վրա ու բաժանվելով մեկուկես, երկու կամ մի քանի կուսակցությունների, իշխում է «հերթափոխով»:

Հայաստանյան ռեժիմն այդ առումով «հիբրիդային» է: Ընտրական մեխանիզմը 2018 թվականին, ընդհանուր առմամբ, վերականգնվել է, հեռուստաեթերում կան ալիքներ, որոնք գրաքննության չեն ենթարկվում: Բայց, չնայած այդ ամենին, Փաշինյանն իշխում է մոտավորապես այնպես, ինչպես Պուտինը կամ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը (հասկանում եմ, իհարկե, այդ երեքի էական տարբերությունները):

Խնդիրն, ըստ ամենայնի, հետեւյալն է. Հայաստանում կա փոքրամասնություն, որը ցավ է ապրում տարածքային եւ մարդկային կորուստների համար, կա մեծամասնություն (շարունակում եմ պնդել, որ այդպես կարելի է բնութագրել ընտրություններին մասնակցող քաղաքացիների մեծամասնությանը), որն այդ կորուստների հանդեպ անտարբեր է: Կա փոքրամասնություն, որը կարծում է, որ բոլոր դեպքերում ամեն ինչ պետք արվի օրենքով եւ կա մեծամասնություն, որը վստահ է, որ որոշ մարդկանց հանդեպ օրենքը չպիտի գործի, եւ այստեղ պետք է առաջնորդվել «հեղափոխական իդեալներով»:

Ինչպես ժողովրդավարական երկրներում, իշխանությունը գործում է այդ մեծամասնության անունից: Ինչպես ավտորիտար երկրներում, առաջին դեմքի իշխանությունն անսահմանափակ է եւ անվերահսկելի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Թույնը փոքր դոզայով՝ առողջարար է, որի դեմ պայքարելով եւ հաղթելով օրգանիզմը պատրաստվում է ավելի մեծ դոզաների թույնի դեմ արդյունավետ դիմադրողականության մեծացմանը, որով էլ ապահովագրում է օրգանիզմը գերբեռնվածությունից, երբ օրգանիզմը ստիպված է լինում պայքարել մեծ դոզայի թույնի դեմ, իսկ գերբեռնվածությունը մաշում է օրգանիզմը եւ հեռացնում վերականգնվելու հնարավորությունից: Բժշկի դեղը ոչ թե ուղղակի բուժում է, այլ այն ներգործում է օրգանիզմի այս կամ այն օրգանի աշխատանքի վրա եւ համապատասխան ուղղություն տալիս այդ օրգանի աշխատանքին, որով հիվանդին, այլ կերպ՝ գերբեռնված օրգանիզմին դուրս բերում վնասաբեր գերբեռնված վիճակից եւ վերադարձնում պարզապես օգտակար բեռնված վիճակին, երբ օրգանիզմը ի վիճակի է սեփական ուժերով պայքարել այդ բեռնվածության դեմ, իսկ երբ օրգանիզմը երկար ժամանակ անգործության է մատնված, ապա նրա գերբեռնվածության նշաձողը նույնպես իջնում է եւ հեշտությամբ մի փոքր բեռնվածությունից մարդս հիվանդանում է: Առողջ մարդը նա է, ում գերբեռնվածության նշաձողը շատ ավելի բարձր է, քան հիվանդի, մշակույթը՝ լինի ֆիզիկական թե կրթական կամ այլ արարողական բնագավառում՝ դա գերբեռնվածության նշաձողի բարձրացումն է, դա սովետական ՝պապ՝ գտո ի նման մի բան է, այն պետք է հանձնես, որ այսօրվա ռեյտինգային համակարգում բարձր տեղ գրավես, հիվանդ լինելը անկուլտուրական բան է, հիմար լինելը անկուլտուրական բան է, զենքին չտիրապետելը անկուլտուրական բան է եւ նման լիքը անկուլտուրական բաները պետք է ծնված օրվանից հաղթահարենք ու հաղթենք, որ կուլտուրական առողջ բոլոր իմաստներով ազգի՝ այսինքն՝ քաղաքակրթության վերածվենք:
    Սառը պատերազմում պարտությունից հետո եւ հետագա սրա նրա գործակալ ղեկավարների անմակարդակության պատճառով մենք անգործության մատնվեցինք, բայց երբ այսօր ազգի մակարդակով ուժերի շնորհիվ դուրս գանք այս հիվանդ գերբեռնված վիճակից եւ ազգի ուժերով հաղթենք, ապա սա կլինի մեր ամենամեծ հաղթանակը, որով մենք մեր հաջորդ սերունդներին օրինակ ցույց կտանք, թե ինչպես հաղթելով մեր անկուլտուրականությունը մենք դրանով դառնում ենք առողջ, հարուստ, երջանիկ, ապահով եւ հզոր ազգ:

  2. Armen says:

    Իմ կարծիքով մեր իշխանությանը ռուսական կամ թուրքմենական իշխանությանը նույն հարթակում տեղավորելը առնվազն չափազանցություն է:
    Մեկ այլ տեսանկյունից մեր հասարակությունը բաժանված է երկու մասի. -Մարդիկ, որոնց մոտ որոշակի կարծիք է ձևավորվում առանց անձնական շահի: -Մյուսների մոտ կարծիք և որոշակի մտածողություն ձևավորվում է անձնական շահից ելնելով: Հետաքրքիրն այն է, որ վերջիններս անշահախնդիրներին ամենօրյա ռեժիմով «քլնգում» են, քանի որ լինգը(լրատվամիջոցները և ժողովրդից գողացված մյուս միջոցները) առայժմ հենց իրենց ձեռքում է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031