Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհաքաղաքականությունն այլեւս պետք չէ փնտրել հեռաստաններում, այն արդեն ներկա է Երասխում․ «Ազգ»

Հուլիս 24,2021 09:53

Անցած կիրակի եւ երկուշաբթի օրերին Երասխի վրա արձակված գնդակներն ու արկերը, թերեւս նաեւ Մոսկվայի հավանությամբ, նպատակ էին հետապնդում այս անգամ զգուշացնել Արեւմուտքին, որ առանց Բաքվի, նույնհետայն նաեւ Անկարայի ու Մոսկվայի համաձայնության՝ եվրոպացիներին չի թույլատրվում Հայաստանում 2.6 մլրդ եվրոյի ծրագրեր իրականացնել, հյուսիս-հարավի նման մայրուղի կառուցել, թունելներ փորել, եւ այլն: Ավելին՝ չի թույլատրվում շրջանցել նոյեմբերիննյան կապիտուլյացիոն հայտարարությունը եւ Արցախյան հարցի լուծումը վերադարձնել Մինսկի խմբի եռանախագահության սեղան: Ահա թե ինչո՛ւ Մ. Նահանգների պետքարտուղարության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի՝ զսպվածության կոչերը, զարմանալիորեն, հնչեցին այդքան արագ, անմիջական եւ կտրուկ:

Եթե այդ նույն պարունակի մեջ դիտենք հայ-ադրբեջանական հակամարտության ներկա վիճակը, հոլովույթը եւ միջազգային ներգրավվածությունները, ապա պատահական պետք չէ համարել Պուտին-Ալիեւ մոսկովյան վերջին հանդիպումը, որի իսկական բովանդակությունը թեեւ գաղտնի մնաց նույնիսկ կրեմլամերձ լրատվամիջոցներին, սակայն հանդիպմանը հետեւած ռուսական որոշ հրապարակումներից տպավորություն ստեղծվեց, որ Ալիեւը շարունակում է պնդել, որ Արցախյան հարցը փակված է վերջնականապես եւ մնում է այն «նվիրագործել» Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին՝ ենթադրաբար նիկոլական հայտարարությամբ, որը վերջինիս համար կլինի կախաղանի օղակ՝ աթոռը տակից քաշելու սպառնալիքով…

Դարձյալ տեղեկությունների պակաս ու ենթադրությունների ավելցուկ՝ Մակրոնի այցին ընդառաջ: Հետեւաբար իրավունք ունենք մեր հերթին ենթադրություններ անելու. նախագահ Մակրոնը Երեւան է գալիս ոչ միայն, այսպես կոչված, փողի հետեւից՝ Եվրամիության 2,6 մլրդ.-ը ծախսելու դասեր տալու, որն արդեն տրվել է Շառլ Միշելի կողմից, այլեւ ուժգնորեն ընդգծելու, որ տարածաշրջանում տիրող իրավիճակը, Արցախով, Մեղրիով, Երասխով, Կասպիականով Սեւ եւ Կարմիր ծովերի միջեւ անցուղիների հանգույցներով հանդերձ գտնվում է Արեւմուտքի աշխարհաքաղաքական շահագրգռությունների ծիրում եւ այսուհետեւ Բրյուսելն է իր վճռական խոսքն ասելու գորդյան այս հանգույցի մեջ, ի հեճուկս Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի, որոնք բացարձակապես ցանկություն չունեն որեւէ մեկին սարդոստայնից ներս թողնելու, ներառյալ միջազգային՝ այսպես կոչված խաղաղապահներին:

Այս բարդագույն իրադրության մեջ ի՛նչ կարող է անել մեր պարտված, բզկտված, ուժասպառ եւ դիվանագիտությունից ինքնազրկված երկրի միապետը՝ ինքներդ կռահեք:

Պատկերը փոխվել ու դեռ փոխվելու է մեր տարածաշրջանում, մեր երկրում: Աշխարհաքաղաքականությունն այլեւս պետք չէ փնտրել հեռաստաններում՝ Սիրիայում, Լիբիայում, Եմենում, Ղրիմում, Աֆղանստանում կամ այլուր, այն արդեն ներկա է Երասխում եւ նրա… շուրջը:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031