Այս տարի առաջին անգամ կիրառվեց քննական մի մեթոդ, որն իսկական խայտառակություն է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ: Այսպիսով՝ այսուհետ դիմորդները, բացի բանասիրական ֆակուլտետների, կարող են հայոց լեզվի փոխարեն ընտրել որեւէ այլ օտար լեզու եւ դրանով հանձնել ընդունելության քննությունը:
Այն, որ դրա արդյունքում օտար լեզուն հայերենից գերագնահատողներ շատ եղան, դեռ մի կողմ, բայց ինչպես է կարգավորվում այդ օրենքը: Հիմա, եթե մեկն առաջ գա եւ ասի, որ ինքը ցանկանում է քննություն հանձնել, ասենք, թուրքերենից կամ ադրբեջաներենից, ո՛վ եւ ինչպե՛ս է լուծելու այդ հարցը: Միայն չասեք, թե սա աբսուրդային հարցադրում է. վերջին երեք տարիները ցույց են տվել, որ անհնար ոչինչ չկա, մանավանդ թրքասիրության նոր հովերի առումով:
Որպես վերջաբան մեջբերում եմ մի փոքրիկ հետազոտության արդյունք, որն անցկացվել է 9 դպրոցներում: Այսպիսով՝ այդ հետազոտությունները ցույց են տալիս, որ մինչեւ տասը տարեկան ամեն տասը երեխայից մեկը կարդալ չգիտի: Սա միայն խայտառակություն չէ, սա բթամիտ կառավարման եւ տխմարության ցուցիչ է, որ մեզ տանում է պատկան մարմինների դուռը: Ես հույս ունեմ՝ հասկանում եք, որ այդ տասը տարեկան երեխաները սկսել են դպրոց հաճախել 2017-18թթ: Արդեն սկսում եմ մտածել, որ Հայաստանում ավելի շատ գրագետ անգլերեն իմացող կա, քան՝ գրագետ հայերեն:
Իմացած լինեք նաեւ, որ ըստ Համաշխարհային բանկի հետազոտության` մեր տարածաշրջանում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) կրթական հետընթացն ամենաշատը մեզ մոտ է արտահայտված, ամենաքիչը՝ թշնամական Ադրբեջանում:
Մտածե՛ք այս մասին:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում