Լրացավ մեր թատրոնի ու կինոյի ճանաչված ու սիրված դեմքերից դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի ծննդյան 80-ամյակը։
Ժենյա Ավետիսյան արվեստագետի ստեղծագործական ուղու մասին խոսք լսելու ակնկալիքով դիմեցինք արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանին, որը «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի առայժմ թվով 21 գիրք-ալբոմներից մեկը նվիրել է անվանի դերասանուհուն։ Ի դեպ, մատենաշարի գիրք-ալբոմների հերոսներից ոմանք, այդ թվում՝ Հովհաննես Չեքիջյանը, Երվանդ Ղազանչյանը, Գալյա Նովենցը, Ժենյա Ավետիսյանը, իրենց նվիրված գրքերի շնորհանդեսին «Առավոտի» հետ զրույցում նշել էին, որ դրանք ոչ թե գիրք-ալբոմ, այլ իսկապես հուշարձան են կենդանության օրոք ցանկացած արվեստագետի համար։
«Հայ դերասանուհիներից ոչ շատերի ստեղծագործական ճակատագիրն է, որ կազմավորվել է այնպես բարենպաստ, ինչպես դա պատահել է թատերական ինստիտուտից անմիջապես բեմ եկած Ժենյա Ավետիսյանի հետ։ Սկզբնական շրջանում (ինչպես անխուսափելիորեն բոլորի մոտ է լինում) Ժենյան նույնպես ունեցավ մեկ-երկու փոքր դեր, սակայն Մանյայի մեծածավալ ու բարդ դերակատարումով (Շվարկին՝ «Ուրիշի երեխան») նա միանգամից ցուցադրեց իր ստեղծագործական խառնվածքին բնորոշ շատ կողմեր եւ հաստատուն ու ամուր դիրք գրավեց ակադեմիական թատրոնում»,- ասաց պարոն Առաքելյանը։ Մեր զրուցակցի խոսքերով՝ ինքը հետեւել է դերասանուհու բեմական գործունեությանը եւ լավ գիտե նրա առաջին եւ հետագա բոլոր քայլերը թատրոնում. թեկուզ ոչ մեծածավալ, սակայն հենց առաջին դերակատարումները ցույց տվեցին, որ թատրոնը ունի եւս մի լուրջ ու խոստումնալից արտիստ, որին կարելի է միանգամից խոշոր ու «խորը» դերեր վստահել։ Դիտարկմանը, թե՝ հավանաբար առաջինը դերասանուհուն նկատել է մեծանուն Վարդան Աճեմյանը, պարոն Առաքելյանը հաստատեց ու հավելեց. «Վարդան Նիկիտիչն անմիջապես նկատեց, որ Ժենյան իր տեսակի մեջ սովորական դերասանուհի չէր, այլ սունդուկյանական բեմին վայել մի անհատականություն, որին պետք էր պահել, պետք էր փայփայել, պետք էր անհանգստանալ եւ տագնապել նրա ստեղծագործական վաղվա համար»։
Իրապես բազմաթիվ ու բազմաբնույթ դերեր խաղաց Ժենյա Ավետիսյանը (քնարական, հերոսական, բնութագրական, կատակերգական), ստեղծելով եւ գլխավոր, եւ երկրորդական, մեկը մյուսից հետաքրքիր, բացառապես տարբեր կերպարներ։ Այս առիթով արվեստաբանը նշեց, որ դերասանուհու ամենափայլուն դերը Հաուպտմանի «Մայրամուտից առաջ» ներկայացման մեջ Ինկենն էր. «Ընդ որում, այս դերը պրեմիերային պետք է խաղար Մետաքսյան, բայց քանի որ նա քաղաքում չէր, բեմ դուրս եկավ Ժենյան, ու փայլեց, այն էլ ինչպե՜ս… Հենց այդ կերպարի մասին էլ Գուրգեն Ջանիբեկյանը թողել է կարծիք, որը կարող է պատիվ բերել ցանկացած արտիստի։ Շատ երկար կարելի է խոսել Ժենյայի ցանկացած դերի կամ կերպարի մասին։ Բայց հակիրճ կարելի է ասել, որ բնավ էլ անսպասելի չէին արվեստագետի ձեռքբերումները։ Նրա մարմնավորած կերպարների մեջ հանդես են եկել տաղանդավոր դերասանուհու ստեղծագործական անհատականության բնորոշ գծերը՝ թեթեւ, բայց խորունկ քնարականությունը, դերի հոգեբանական ու պլաստիկ անցումների հստակ զգացողությունը։ Բայց մի բան էլ. եթե այդ ամենը բարերար նյութ են տալիս դրսեւորելու Ժենյայի տաղանդի առողջ, ուժեղ կողմերը, ապա թող թույլ տրվի կերպարների այդ շարքին դասել նաեւ Նուարդի («Արա Գեղեցիկ») մենախոսությունն ու տեսարանի համերգային տարբերակը, որը բնավ չզիջելով արվեստագետի բեմական կերպավորմանը, զարմանալիորեն ներդաշնակ էր ողջ ներկայացման ոճի, պատմական իրադարձությունների ճշգրտությանը։ Ասել է թե՝ հիանալով այդ կերպարի փայլուն դերակատար Մետաքսյա Սիմոնյանի խաղով եւ բարձր գնահատելով նրա արվեստը, Ժենյան երբեք չփորձեց ընդօրինակել, կրկնել, չուզեց նմանվել, այլ մնաց իր հետ, որոնեց սեփական մեկնաբանությունը ու գտավ այն»։
Կարդացեք նաև
Ժենյա Ավետիսյանը ինչպես բեմում եւ էստրադայում, կինոյում նույնպես հավատարիմ իր ամպլուային, խաղացել է տասնյակ դերեր, էկրան է տարել իր արտիստական ամբողջ խառնվածքը։ Այսօր էլ առիթի դեպքում դերասանուհու երկրպագուները հիացմունքով մտաբերում են նաեւ հեռուստաթատրոնի բազմաթիվ ներկայացումներում նրա կերտած կերպարները:
Պարոն Առաքելյանը խոսելով կինոդերասանուհի Ժենյա Ավետիսյանի մասին, նշեց. «Կինոյում նա խաղում է զուսպ, առանց չարաշահելու բեմին թույլատրելի դիմախաղն ու ժեստը։ Ուսումնասիրելով դերասանուհու հարուստ արխիվը, ուր խնամքով պահպանվում են նրա կինոդերերի մասին մեծանուն կինոգործիչների գրած կարծիքները, համոզվում ես, որ երիցս իրավացի են նրանք, երբ համեմատելով Ժենյա Ավետիսյանին ռուսական եւ արտասահմանյան կինոյի ականավոր դերասանուհիների հետ եւ ընդգծելով յուրաքանչյուրի չգերազանցված խաղը, գալիս են այն եզրահանգման, որ հայ դերասանուհու հնարավորությունների ճիշտ օգտագործման դեպքում մեր Ժենյան էլ կարող էր դառնալ հայ կինոյի, եւ ոչ միայն, ամենախոսուն դեմքերից մեկը»։
Իսկ հայկական կինոյում Ժենյա Ավետիսյանը մարմնավորել է 25 կերպար։ Մեր զրուցակցի հավաստմամբ՝ Նատոն նրա լավագույն ստեղծագործությունն է «Գիքորը» ֆիլմում. «Նատո-Ավետիսյանը լավ ծանոթ է մեր հասարակությանը եւ հավասարապես հիշվում է Բազազ Արտեմ-Ջիգարխանյանի եւ Համբո-Սոս Սարգսյանի կողքին։ Ու թեեւ կինոխցիկը, ըստ էության, դերասանին զրկում է էկրանային կերպարը ծավալելու բեմական ազատությունից եւ հնարավորություններից, սակայն Ժենյան Նատոյի ու իր մնացած կերպարները խաղացել է ազատ ու անկաշկանդ»։
Սերգեյ Առաքելյանը մեր խնդրանքով անդրադարձավ նաեւ Ժենյա Ավետիսյան ասմունքողին. «Ընդամենը մեկ օրինակ բերեմ. 1988թ. Մոսկվայում ներկայացրի Սայաթ-Նովայի գործունեությանը նվիրված ցուցահանդես։ Լսելով սայաթնովյան բանաստեղծությունները Ժենյայի ընթերցմամբ, անվանի կինոդերասան Ինոկենտի Սմոկտունովսկին ինձ խնդրեց դրանք թարգմանել եւ նվիրել իրեն։ Ես էլ ցույց տվեցի ամենակարճ ճանապարհը, ասելով, որ Սայաթ-Նովայի բանաստեղծությունները Վալերի Բրյուսովի թարգմանությամբ զետեղված են մեկ ժողովածուում։ Սմոկտունովսկին հարցուփորձ անելով Ժենյայի մասին, հետեւյալ միտքն արտահայտեց. «Նման դերասանները պետք է լինեն մեծ քաղաքներում, որ ավելի մեծ հռչակի հասնեն, օրինակ՝ եթե ես մնայի Դաղստանում, չտեղափոխվեի Մոսկվա, ո՞վ էի լինելու, ինչի՞ էի հասնելու…»։ Ընդ որում, Ժենյայի ասմունքային արվեստին անդրադարձել են մեր գրականագետներն ու լեզվաբանները՝ նշելով, որ դերասանուհու ներկայացմամբ բանաստեղծական պատկերի զգացողությունը, տողի զգացողությունը, բանաստեղծական երաժշտական զգացողությունը բոլորովին ինքնատիպ է ու առանձնահատուկ։ Եվ այս ամենին պետք է գումարել Ժենյայի՝ բանաստեղծության հազվագյուտ ընկալումն ու գեղեցիկ հայերենով մատուցումը եւ, բնականաբար՝ խոսքի հստակ ըմբռնումի ու կատարման բացառիկ վարպետությունը»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.07.2021