Անմահացած Հայկ Ղրիմյանի մասին կնոջ եւ ընկերոջ հուշերը
Հայաստանն ուրիշ հայրենիք է, այստեղ մինչեւ վերջ պայքարող, անկոտրում ոգով սերունդներ կան: Կյանքը ցույց է տվել, որ հողը նույնպես կարողանում է ընտրություն կատարել եւ գրկում է լավագույններին:
Հայկ Ղրիմյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 12-ին, Եղեգնաձոր քաղաքում: Սովորել է Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան համար 11 հիմնական դպրոցում: Դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ծառայության է անցել Գորիսի մեծ գնդում: 2012 թվականին անցել է պայմանագրային ծառայության խաղաղապահ զորքում:
2014 թվականին մեկնել է ծառայության Գերմանիա, ապա 2015-ին Աֆղանստան՝ խաղաղապահի իր առաքելությունը կատարելու նպատակով: 2016 թվականին վերադարձել է Արցախ՝ Քառօրյա պատերազմին մասնակցելու:
Կարդացեք նաև
Պատերազմի ավարտից հետո պայմանագրային ծառայության է անցել Մարտակերտի դիվիզիայի ՀՆՎ-ում:
Կնոջ՝ Դիանայի հետ ծանոթացել է 16 տարեկանում: Դիանան այնքան շատ էր սիրում Հայկին, որ պատվով հաղթահարեց առաջին փորձությունը. սպասեց մինչեւ սիրելիի պարտադիր ժամկետային ծառայության ավարտը:
Սեպտեմբերի 24-ից Հայկը սահմանին էր։ Ընկերոջ՝ Տիգրանի խոսքով, հերթական հանձնարարությունը պետք է ավարտին հասցնեին, բայց չկարողացան, հակառակորդը սահմանի ողջ երկայնքով ծանր զինտեխնիկա եւ մարդկային ուժ էր կուտակել։
Սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 11-ը եղել է Գյամիշում, ապա «ճիճիին կանապե» մարտական դիրքում։ Հայկն ու ընկերները հոկտեմբերի 13-ին հայտնվել են շրջափակման մեջ։ «Չնայած անելանալի վիճակում էինք, բայց էլի կատակում էինք, ժպիտի պակաս մեր դիրքում չկար,-ասում է Տիգրանը,-Հայկն ասում էր՝ ինչ էլ լինի, միեւնույն է՝ բոլորիս երկու մետրանոց տարածք է հասնելու, կռվեք մինչեւ վերջ»։
Փորձելով դուրս գալ շրջափակումից՝ Հայկը երկու անգամ վիրավորվում է ու անմահանում։
Դիանայի խոսքով՝ կյանքը կանգ է առել, Հայկն այս անգամ էլ հայրենիքի ու սիրելիի միջեւ ընտրություն կատարելիս ընտրել է հայրենիքը: Հայկի որդին՝ Մանվելը, ընդամենը 7 տարեկան է, բայց բացի զինվորական համազգեստից, ուրիշ ոչինչ չի հագնում, փորձում է հորը նմանվել, որ հայրը երկնքից հպարտանա իրենով։ Հայկի պարզությունն ու արիությունն այսօր արտացոլվում է Մանվելի դիմագծերում։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.07.2021