Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացիները ընթերցում են տարբեր ժանրի գրքեր եւ պարբերաբար հաճախում գրախանութներ

Հուլիս 24,2021 12:00

Գրախանութների ներկայացուցիչների դիտարկումները

Գրքի պահանջարկը հուլիս ամսին ավելացել  է, նշում են Երեւանի մի քանի գրախանութների խորհրդատու-վաճառողները։

Գրախանութներում շարժը մեծ մասամբ պայմանավորված է «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրով։ Դառնալով ծրագրի անդամ՝  երեխաները հնարավորություն են ունենում մասնակցել գրքերի փոխանակման խաղերի, շնորհանդեսների, գրական հանդիպումների, փոքրիկ բեմականացումների եւ խաղ-վիկտորինաների։ Գնելով ծրագրի ցանկից գիրք՝ դրա հետ մեկտեղ հաճախորդը ստանում է քարտ, եւ գրանցվելով zangak.am/amar կայքում, դառնում մասնակից։ Այդ պատճառով էլ ավելի շատ սպառվում են մանկապատանեկան գրքերը։ Հիմնականում գրախանութներ են այցելում երեխաները ծնողների հետ եւ պատանիները։

Երիտասարդությունը հուլիսին ազատ ժամանակ համեմատաբար շատ ունի, ինչն էլ եւս նպաստում է, որ նրանք հաճախ գիրք ընթերցեն։

Երեւանի գրախանութներից մեկի խորհրդատու-վաճառող Միլենա Նազարյանը նշում է. «Կարծրատիպ կա, որ երիտասարդությունը չի կարդում գրքեր, սակայն մենք, աշխատելով այստեղ, կարող ենք վստահեցնել, որ գրախանութ այցելողների մեծամասնությունը երիտասարդներ են»։

Երիտասարդները կարդում են ե՛ւ գեղարվեստական գրականություն, ե՛ւ մասնագիտական գրքեր։ Իրենց ընտրած գրքերի ժանրերը նույնպես տարբերվում են։ Հիմնականում վաճառվում են «բեսթսելեր»-ները։ Ասում են, որ գիրք ընթերցելը կարծես նորաձեւ է։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ գրեթե բոլորը սկսել էին իրենց սոցկայքերում տարբեր գրքեր վերլուծել, որից հետո հետաքրքրությունը գրքի հանդեպ ավելի մեծացավ։

«Զանգակ» գրատան տնօրեն Շահեն Մկրտչյանը նշում է. «2020 թվականը շատ դժվար տարի էր, սակայն մենք նկատեցինք մի հետաքրքիր բան, որը շատ բնորոշ է հայ ժողովրդին։ Դժվար պահերին ժողովուրդը ավելի մոտ էր գրքին եւ գրականությանը»։

Շահեն Մկրտչյանն ասում է՝ համավարակը գրքի շուկայում մի փոքրիկ հեղաշրջում կատարեց։ Զարգացավ գրքերի օնլայն վաճառքը, որից հետո էլ «Զանգակ» գրատունը ներկայացավ շուկայում zangakbookstore.am կայքով։

«Շատ եմ սիրում գիրք ընթերցել։ Հաճախ կարող եք ինձ տեսնել տարբեր գրախանութներում։ Մասնագիտական գրքեր եմ շատ կարդում, սակայն ազատ ժամանակս տրամադրում եմ գեղարվեստական գրականությանը»,-ասում է հաճախորդներից մեկը։

Հուլիսին նաեւ բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում  գրախանութներ։ Գնում են հիմնականում անգլերեն  գեղարվեստական գրքեր։ Մեր քաղաքացիները հիմնականում ընթերցում են հայերեն, սակայն ռուսերեն եւ անգլերեն  գրքերը եւս սպառվում են։

Մեկ այլ հաճախորդ էլ նշում է. «Ես միշտ մտածել եմ, որ ընթերցողները շատ քիչ են, սակայն երբ գրքի տոնին մտա գրախանութ, հասկացա՝ մեր ժողովրդի մեջ սերը դեպի գիրք ընթերցելը մնացել է»։

Խորհրդատու-վաճառող Նարե Վարդումյանը, համեմատելով տարվա ամիսները, ասում է՝ գրքի պահանջարկը շատ մեծ է դեկտեմբերին. «Քաղաքացիները Ամանորի նախաշեմին գրքեր են գնում եւ միմյանց նվիրում»։

Եթե մի քանի տարի առաջ մարդիկ ավելի հաճախ ընթերցում էին  դասական գրականություն, ապա այսօր հետաքրքրություն է առաջացել ժամանակակից գրականության հանդեպ։

Լիանա ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031