Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ով անցնող եւ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող այլընտրանքային ճանապարհներ կան. ոչ մի տեղ գրված չէ, որ անպայման դրանք պիտի անցնեն Սյունիքի մարզով»

Հուլիս 24,2021 14:00

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի համոզմամբ՝ որեւէ հայտարարության մեջ, եթե իհարկե հիմա չկա ստորագրված եւ չհրապարակված փաստաթուղթ, գրված չէ, որ Ադրբեջանը Նախիջեւանին  միացնող երկաթուղին եւ ավտոմոբիլային ճանապարհը պետք է անցնի Սյունիքի մարզով: Ուստի ՀՀ-ն բոլոր արտաքին խաղացողների հետ կարող է վկայակոչել այս հանգամանքը:

«Չեմ կարծում՝ ադրբեջանցիները վերադառնան մայիսի 11-ի ելման դիրքեր. դեռ երկար ժամանակ դա չի լինի: Չեմ բացառում, որ նորից կարող է իրավիճակի լարում լինել»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը: Ըստ նրա՝ գուցե լարվածությունը շարունակվի կրակոցների տեսքով Արարատի եւ Վայոց ձորի սահմանամերձ համայնքներում: Մեր փաստմանը՝ մայիսի 12-ից ադրբեջանական զորքը մտել եւ տեղակայվել է Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային հատվածներում, չեն ուզում դուրս գալ, ավելին, թուրք-ադրբեջանական զորավարժություններ են սկսել, Բենիամին Պողոսյանն այսպես արձագանքեց. «Մայիսի 12-13-ին Ադրբեջանի մուտքը ՀՀ-ի տարածք ուներ մեկ նպատակ՝ ՀՀ-ին ստիպել, որ ավելի արագանա սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը»:

Քաղաքագետը պատահական չի համարում այն, որ դրանից անմիջապես հետո հրապարակվեց նախագիծ սահմանագծման եւ սահմանազատման հարցերով եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին: Բենիամին Պողոսյանի հավաստիացմամբ՝ Ադրբեջանն ավելի խորքային խնդիր ուներ. փաստացի ՀՀ-ին կանգնեցրել է երկընտրանքի առաջ: Այս առիթով նա պարզաբանեց. «Ադրբեջանը երկու տարբերակ է դրել մեր առաջ. կամ սահմանագծման ու սահմանազատման հարցում որպես հաշվարկային կետ ընդունեք խորհրդային ժամանակների քարտեզները եւ ըստ այդմ մոռացեք Արցախի մասին, եւ մենք իրավունք ենք ստանում խոսել անկլավների մասին, կամ եթե դուք հրաժարվում եք ընդունել խորհրդային քարտեզները՝ որպես հաշվարկային կետ, ապա նշանակում է՝ հաշվարկային կետ չկա: Ու եթե չկա, ուրեմն բանակցությունները պիտի սկսել զրոյից: Իսկ եթե չկա հաշվարկային կետ՝ ինչպե՞ս եք պնդում, որ հիմա մենք գտնվում ենք ՀՀ տարածքում: Եվ դա մտածված էր: Երբ մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին եւ առաջարկեցինք խորհրդակցություններ անցկացնել, Ստանիսլավ Զասը հայտարարեց՝ դրանք սահմանային միջադեպեր են եւ դրանց միջամտելը չի մտնում ՀԱՊԿ գործառույթների մեջ»:

Ըստ քաղաքագետի՝ մեր դժբախտությունն այն է, որ բոլոր արտաքին խաղացողները՝ ՌԴ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարում են, որ պետք է իրականացնել սահմանազատում եւ  սահմանագծում, բայց խնդիրն այն է՝ ի՞նչ հաշվարկային կետի հիման վրա: Բենիամին Պողոսյանը համոզված է՝ այս իրավիճակում չէինք հայտնվի, եթե լիներ դիմադրություն, եւ ադրբեջանական զորքերն առանց որեւէ կրակոցի այդքան չառաջանային. «Այդ դեպքում գոնե կարող էինք պնդել, որ այդ տարածքները մերն են, եւ ադրբեջանական ագրեսիա է տեղի ունեցել: Բայց հիմա դրսում շատերն ասում են՝ եթե ՀՀ-ն համարում է, որ  այդ տարածքներն իրենն են, ինչո՞ւ դրանք չեն պաշտպանվել»:

Մեր հարցին՝ ՀՀ իշխանության պատճառաբանություններն այս հարցով իրեն՝ որպես մասնագետի եւ ՀՀ քաղաքացու բավարարե՞լ են, Բենիամին Պողոսյանը պատասխանեց. «Պաշտոնական այսպիսի պատասխանի եմ հանդիպել՝ քանի որ ունեցել ենք նոր՝ 520 կմ-անոց սահման Ադրբեջանի հետ արցախյան պատերազմի հետեւանքով, եղել են սահմանային հատվածներ, որոնք եղել են անպաշտպան, եւ ադրբեջանցիներն այդ սահմաններից են մտել: Սակայն սա դրսում որպես փաստարկ ներկայացնել շատ բարդ է, որովհետեւ դրանով կասկածի տակ ես դնում քո պետության գործունակությունը եւ հստակ հայտարարում, որ դու ձախողված պետություն ես»:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է լարվածության սրման միջոցով Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների նկատմամբ նոր զիջումներ կորզելու համար՝ օրինակ, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարց լուծել, Բենիամին Պողոսյանն ասաց. «Մի բան հստակ է՝ կան պայմանավորվածություններ, գոնե բանավոր, ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ: Եղած հրապարակային տեղեկույթը հիմք է տալիս պնդելու, որ առնվազն նոյեմբեր- հունվարի հատվածում ՀՀ-ն համաձայնել է, որ Ադրբեջանից դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն անցնող ճանապարհներն անցնելու են Սյունիքի մարզով: Այստեղ նույնիսկ տերմինը կարեւոր չէ՝ շատերը կենտրոնացած են միջանցք արտահայտության վրա, թե դա անընդունելի է, բայց անգամ եթե Ալիեւը հայտարարի, որ Ադրբեջան-Նախիջեւան երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհ են կառուցում, որն անցնելու է Սյունիքի մարզով, միեւնույն է, դա մեզ համար վտանգավոր է: Դա նշանակում է՝ 10-15 տարվա ընթացքում մենք Սյունիքի մարզում ունենալու ենք ադրբեջանա-թուրքական էական ազդեցության աճ՝ ՀՀ-ի համար դրանից բխող վտանգավոր հետեւանքներով»:

Ըստ քաղաքագետի՝ հունվարին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների հիման վրա հիմա Ալիեւը հստակ պահանջ է դրել ՀՀ իշխանությունների առաջ՝ բնակչությունը ձեզ է ընտրել, հետեւաբար պահն է եկել պայմանավորվածությունները կատարելու: Այս առիթով քաղաքագետն ասաց. «Վստահ չեմ՝ հիմա ինչ է ՀՀ ղեկավարությունը մտածում Սյունիքի մարզով ճանապարհներ տրամադրելու հարցով, պատրաստվում է դրանք տրամադրե՞լ, թե՞ արդեն հասկանում է, որ դա ՀՀ համար բացասական հետեւանքներ կունենա, բայց այն, որ  հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ շահագրգռված են տարածաշրջանի բոլոր արտաքին խաղացողները, դա փաստ է: Ուստի հիմա դրան դեմ գնալն անիմաստ է: Որեւէ հայտարարության մեջ, եթե իհարկե հիմա չկա ստորագրված եւ չհրապարակված փաստաթուղթ, գրված չէ, որ Ադրբեջանը Նախիջեւանին  միացնող երկաթուղին եւ ավտոմոբիլային ճանապարհը պետք է անցնի Սյունիքի մարզով:

Հետեւաբար ՀՀ-ն բոլոր արտաքին խաղացողների հետ կարող է վկայակոչել այս հանգամանքը: Կան մի շարք այլընտրաքային ճանապարհներ, որոնք անցնում են ՀՀ տարածքով եւ կարող են Ադրբեջանը կապել Նախիջեւանի հետ: Ընդ որում, ռուսներին պետք է փոխանցել՝ լավ հասկանում ենք՝ ձեզ համար այդ միջանցքը առանց Վրաստանի տարածք մուտք գործելու Թուրքիայի եւ Իրանի հետ երկաթուղային եւ ավտոմոբիլային կապ ունենալու համար է»:

Քաղաքագետը որպես այլընտրանք առաջարկում է Ղազախ-Իջեւան երկաթգիծը, Երեւան-Հրազդան-Հրազդան-Իջեւան երկաթգիծը ու նշում. «Պարզապես պետք է վերականգնել Իջեւան- Ղազախ հատվածը, եւ ռուսական բեռները կարող են Դաղստանի տարածքով հասնել Բաքու, այնուհետեւ գալ Ղազախ, այդտեղից մտնել Իջեւան, իսկ Իջեւանից մինչեւ Երեւան եւ Երեւանից Երասխ երկաթգիծ էլ կա: Շատ փոքր վերանորոգման աշխատանքներ են անհրաժեշտ: Կա նաեւ Գյումրի-Կարս երկաթգիծ, որն առայժմ չի գործում, այլ կարող է վերականգնվել. 30-35 կմ հատված է: Եվ այդ երկաթուղու կառուցման դեպքում շատ հանգիստ ռուսական բեռները Ղազախից կմտնեն Իջեւան եւ առանց Երեւան հասնելու Վանաձորով կմիանան Գյումրի եւ այնուհետեւ Կարս երկաթգծին»:

Բենիամին Պողոսյանը նաեւ նշեց՝ որպես հիմնավորում, թե ինչու ճանապարհները չպետք է անցնեն Սյունիքի մարզով, ՀՀ-ն կարող է բերել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ անընդհատ հնչող հայտարարությունները, որ Սյունիքի մարզը պատմական ադրբեջանական հող է, այն կոչում են Արեւմտյան Զանգեզուր, ստեղծել են Արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջան, նույնիսկ արդեն հայտարարում են, որ նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն՝ Խորհրդային Հայաստանից հեռացած 100 հազար ադրբեջանցիներ պիտի վերադառնան ՀՀ, նաեւ Սյունիքի մարզ: Ըստ Բենիամին Պողոսյանի՝ սրանք խոսում են այն բանի մասին, որ Ադրբեջանի հիմնական նպատակը ոչ այնքան Նախիջեւանի հետ հաղորդակցության ճանապարհներ ստանալն է, որքան Սյունիքի մարզում իր ազդեցության աստիճանի մեծացումը, վերահսկողության հաստատումը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031