Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բացառիկ մանրամասներ Երասխի 1990թ. ինքնապաշտպանական մարտից

Հուլիս 24,2021 13:30

«Ծրարում 1 փամփուշտ էր, մինչդեռ 2 տեղից էր վիրավորվել և 2 գնդակն էլ մարմնում էր: Կարծեմ գրված էր. «Կանխամտածված սպանություն հարևան Խորհրդային Ադրբեջանի սահմանին». Ռուզաննա Գորգիսյան

Այս օրերին մեր ուշադրությունը դարձյալ Արարատի մարզում է՝ Երասխում: Թշնամին ոտնձգություններ է անում: Ոմանք զուգահեռներ են անցկացնում երկու տասնամյակ առաջ մեր հերոսական օրերին, ակամայից տեղափոխվում ես 1990 թվականի հունվարի 17-19-ը, որը հայտնի է «Երասխի ինքնապաշտպանական մարտ» անվամբ: Սումգայիթի ցեղասպանությունից, Բաքվի և Կիրովաբադի ջարդերից հետո ադրբեջանցիները զինված հարձակումներ գործեցին ՀՀ սահմանամերձ գյուղերի վրա։

Երասխին սպառնացող վտանգի մասին հունվարյան այդ օրերին ասվեց Անկախության հրապարակում տեղի ունեցած հերթական հանրահավաքի ժամանակ: Հենց հրապարակից էլ Երասխ մեկնեցին կամավորականներ։ Նրանք զինվել էին ինքնաշեն զենքերով:

Մեր անկախության շրջանի պատմագրությունն արձանագրել է, որ առաջին զինված ընդհարումը տեղի է ունեցել 1990 թվականի հունվարի 17-ին։ Հայկական ինքնապաշտպանական ուժերի հրամանատարները հունվարի 17-ի գիշերը ռազմական խորհրդի նիստ են գումարել, հունվարի 18-ի ուշ երեկոյան վճռական հարձակման անցնելով՝ դուրս են մղել թշնամուն և գրավել գրեթե բոլոր ռազմավարական բարձունքները։ Հունվարի 19-ին թշնամին հետ է մղվել դեպի Նախիջևան, ոչնչացվել են բոլոր կրակակետերը։ Երասխի մարտերում զոհվել են մտավորական, ռեժիսոր, ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը, ազատամարտիկներ Երվանդ Սաղումյանը… Մովսես Գորգիսյանը հետմահու արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման…

Մովսես Գորգիսյանի կնոջ՝ Ռուզաննա Գորգիսյանի համար Երասխավանը «Մեկօրյա ընդհարում էր և այդքան ճակատագրական: Հարմար և շահեկան պահ խնդրի լուծման»: «Առավոտի» խնդրանքով Ռուզաննա Գորգիսյանը բացառիկ մանրամասներ ներկայացրեց հունվարյան այդ օրերից:

«1990թ. հունվարի 18-ին լուր հասավ Երևան, որ կրակոցներ կան Երասխավանում: ԱԻՄ-ը զբաղեցրել էր Բաղրամյան պողոտայում գտնվող Ճարտարապետների տունը: Վտանգված էին Հայրենիքի սահմանները և ԱԻՄ-ի «Անկախության Բանակը» պատրաստվում էր մեկնել Երասխավան: Շենքում եռուզեռ էր: Սենյակներից մեկում «ազգայնացված» զենք-զինամթերքն էր, որը բաժանվում էր: Մովսեսի դասընկեր Արմենն ասաց, որ իրեն տրված ավտոմատի «ստվոլը» խաղում է: Ես հասկացա, որ տրված զենքը արատ ունի: Ու քանի որ այդ սենյակ չէի կարող մտնել, խնդրեցի 7 տարեկան դստերս՝ Գոհարիկին, կապավորի դեր կատարել և Մովսեսին դուրս կանչել: Շտապեցի Արմենի զենքից դժգոհել և խնդրեցի փոխել: Շատ լարված էր, հոգնած, անքուն և ջերմություն ուներ:

Իրեն բնորոշ ժպիտով մերժեց, թե՝ ինչ ունենք՝ այն էլ բաժանում ենք, բա սա ո՞ւմ տամ՝ ուրի՞շ Արմենի:

Ես այլայլվեցի, բայց շարունակեցի պնդել.
– Արմենը Աֆղանստանի պատերազմի մասնակից է, փորձառու սպա, նրա զենքը լավը պիտի լինի…

– Եթե ինձ մնա, իմը կտամ:

Վստահ էի, որ կտար, բայց անկեղծ ասած, պատասխանը ինձ չգոհացրեց՝ սիրտս ճմլվեց:

Հետո հերթով բոլոր սենյակները մտավ և սկսեց հանձնարարականներ տալ:
– Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ….դու, կմնաք, -պարտադրող տոնով ասաց նա, որ դիմացինը չշարունակի հակառակվել և պնդել, շարունակեց,- բա որ աչքդ վնասվի, ո՞վ է համակարգչով աշխատելու, որ մատդ փուշ մտնի, ո՞վ է գրելու, որ մազդ ծռվի, ո՞վ է այս կամ այն աշխատանքն անելու…

Ես լուռ նայում էի նրան ու մտածում, բա որ…ո՞վ է փոխարինելու անփոխարինելիին: Չհամարձակվեցի բարձրաձայնել, բայց միտքն ինձ հանգիստ չէր տալիս: Ո՞վ կարող էր կանգնեցնել Մովսեսին, եթե ոչ միայն՝ Ինքը:

– Ես էլ եմ գալիս,-չգիտեմ պոռթկում էր (ախր միշտ միասին էինք), թե զգոնացնելու կոչ:

– Սա ռուսական հերթական սադրանք է, թխթխկոց, շուտով հետ կվերադառնանք, երկար չի տևի: Եթե Սարդարապատ լիներ, դու էլ, Գոհարիկն էլ կգայիք:

Բաղրամյան պողոտայում տղաները շարք կանգնեցին: Մովսեսը կրակոտ ելույթ ունեցավ (մինչդեռ տպավորությունն այնպիսին էր, որ Սարդարապատ են գնում):

Գրասենյակում մնացող տղաները, կանայք և աղջիկները հուզված լսում էին Մովսեսի ոգեկոչը, ցավոք, վերջին խոսքը:

Արագ տեղավորվեցին մեքենաներում, Գոհարիկը վազեց գրկելու հայրիկին: Մովսեսը հետ հրեց երեխային (չգրկեց ու չհամբուրեց) ու նայեց ինձ, մենք լուռ հրաժեշտ տվեցինք միմյանց: Ես հասկացա, որ այլևս չի վերադառնա ու բարձրաձայնեցի:

Ախպար Սևանը, որ կողքիս էր կանգնած, նախատեց ինձ: Ամեն օր տանից դուրս գալիս, նա համբուրում էր մեզ, մինչդեռ գնում էր կռիվ ու… արագ նստեց մեքենա:

Երեխային տուն ուղարկեցի ու մենք մնացինք գիշերելու գրասենյակում: Ամբողջ գիշեր աղոթել եմ տղաների համար: Հիմա ինձ մեղավոր եմ զգում, որ Մովսեսին չառանձնացրի: Դառը սպասումներով գիշեր էր, մի կերպ Մոսկվայից, Նախիջևանից ադրբեջանական հեռախոսահամար գտանք: Տղաներից մեկը գիտեր ադրբեջաներեն ու երբ զանգեցինք, հարցրեց, թե ինչ վիճակ է Երասխավանում, պատասխանեցին, որ ռուսական բանակը կանգնած է սահմանին: Տագնապս ավելի մեծացավ:

Մղձավանջ էր, գիշեր չէր: Հաջորդ օրը լուր չկար, բոլորս անհանգիստ էինք, ոչ մի լուր: Որոշվեց, որ զինամթերք է պետք տանել և տեղեկություն ստանալ: Տղաները (4, թե 5 հոգով) շարժվեցին Երասխավան: Նախորդ օրը Մովսեսն արգելել էր անչափահաս (10-րդ դաս.) Վարդան Պապիկյանին իրենց հետ մեկնելու: Վարդանն էլ համառելով՝ հաջորդ օրը հայտնվել էր «Վիլիսում»: Երբ հասել էին Երասխավան (ձմեռ էր՝ մառախուղ), ռուսական ԲՏՌ-ները, թե տանկերը փակել էին Երասխավան-Նախիջևան ճանապարհը: Վարորդը հարցրել էր, թե՝ «Անկախության Բանակը» ո՞ր մասում է, նրանք էլ ԲՏՌ-ը քշել էին մի կողմ և ճանապարհ տվել, փաստորեն դեպի Նախիջևան (սա էլ հերթական սադրանքներից էր): Հանդիպել էին մի խումբ մարդկանց, ովքեր խարույկի մոտ տաքանում էին ու նույն հարցը տվել, որին հաջորդել էր կրակոցները: Ադրբեջանցիներ էին: Կիրովականցի Վահանը գերի էր ընկել, մյուսները փախել էին, իսկ Վարդանը այդպես էլ դարձավ անհայտ կորած (չնայած ասում են՝ Սուրկովն ասել է, որ զոհվել է):

Հունվարի 19-ին Մովսեսի մայրը զանգեց գրասենյակ: Վերցրեցի լսափողն ու հարցրեց, թե ինչ լուր կա: Ինքս էլ լուր չունենալով, Ալիս մայրիկին հանգստացնելու համար ասացի, որ շուտով կգան: Ասաց, որ քիչ առաջ մեկը զանգել է մեր տուն, հարցրել, թե ում հետ է խոսում և երբ իմացել է Մովսեսի մայրն է, ասել է, որ տղադ զոհվել է:

Ես հասկացա, որ բոթը հայտնել են, այն էլ մորը, միանգամից, կտրուկ, դաժանաբար…
– Սուտ է, մի հավատա, սուտ է, սուտ է …,- չեմ հիշում, թե քանի անգամ կրկնեցի ասածս՝ քաջ գիտակցելով, որ չարակամ անձը դառը իրականությունն է հայտնել:

Պարզվեց, ինձանից բացի, գրասենյակում բոլորը գիտեին, հմտորեն թաքցրել էին, հեռախոսազանգերին էլ արագ պատասխանում էին, որ ես չվերցնեի լսափողը: Մոտեցա հեռախոսին ու զանգահարեցի Արարատի հիվանդանոց, 2 բառ հետո զգացի, որ խոսելու ընդունակ չեմ, փոխանցեցի Ասպրամին: Չնայած Ասպրամը մասնագիտությամբ հոգեբան է, բայց ես տեսա, թե ինչպես լայնացան նրա բիբերը..

Մե՞կ զոհ, իսկ քանի՞ տարեկան էր: Ձեռքս մեկնեցի և հեռախոսի ձայնը բարձրացրեցի. «Մոտ հիսուն»:
– Անու՞նը,-վախվորած հարցրեց Ասպրամը:

– Գեորգի Մովսիսյան:

Ասպրամը ձևացրեց, թե տեսնում ես՝ ոչ տարիքն է համապատասխանում, ոչ անուն-ազգանունը:

Նոր էր բոլորել Մովսեսի 28 տարին, մինչդեռ հասունությունը նաև դեմքին էր դրոշմված: Մովսես Գորգիսյանն էր, արդեն վստահ էի, իմ Մոսոն, մեր Մոսոն…

Ամբողջ գիշեր աղոթել էի տղաների համար, հիմա ինձ մեղավոր եմ զգում, որ իրեն չառանձնացրի:

Կանայք ցերեկով եկեղեցի գնացին, ես էլ փող տվեցի, որ իմ անունից էլ մոմ վառեն ու զգում էի, որ արդեն ուշ է: Արագ հագա վերարկուս ու խնդրեցի, որ ինձ Երասխավան տանեն: 1-ին մասի բենզալցակայանի մոտ հետ վերադարձող ջոկատն էր կանգնած, Մովսեսն իր մեքենայի ղեկին չէր: Այդ ինչ երկար ճանապարհ էր, ինձ թվում էր՝ մի քանի օր է՝ ճանապարհ ենք գնում:

Արարատի հիվանդանոցում ասացին, որ կուլտուրայի տանն է: Չէի ուզում հավատալ…Կուլտուրայի տունը լեփ-լեցուն էր, ծաղիկներ, մոմեր, արտասվող մարդիկ…Ես այդ տեսարանը հաճախ եմ պատկերացրել, հաճախ եմ տեսել…

Գլխին վիրակապ կար: Հասկանալի էր, որ գլխին պիտի խփեին:
«Սպանեցին, սպանեցին»,- մրմնջում էի,- «վերջը սպանեցին»:

«Մահ կամ ազատություն», մահվան գնով ազատություն, սա էր քո ճանապարհը…Արարատի բնակիչները իրենց հարգանքի տուրքն էին մատուցում:

Վերադարձանք Երևան՝ Ճարտարապետների տուն: Խնդրեցի, որ հագուստը փոխեն և զինվորական համազգեստ հագցնեն (եռագույն դրոշն էլ), ի նշան, որ առաջնորդը, մտավորականը, արվեստագետը, հրապարակախոսն ու հռետորը դարձավ զինվոր, որպես հայրենյաց պաշտպան իր անմնացորդ նվիրումով դարձավ հավերժի ճամփորդ և խորհրդանիշ ազատության և անկախության պայքարի (այնուհետ դարձավ ընդունված ձև): Երբևէ հարազատի կորուստ չէի ունեցել, կյանքումս առաջին անգամ էի բախվել մահվան հետ: Դատարկվեց աշխարհը, իմ աշխարհը… նաև մեր աշխարհը: Կորստի ցավն ավելի էր զգոնացրել ինձ: Ինչուների և ինչպեսների շարանն ավելի էր մեծանում, երբ շուրջս էի նայում և շշուկներ լսում: Այնքան զգայուն էի և ամենաանշան դրսևորումը նկատում էի, հետո վերլուծում:

Պահանջեցի, որ հերձման տանենք, գործը հետաքննվի, թեկուզ արխիվում փոշոտվելու և մոռացության մատնվելու համար: Ինձ նախատեցին, թե զինվորի հոգնատանջ մարմինը մի տանջեք:

Այնքան բաներ պարզվեց: Ես իմ քննությունը կատարեցի, մի պահ կանգ առա ու սարսափեցի: Դա Մովսես Գորգիսյան անհատականության կռիվը չէր: Դա այլոց կռիվն էր Մովսես Գորգիսյանի հետ, մի մարդու, ում հավատամքն էր. Աստված, Ազգ, Հայրենիք: Ահա թե ինչու Ինքն Իրեն չարգելեց այդ ընդհարմանը մասնակցելու, չնայած գիտակցում էր, որ Սարդարապատ չէր:

Երասխավանը ոչ միայն իմ կյանքում բեկում մտցրեց, այլև՝ հայ ազգի… Ես այրիացա, իմ երեխան անհայր մնաց, բայց որբացավ Հայ ազգը: Գիշերը, երբ մենակ մնացի Մովսեսի հետ, զգուշությամբ և վախով քանդեցի գլխի վիրակապը՝ հասկանալու համար կրակոցի հեռավորությունը, մազերը խանձված էին: Երբ շոյում էի, ի զարմանս ինձ (երևի արնաքամ էր եղել), այնքան փափուկ էր ձեռքերը:

Գիշերը Մովսեսն ու Աշոտ Նավասարդյանը գնացել էին շտաբ, որտեղ Բաբկեն Արարքցյանն ու այլք էին: Ոչ ոք այդպես էլ չասաց, թե ինչ զրույց է եղել այնտեղ կամ վերադարձի ճանապարհին: Երբ վերադարձել են, Մովսեսը անտրամադիր էր և վատ էր զգում իրեն, նաև ջերմություն ուներ: Ռազմիկ Մարկոսյանը մուրաբայով թեյ է հյուրասիրում և առաջարկում է պառկել և քնել: Լուսադեմին Ազատ Արշակյանը արթնացնում է բոլորին, թե գնացինք …

Մովսեսը տղաների հետ բարձրանում է բլրի վրա: Պատմում էին, որ տարբեր համազարկեր են եղել որպես նահանջ- հրահանգ տարբեր ջոկատների համար, որի արդյունքում խառնաշփոթ է եղել, ոմանք բարձրանում էին, ոմանք համազարկով որպես նահանջ-հրահանգ իջնում: Վիդեոկադրերում լսվում է՝ ինչպես են մերոնք գոռում. «Մի կրակեք գինու գործարանի վրա, այնտեղ հայեր են» և այլն:

Մի պահ բլրի վրա Մովսեսը կանգնել է և բղավել. «Չեք տեսնում՝ սա խաղ է, թատրոն»:

Բլրի հանդիպակաց սարից կրակում էին ռուսական դիպուկահարները:

Ականատեսները պատմում էին, որ կարծես կատվի խաղ լիներ, բարձրից կարող էին բլրի վրա բոլորին էլ սպանել, բայց այդ օրվա համարյա բոլոր վիրավորները ձեռքից կամ ոտքից էին միայն վիրավորվում: Հետո հայկական կողմից Կատյուշան կրակել է այն պահին, որ Մոսն ու ՀՀՇ-ի Աշոտը (Արջը) բլրի գագաթին կանգնած էին ու բոլորը քարացել են այն պահին, որ արկը ընկել է նրանց վրա: Չի պայթել, փոշին անցնելուց հետո նկատել են, որ 2-ն էլ ողջ են: Ասում են նահանջի համազարկից հետո, Մոսին թվացել է (կամ ասել են), թե Ազատը մնացել է բլրի վրա ու Մոսը նրան է փնտրել:

Վերադարձի ճանապարհին՝ սիլոսի հորի մոտ 1-ին գնդակն է դիպել (արդեն մահացու): Չարենցավանցի Գեղամը պատմել է, որ սիլոսի հորի շուրջ բոլորը կրակում էին, որ հնարավոր չլիներ մոտենալ: Այդ պահին հայտնվել է ՀՀՇ-ի Աշոտը (գինու գործարանում գինովցած Արջը) և սիլոսի հոր թռնելու պահին ոտքից վիրավորվել: Մոսը ուզել է, որ Գեղամը մնա (նրան վստահում էր), Գեղամն Աշոտին ասել է, որ Մոսը վիրավոր է, Աշոտն էլ թե՝ գնա օգնություն կանչի:

Արմեն Մազմանյանը ինձ պատմել է, որ Երևանից զինամթերք բերած ՀՀՇ-ի ջոկատի Երվանդ Սաղումյանը բլրի ստորին մասում վիրավորվել է, իրենք Երվանդին օգնում էին, որ հետ տանեն, երբ լսել են Մոսը վիրավոր է, խնդրել են Երվանդին, թե դու կարող ես մենակ էլ քայլել, մենք հասնենք Մոսին, Մոսին խփել են: Արմենն էլ ասում էր, երբ իրենք մոտեցել են, Մոսը էլ չէր խոսում: Նույն տեղում հայտնված Մարտին Ճերմակյանին ասել է գնա ու ԲՏՌ-ին ասա, որ մոտենա: Երբ ես հարցեր էի տալիս Մարտինին, մոլորվում էր, հակասական բաներ ասում, վախեցած կամ խառնված էր և պատասխանները վստահելի և ճշմարտանման չէին: 1-ին օրն ասաց՝ իբր իր ոտքերի վրա է դրել և քաշել, հետո էլ թե ԲՏՌ-ը չի կարողացել շուտ մոտեցնի, որովհետև ճանապարհին պատի տակ թաքնված տղաներին է վերցրել ու հետ տարել ու այսպես շարունակ: Պատի տակ պատսպարված տղաներին հրատապ տեղափոխել են, իսկ արնաքամ լինող վիրավորը կարող էր ժամերով սպասել…
Մի խոսքով, հետո շտապօգնության մեքենայով են հիվանդանոց հասցրել: Ոչ ոք այդպես էլ չպատասխանեց, թե որտեղ և երբ են տեսել Մոսին գլխից վիրավոր (կոնտրոլնի ստրելոգ): Մինչդեռ ով չէր զլանում պատմում էր, թե Մոսը հիվանդանոցում խոսել է, ասել է՝ Մոսոն եմ:

Հիվանդանոցի վերակենդանացման բաժնում սիրտը բաբախել է և ոտքից սիստեմա են միացրել: Պատմում են, որ վերակենդանացման բաժնի բժիշկները չեն կարողացել մարդկանց առաջն առնել, բոլորը ներս են մտել: Տեսնելով, որ ԱԻՄ-ում, այսպես կոչված, պատասխանատուները չեն համաձայնում հերձում կազմակերպել, ես ընկերներիցս մեկին խնդրեցի մասնագետ գտնել և Ճարտարապետների տանից տանենք մեր տուն, թող գիշերը գա և մեր տանը անի, ես կապահովեմ, որ որևէ մեկը չիմանա այդ մասին: Մենք մեքենայով տուն եկանք, բայց Մովսեսին չբերեցին: Այն ժամանակ բջջային հեռախոս չկար, անհասկանալի էր, թե ուր կորան բոլորը: Մի քանի ժամ հետո հայտնվեցին և ասացին, որ մորգում էին: Դարձյալ չիմացա արդյունքը: Մի 2 ամիս անց դատախազություն գնացի և խնդրեցի գործերին ծանոթանալ: Ծրարում 1 փամփուշտ էր, մինչդեռ 2 տեղից էր վիրավորվել և 2 գնդակն էլ մարմնում էր: Կարծեմ գրված էր. «Կանխամտածված սպանություն հարևան Խորհրդային Ադրբեջանի սահմանին»:

Ոչ մեկին էլ չէին հարցաքննել, ոչ մի ցուցմունք էլ չկար…կարևորը՝ խոչընդոտը վերացված էր: Հունվարի 19-ին արկի պայթյունից զոհվել էին գյուղապետարանի առջև կանգնած խաղաղ բնակիչներ:

Երվանդ Սաղումյանի մայրն ու եղբայրը պատմեցին, որ երբ իմացել են Երվանդը վիրավոր է, գնացել են Արարատի հիվանդանոց: Տեսել և զրուցել են Երվանդի հետ, ուզել են գիշերը մնալ Երվանդի հետ, թույլ չեն տվել և երբ առավոտյան գնացել են հիվանդատես, պարզվել է, որ մահացել է: Ասում էին՝ սպանեցին Երվանդին:

Անմիջապես շրջանառության մեջ դրեցին, թե Երվանդը զոհվել է Մովսեսին փրկելիս, իսկ հաջորդ օրը՝ «Երվանդը նույնպիսի զինվոր է, ինչպես Մովսեսը և նա էլ պիտի թաղվի այնտեղ, որտեղ Մովսեսը» /Ա.Նավասարդյան/: Վազգեն Մանուկյանն ընդվզել է, բայց…
Մի օր Իգոր Մուրադյանը Մովսեսին ասաց. «Դու մեծ ոսկոր ես ԿԳԲ-ի կոկորդին»:

Մովսես Գորգիսյանին ոչ թե ձերբակալեցին, ոչ թե արտաքսեցին, ոչ թե սպառնացին, ոչ թե սպանության փորձ կատարեցին, այլ՝ սպանեցին: Մի առիթով մեկն ասել է. «Մովսեսին ավելի շատ գնահատեցին նրան սպանողները»:

1990թ. մայիսին Գերագույն Խորհրդի ընտրություններն էին: Դաշտը ազատվել էր:

Կարծում եմ՝ Երվանդ Սաղումյանին իսկապես սպանեցին, և սպանեցին նրա համար, որ հանգիստ ասեն՝ այդ օրը միայն Մովսեսը չզոհվեց, էլի զոհեր եղան: Էլի բառի համար մի երիտասարդ կյանք էլ խլեցին: Մեկօրյա ընդհարում՝ հարմար և շահեկան պահ խնդրի լուծման:

Մովսեսի վարկանիշը անհատականացված չէր:Նա իր մեջ կրում էր ազգային մտածողությունը, ազգային շահը, գենը, կոնկրետ սպանվեց Հայաստանի անկախության համար, ոչ այն անկախության, որ եկավ, այլ՝ էն անկախության, որ պիտի լիներ: Երասխի նպատակն այն էր, որ գալիքը ազգայնականից, ազգային մտածողությունից մաքրվի, գալիքի մտածողությունը ազգային չլիներ»:

Պատրաստեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031