Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուտարար Մալոյանին Թրամփը շնորհակալագիր է տվել, Փաշինյանն անգամ չի էլ լսել. Էներգետիկայի մեջ հեղափոխություն առաջարկող գյուտարարը գլխիկոր հեռանում է

Հուլիս 23,2021 18:03

Երեք տարի առաջ, ոգեւորված Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից, եւ հավատալով, որ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը Հայաստանի համար նոր հեռանկարներ կբացեն, սառը մետաղների տեխնիկ-տեխնոլոգ Ժորա Մալոյանը Ամերիկայի Միացյալ նահանգները թողել՝ վերադարձել է Հայաստան՝ երկրի տնտեսության մեջ իր ներդրումն ունենալու: Պարոն Մալոյանը սակայն դատարկաձեռն չի եկել: ԱՄՆ-ից իր հետ բերել է տարիներ առաջ իր ստեղծած գյուտը, որն իրագործելու դեպքում, Ժորա Մալոյանի խոսքով, ոչ միայն երկրի հարստությունը՝ մոլիբդենը, ոսկին երկրից դուրս չենք հանի, ընդերքը դատարկի, այլ մեծ գումարներ կբերենք Հայաստան, տնտեսությունն էլ արագ ոտքի կկանգնի: Նրա խոսքով, գյուտը հեղափոխություն է էներգետիկայի ոլորտում:

Երեք տարի շարունակ չինովնիկների դռները ծեծելուց հոգնած սակայն, Ժորա Մալոյանը որոշել է վերադառնալ ԱՄՆ: Իր ստեղծած գյուտի համար ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է շնորհակալություն հայտնել, Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը նույնիսկ ջանք չեն գործադրել նրան լսելու: Նա դիմել է Փաշինյանին՝ առաջարկելով ստեղծել մասնագիտական հանձնաժողով: Մի անգամ էլ՝ 2019 թվականին Աշտարակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, առաջարկների փաթեթն անձամբ է հանձնել նրան՝ վարչապետ եղած ժամանակ: Սակայն առաջարկներն այդպես էլ մնացել են օդում: Մինչդեռ մասնագետի գյուտերն ԱՄՆ-ում անցել են փորձաքննության ու գիտական մանրակրկիտ հիմնավորումների փուլը, ինչի արդյունքում ամերիկյան կողմը Ժորա Մալոյանին իր 3 գյուտերի համար տրամադրել է համապատասխան արտոնագիր, այսպես ասած՝ գյուտերը պատենտավորվել են: Սակայն Ժորա Մալոյանը ցանկանում է գյուտերը կյանքի կոչել Հայաստանում:

Մալոյանի գյուտերից մեկը ցածր դիրքերից ջրի վերհանման սարքերի միջոցով հիդրոդինամիկ փակ ցիկլով մաքուր էներգիայի ստացումն է, որի հիման վրա էլ հիդրոէլեկտրակայանի կառուցումը:

«Պատենտը ստանալուց հետո փաստաթղթերի մի մասը գնացել է Ամերիկայի գիտությունների ակադեմիա, ԱՄՆ անվտանգության ծառայություն եւ Սպիտակ տուն: Այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը նամակով շնորհակալագիր է ուղարկել ինձ՝ երկրի տնտեսության մեջ ներդրում ունենալու համար: Այսօր ամբողջ երկրագնդում էներգետիկ կռիվ է, ես հռչակավոր գյուտը բերեցի Հայաստան, բայց՝ քար անտարբերություն: Այդ գյուտը հեղաշրջում է եւ մեծ պատիվ է Հայաստանի համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Ժորա Մալոյանը:

Նա հերթով ցույց է տալիս բոլոր այն փաստաթղթերը, որոնք վկայում են իր ասածները: Ըստ նրա, խոսքն այլընտրանքային էներգիայի մասին է, որի ծախսերը բավականին չնչին են, գրեթե զրոյական եւ սպառողը 30-ից 50 տոկոսով էժան էլեկտրաէներգիա ձեռք կբերի: Նրա հաշվարկներով, իր եղանակով արտադրած էլեկտրաէներգիան 5 դրամով կարող են վաճառել բաշխիչ կառույցներին:

Վարչապետին ուղղված նրա դիմումները մակագրվում են էներգետիկայի նախարարությանը, այստեղ, ըստ Ժորա Մալոյանի, խոսակցությունն ավարտվում է, քանի որ «ոչինչ չեն հասկանում»: Պարոն Մալոյանի խոսքով, ինքը ոչ գումար է ուզում իր նախագիծը ներդնելու, ոչ՝ աջակցություն: Ըստ նրա, անհրաժեշտ է, որպեսզի այս հարցին պետական բարձր մակարդակով ընթացք տրվի: Ասում է՝ ամերիկյան ֆինանսական կառույցները օր ու մեջ հրավերք են ուղարկում՝ զարգացման ծրագրերով, որպեսզի Ժորա Մալոյանն իր գյուտն այնտեղ կյանքի կոչի, սակայն նա այս երեք տարիների ընթացքում հրաժարվել է մեկնել, սպասել է հանրապետության նախագահի կամ վարչապետի ընդունելությանը: Հանդիպման նպատակն իր ձեռքի տակ եղած իրեղեն ապացույցներն են, որոնք կվկայեն հեղափոխական նախագծի մասին:

«ԱՄՆ-ում 400 միլիոն դոլար գումար են առաջարկել գյուտն իրենց վաճառելու համար, հրաժարվել եմ»,-ասում է գյուտարարը: Ժորա Մալոյանը գյուտը պատենտավորելու առաջին փորձերը Սերժ Սարգսյանի օրոք է արել, բայց տեսնելով, որ հավանության չի արժանանում, տեղափոխել է Միացյալ նահանգներ: ԱՄՆ Էկոնոմիկայի նախարարությունն անմիջապես արձագանքել է եւ ընթացք տվել:

Ասում է՝ իր ստեղծած եղանակով էներգիայի ստացումը Սեւանա լճից ջուր բաց թողնելու, Արարատյան դաշտավայրի արտեզան հորերի խնդիրներն էլ է լուծելու, ձկնաբուծարանների հարցերը՝ նույնպես:

Նա ցույց տվեց նաեւ 10 միլիոն դրամաշնորհի առաջարկի փաստաթուղթը, որը տրամադրել է ամերիկյան կողմը, որպեսզի ծրագիրը 3 փուլով իրագործի Միացյալ նահանգներում, սակայն Ժորա Մալոյանը ցանկանում է իր գյուտն ի շահ Հայաստանի ծառայեցնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031