Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 43, ֆիզիկական բռնության 8 դեպք. ԽԱՊԿ զեկույցը Հայաստանում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ

Հուլիս 23,2021 17:59

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2021 թվականի երկրորդ եռամսյակային զեկույցի մասին

2021թ․ երկրորդ եռամսյակը լրատվամիջոցների գործունեության համար լարված  ժամանակաշրջան էր՝ կապված թե՛ շարունակվող հետպատերազմյան, թե՛ նախընտրական, թե՛ բուն ընտրությունների և հետընտրական գործընթացների հետ։

Հունիսի 20-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման 4 դեպք, իսկ հունիսի 7-18-ին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, գրանցվել է ֆիզիկական բռնության 2, տարատեսակ այլ ճնշումների 5 փաստ։

Երկրորդ եռամսյակի ընթացքում կտրուկ ավելացել են քաղաքական գործիչների, պաշտոնյաների, ինչպես նաև՝ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների կողմից ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտման, լրագրողների հանդեպ անվայելուչ վերաբերմունքի դեպքերը։ Նախորդ եռամսյակի 8-ի դիմաց՝ գրանցվել է 20 այդպիսի դեպք։ Դրանց առնչությամբ ԽԱՊԿ-ը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ 5 հայտարարությամբ է հանդես եկել, որոնք նաև իրավապահների ուշադրությանն են արժանացել։

Հատկապես զանգվածային միջոցառումների ժամանակ դրանց մասնակիցները հաճախ թիրախավորել են այն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնք ասոցացվել են հակադիր ճամբարի քաղաքական ուժի հետ։ Սա մեդիայի ծայրահեղ բևեռվածության, հասարակության պառակտվածության և փոխադարձ անհանդուրժողականության արդյունք է։

Ապրիլ-հունիս ամիսներին կտրուկ աճել է նաև ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական գործերի քանակը․ վարույթ է ընդունվել 23 նոր հայց, ինչը գրեթե կրկնակի ավելի է տարվա առաջին եռամսյակի համեմատ։

Ընդհանուր առմամբ, դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է  ֆիզիկական բռնության 8 միջադեպ, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 43, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 15 դեպք։

 2021թ խախտումների եռամսյակային տվյալներ 

Խախտումների տեսակները 2021 թ. 1-ին եռամսյակ 2021 թ. 2-րդ եռամսյակ Ընդհանուր
Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ 7
(8
տուժող)
8
(9
տուժող)
15
(17
տուժող)
Ճնշումներ` ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ 20 43 63
Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ 15 15 30

 2020 և 2021 թվականների 2-րդ եռամսյակներին գրանցված  խախտումների քանակը 

Խախտումների տեսակները 2020 թ. 2-րդ եռամսյակ 2021 թ. 2-րդ եռամսյակ
Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ 2 8
(9
տուժող)
Ճնշումներ` ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ 34 43
Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ 26 15

 2021թ ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական հայցերն ըստ եռամսյակների 

Դատական գործերի տեսակները 2021թ. 1-ին եռամսյակ 2021թ. 2-րդ եռամսյակ Ընդհանուր
Վիրավորանքի և զրպարտության հիմքով 10 23 33
Տնտեսական կամ այլ վեճեր 2 0 2

Նախընտրական շրջանից սկսած՝ տեղեկատվական դաշտն առողջացնող մի ծրագրով հանդես եկավ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ վերհանելով ԶԼՄ-ների հրապարակումներում տեղ գտած կեղծ լուրերն ու ապատեղեկատվությունը, ինչի արդյունքում Ֆեյսբուքն ու Ինստագրամն արգելափակում են այդ նյութերի հասանելիությունը։ Տասնյակ լրատվամիջոցներ հանդես եկան հայտարարությամբ այս գործընթացի դեմ՝ այն անվանելով գրաքննություն։

Իսկ իրավիճակը շտկելու համար իշխանությունների ձեռնարկված քայլերն էլ առայժմ անարդյունավետ են․ դրանց մեծ մասը ավելի շատ սպառնում է խոսքի ազատությանը, քան հնարավորություն է ստեղծում լուծելու չարաշահումների խնդիրը։ Ավելին՝ դրանք հակասում է միջազգային նորմերին և հարիր չեն ժողովրդավարական հասարակությանը։ Այդ պատճառով, օրինակ, ՀՀ նախագահը լրագրողական ՀԿ-ների հետ խորհրդակցելուց հետո չստորագրեց ԱԺ ընդունած օրենքը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափը պետք է եռապատկվեր, և ապրիլի 15-ին այն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ որոշելու համար փաստաթղթի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Լուրջ մտահոգություն են առաջացնում նաև ԶԼՄ-ներին վերաբերող մի շարք այլ նախաձեռնություններ՝ մշակած իշխանական տարբեր ատյաններում։

Դիտարկվող ժամանակահատվածում հրապարակվեցին միջազգային կազմակերպությունների զեկույցներ։ Ըստ «Freedom House»-ի՝ մամուլի ազատության ցուցիչով Հայաստանը դիրքերը պահպանել է։ «Բազմազան, բայց ոչ անկախ», – սա էլ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ ապրիլի 20-ին հրապարակված տարեկան զեկույցի գնահատականն է, համաձայն որի՝ մամուլի ազատության մակարդակով Հայաստանը 2 նիշով հետընթաց է գրանցել՝ այժմ աշխարհի 180 երկրների թվում 63-րդն է։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031