Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ից գնվող էժան զենքը տեսանք՝ ինչ արդյունք տվեց, ո՞ւմ էր պետք դա, ավելի լավ է թանկ, բայց արդյունավետ զենք գնենք». Հովսեփ Խուրշուդյան

Հուլիս 23,2021 17:24

«ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը խոչընդոտ է հանդիսանում այն համագործակցության հնարավորությունների համար, որոնք ունենք ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ: 2 հայտարարություն ունենք. ԱՄՆ դեսպանը 2-3 ամիս առաջ եւ Ֆրանսիայի դեսպանը 2 օր առաջ հայտարարեց պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Հետաքրքիր տարբերություն կա դրանց մեջ: Եթե Ֆրանսիայի դեսպանն ասում է, որ մենք պատրաստ ենք պաշտպանության ոլորտում համագործակցության, ուղղակի պետք է հաշվի առնել, որ դա սահմանափակ է նույն անվտանգային կառույցում չենք: Ապա ԱՄՆ դեսպանն ասում է՝ սահմանափակումներ կան նրա պատճառով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է: Այսինքն, բավական է, որ ՀԱՊԿ անդամ չլինի Հայաստանը, առաջարկում է համագործակցություն: ՀԱՊԿ-ը կործանվող գնացք է»,- այսօր «Մեդիա կենտրոնում» «Անվտանգային նոր համակարգերի հնարավորություն՝ Հայաստանի համար. որքանո՞վ է իրատեսական» թեմայով քննարկմանն ասաց «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն էլ զգուշացրեց, որ եթե մենք հիմա ճկուն չլինենք, նոր կորուստներ կարող ենք ունենալ. «ՀԱՊԿ-ի պատճառով կործանվի՞ հայ ժողովուրդը: Մենք 5000 տարվա ժողովուրդ ենք, ՀԱՊԿ-ը՝ 20 տարվա կազմակերպություն: Մենք ՆԱՏՕ-ի զորավարժություններին չենք մասնակցում, Ադրբեջանը մասնակցում է: Մերոնք ասում են՝ բարեփոխենք բանակը՝ Ռուսաստանի հետ: Բայց մենք պարտվեցինք, քանի որ մեր բանակը ՌԴ-ի չափորոշիչներով է»:

Խուրշուդյանն էլ հավելեց. «Ասում են՝ ՀԱՊԿ-ից դուրս գանք, ավելի թանկ ձեռք կբերենք զենքը, կներեք, մենք Ռուսաստանից գնվող էժան զենքը տեսանք ինչ արդյունք տվեց, ո՞ւմ էր պետք դա, ավելի լավ է թանկ, բայց արդյունավետ զենք գնենք: Ես վստահ եմ, որ այդ թանկ զենքի համար Արեւմուտքը կսուբսիդավորի Հայաստանին: Երկրորդը՝ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ երկիր չէ, բայց ՌԴ-ի հետ այսօր ավելի լավ հարաբերություններ ունի, քան Հայաստանը: Ղազախստանը ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ ռազմական համագործակցության պայմանագիր ունի՝ Թուրքիայի հետ, ու դրանից ռուս-ղազախական հարաբերությունները չեն վտանգվել: Այսինքն, բոլորին ամեն ինչ կարելի է, միայն Հայաստանը այսպես պետք է գլուխը կախ, խոնարհ սպասի, թե Ռուսաստանից ոնց են գլխին խփելու ամեն անգամ ու ասելու՝ խելոք մնա տեղդ, ինչ կասենք, այն էլ արա՞: Նույնիսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին չենք դիմում, երբ որ մեր սահմաններ են մտել ու ԱՄՆ-ն, Ֆրանսիան կոշտ դիրքորոշում հայտնեցին՝ հասկացնելով, որ մենք պատրաստ ենք ավելին գնալ, եթե դուք քայլ անեք: Բայց մեր իշխանությունները, թե՝ ռուսների հետ բանակ ենք վերակառուցում: Աստված գիտի, թե մեզ ուր են բերելու ռուսները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031