«Այս տարվա երկրորդ եռամսյակում շեշտակի աճել է դատական հայցերի թիվն ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների»,- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Համեմատելով վիճակագրական տվյալները՝ նա նշեց. «Եթե առաջին եռամսյակում արձանագրել էինք 10 նոր հայց, ապա երկրորդ եռամսյակում՝ 23: Սա պետք է կապել նաև ԶԼՄ-ների նկատմամբ բևեռվածության, այլ ճամբարների քաղաքական ներկայացուցիչների անհանդուրժողականության հետ»:
Հատկապես մեծ թիվ են կազմում քաղաքական գործիչների կողմից ընդդեմ ԶԼՄ-ների ներկայացված դատական հայցերը: Այս առիթով Աշոտ Մելիքյանը հիշեց գործարար, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին. «Երկրորդ եռամսյակում ընդդեմ ԶԼՄ-ների ներկայացված 23 հայցերից 12-ը ներկայացվել են Խաչատուր Սուքիասյանի ու իր հետ ասոցացվող ՍՊԸ-ի կողմից»:
Անդրադառնալով ԶԼՄ-ների դեմ ներկայացվող դատական հայցերի հիմքերին՝ Աշոտ Մելիքյանն ասաց. «Բոլոր հայցերը վիրավորանքի և զրպարտության հիմքով են: Մենք, բնականաբար, հետևելու ենք այդ բոլոր գործընթացներին: Կիսամյակի կտրվածքով ընդդեմ ԶԼՄ-ների 33 նոր հայց ունենք, որը բավականին բարձր ցուցանիշ է և մտահոգվելու տեղիք է տալիս»:
Կարդացեք նաև
Ըստ Աշոտ Մելիքյանի՝ պետության, իշխանության քայլերը տեղեկատվության ոլորտի առողջացման հարցում արդյունավետ չեն: Նա ցավով նշեց՝ բոլոր փորձերն ավելի կապված են օրենսդրական փոփոխությունների, որոշ խստացումների հետ, որոնք ոչ միայն արդյունավետ չեն, չեն լուծում եղած խնդիրները, այլև վնասում են խոսքի ազատությանը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ