Քաջարանի հոգեւոր առաջնորդ Տեր Շիրակ քահանա Խանոյանը կոչով դիմել է սյունեցիներին, մասնավորապես՝ քաջարանցիներին։
Տեր Շիրակի խոսքով՝ այսօրվա իրականությունն իր նախադեպը չի ունեցել պատմության մեջ, միեւնույն ժամանակ՝ այն շատ պատմական փաստերի կրկնություն դարձած արհավիրք է, որը պահանջում է հայ ժողովրդի սթափությունը, ողջախոհությունը, միասնությունը եւ ամրապնդումը:
«Այս անորոշության մեջ մենք ներքին խաղաղության անհրաժեշտություն ունենք, որ պիտի մի կողմ դնենք ամեն տեսակ հաշվեհարդար, դժգոհություն, խարդավանք եւ հանդես գանք խաղաղ կեցվածքի մեջ, որ արտաքին քաղաքական դժվարություններն ու խարդավանքները լուծելու համար ներքին բարոյական արժեքներ է պետք դրսեւորել, որ անթույլատրելի է արտաքին վտանգների ներքո զբաղված լինել ներքին խժդժություններով եւ անհաշտություններով»,-ասում է Քաջարանի հոգեւոր հովիվը:
Նա հորդորում է՝ զատել գլխավորը երկրորդականից՝, առաջնահերթությունը տալով հոգեւորին եւ բարոյականին, կայուն արժեքներին, կարեւորում է «այս ամենին հավատարմորեն հետեւող անձանց, ովքեր մտքի կարապետներ կդառնան՝ ժողովրդին առաջ մղելու ճանապարհին»:
Կարդացեք նաև
Տեր Շիրակը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հավատացյալներին դիմել է ոչ միայն հոգեւորական, այլ նաեւ հայ մարդ, որը մտահոգ է իր ազգով եւ համայնքի կյանքով։
«Այժմ կարեւոր է գործել ներքին միասնական խաղաղության դաշտում, գործել մեկ բռունցք դարձած՝ համայնքային կյանքի, ազգային կյանքի նկատմամբ, գործել ճիշտ դրսեւորում որդեգրած, եւ ոչ նախանձից ու չարակամությունից դրդված․ իրար նկատմամբ հարցեր պարզելու մոլուցքով տարված»,-ասում է նա՝ համոզված, որ այս ծանր իրավիճակների ելքը միմիայն միասնաբար եւ ներքին խաղաղությամբ գործելու դաշտում է:
Տեր Շիրակի ամբողջական կոչը՝ տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ