Այսօր «Մեդիա կենտրոնում» «Անվտանգային նոր համակարգերի հնարավորություն՝ Հայաստանի համար. որքանո՞վ է իրատեսական» թեմայով քննարկմանը Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն ասաց. «Մեր հասարակության մեջ ուզում են ներդնել ինչ-որ կարծրատիպեր, որոնք հակասում են հայ ժողովրդի շահերին, օրինակ, որ ՆԱՏՕ-ն դա Թուրքիան է: Ձեւ են թափում, թե իբր չեն հիշում, որ Թուրքիան հիմա գտնվում է ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների սանկցիաների տակ, օրինակ՝ Կանադայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի: Ժողովուրդ, համոզված եմ, որ դուք այնքան գրագետ եք, որ գիտեք՝ ՆԱՏՕ-ն դա Ֆրանսիան է, ԱՄՆ-ն է, Կանադան է, Լեհաստանն է ու այդ բոլոր խաղացողները, տեսնում ենք, որ հայանպաստ են բավականին ե՛ւ Ղարաբաղի հարցում: Մյուս օրինակը, որ ամենաթարմն է, դա ուղղակի խայտառակություն է՝ պատկերացնո՞ւմ եք ԵՄ-ն, որը մեզ անընդհատ աջակցում է, վերջին 25 տարում 1,5 մլրդ-ի կարգի աջակցություն մեզ տվեց, հասկացա՞ք, դա ինվեստիցիա չէ, տոկոսով փող չէ: Միայն կորոնավիրուսի համար մոտ 100 մլն ստացանք: Հիմա բավական լուրջ քարոզչություն է գնում, թե ինչո՞ւ տվեցին 2 մլրդ 600 մլն-ը»:
Դիտարկմանը, որ մարդիկ կասկածամտությամբ են վերաբերվում այդ գումարներին, որովհետեւ պատերազմի ժամանակ Եվրոպան լռում էր՝ Ստեփան Գրիգորյանը չհամաձայնեց՝ ասելով, որ նույնիսկ կորոնավիրուսի ժամանակ Եվրոպան չի լռել այդ հարցով. «Դուք մոռացա՞ք Եվրոպայի երկրների՝ Ֆրանսիայի, Հունաստանի արձագանքը: Մեր առջեւ պարտավորություն ունի միայն ՌԴ-ն, մենք չունենք որեւէ պայմանագիր, որով պարտավորեցնում է Եվրոպային մեզ աջակցել: Բայց Եվրոպան հայտարարություններ արեց, Ֆրանսիան նույնիսկ ուժային աջակցություն առաջարկեց: Դա ֆեյքերի տարածման արդյունք է, որ հասարակությունը մտածում է՝ Եվրոպան լռում էր»:
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ Հայաստանը, ՀԱՊԿ անդամ լինելով բուտաֆորիկ գոյություն չունեցող մի կառույցի անդամ է, որը տեսանելի դարձավ թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ հետո. «Մենք տեսնում ենք, որ դա անգործունակ կառույց է, որն ի վիճակի չէ իր անդամների անվտանգությունն ապահովել: Այլ սկզբունքներով է առաջնորդվում, քան գրված է կանոնադրության մեջ»:
Խուրշուդյանն ընդգծեց, որ Հայաստանը կարծես չի ուզում դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ դիվերսիֆիկացնելու համար մեր անվտանգային միջավայրը եւ համագործակցելու մեր իրական բարեկամ երկրների հետ Արեւմուտքից. «Կան ոչ ադեկվատ վախեր Ռուսաստանից եւ ՌԴ արձագանքից»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի ՖԲ էջից