Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը, նման դերասան չեմ ճանաչում». Սամսոն Ստեփանյանը՝ Կամերային երաժշտական թատրոնի մասին՝ Հրաչյա Հակոբյանի հայտարարության մասին

Հուլիս 23,2021 16:07

«Այդպիսի միտք էլ չկա, մտքովս չի էլ անցնում, որ կգնանք Պարոնյան թատրոն: Եթե ես գնայի Պարոնյան թատրոն, ժամանակին կգնայի, բայց ես այս թատրոնն եմ ընտրել: Կամերային թատրոնում քարը քարին եմ դրել, չի կարող նման բան լինել: Սա բարոյական խնդիր է»,- ԿԳՄՍ նախարարության դիմաց հրավիրված բողոքի ցույցի ընթացքում լրագրողների հետ զրույցում Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի միավորման վերաբերյալ այպիսի կարծիք հայտնեց Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան Արթուր Պետրոսյանը:

Հիշեցնենք՝Պետական երաժշտական կամերային թատրոնի անձնակազմին ԿԳՄՍ նախարարությունից առաջարկել են տեղափոխվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենք, ինչին Պետական երաժշտական կամերային թատրոնի ամբողջ անձնակազմը դեմ է:

Լրագրողները փաստեցին, թե նախարարությունից պատճառաբանում են, որ այս օպտիմալացումը հենց թատրոնի համար են անում: Դերասանն արձագանքեց. «Եթե մեզ համար ուզում են բան անել, թող չխանգարեն: Մեզ երկուսիս անհարմարության մեջ դնելով՝ ուզում են մեկ ուրիշի խնդիր լուծել»: Արթուր Պետրոսյանը մտահոգություն ունի, որ հնարավոր է իրենց շենքից հանեն՝ իբր շենքը Սիմֆոնիկին տրամադրելու պատճառաբանությամբ, բայց մի քանի ամիս հետո հայտարարեն, թե շենքը նրանց էլ հարմար չէ և ի վերջո այն վաճառեն:

Նախարարության բակում ցույցի դուրս եկած դերասանների հետ էր նաև «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն»-ի տնօրեն Արման Նավասարդյանը: Նա ևս Կամերայինի բեմում ժամանակին խաղացել է: Ասաց՝ այժմ կամերայինում իր աշակերտներն ու գործընկերներն են ու վստահեցրեց՝ կարծում է՝ եթե ուզում ես ինչ որ բան դեպի լավը տանել, կարող ես ձևեր գտել. փակելը, քանդելը, միավորելն ամենահեշտ ձևն է: Կոնկրետ խնդրին անդրադառնալով՝ ասաց. «Չեմ կարծում՝ մի թատրոնում կարող են լինել երկու տարբեր թատրոնների խաղացանկեր: Ո՞նց եք պատկերացնում մի թատրոնի խաղացանկը տանել, մյուսում խաղացնել: Իրենց բեմի համար են բեմադրել. Կամերային ամբողջ թատրոնը տեղավորվում է Պարոնյանի բեմի վրա»:

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը (լուսանկարում) ԿԳՄՍ նախարարի և ոլորտային փոխնախարարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց՝ ոչ իրենք են իրենց դիրքորոշումը փոխել, ոչ նախարարությունը: Պայքարելու են մինչև վերջ, մինչդեռ նրա ձևակերպմամբ՝ նախարարությունն էլ իր պետական հանձնարարությունն է կատարում:

Խոսելով իրենց պահանջների մասին՝ Սամսոն Ստեփանյանն ասաց. «Պահանջ ենք ներկայացրել, որ մեզ չմիավորեն Պարոնյան թատրոնի հետ: Կան բազմաթիվ ազատ տարածքներ, որ կարող են համապատասխանել Սիմֆոնիկ նվագախմբի պահանջներին: Ցանկալի չէ երաժշտական և թատերական ոլորտի խնդիրները խառնել, կոռեկտ չէ: Մեր թատրոնի շենքը ներդրումների կարիք կունենա, քանի որ դա չի համապատասխանում փորձատեղիի համար»:

Լրագրողների դիտարկմանը՝ հնարավո՞ր է նախարարության նման նախաձեռնության հարցում դերակատարություն են ունեցել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կամերային երաժշտական թատրոնի նախկին դերասան Հրաչյա Հակոբյանի հայտարարությունները, մասնավորապես այն, որ նա հայտարարել էր, թե «Պետական կամերային երաժշտական թատրոնը մեռնող թատրոն է», Սամսոն Ստեփանյանը պատասխանեց. «Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը, նման դերասան չեմ ճանաչում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Դրա համար մակարդակով ներկայացումներ պետք է բեմադրել, որ չասեն ցածր մակարդակի թատրոն է: Իսկ սիմֆոնիկը լուռ է, շատ է ուզում գալ այս տարածք…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031