«Մենք զարմանում ենք, թե ինչպե՞ս կարող է սահմանամերձ գյուղը, որի կեսում արդեն թուրքերը նստած են, կամ այն հատվածը, որտեղ բարձունքի վրա՝ Սեւ լճի մոտ, թուրքը եկել նստել է, Փաշինյանին ընտրել: Սա պարադոքս է ու զայրացուցիչ: Բայց վախն այստեղ մեծ դեր կատարեց: Վախեցած մարդը կարող է այսպիսի պարադոքսալ, ոչ տրամաբանական, տվյալ իրադրության մեջ, կարծես, իր կաշին փրկելու գործողություն անել: Վախեցած մարդու մտածողությունը անհետանում, կորչում է, եւ նա արդեն հեռահար կանխատեսումներ չի անում, այլ պահի մեջ ուզում է գլուխն ազատել: Այս պահը այդպիսինն էր՝ այդ մուրճը, սպառնալիքները՝ ջարդը, նաեւ կադրային»,-երեկ ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Հարցին, թե իր դիտարկումներով ստացվում է, որ Հայաստանի քաղաքացին ավելի շատ իր իշխանությունից է վախենում, քան թշնամո՞ւց, հոգեբանը պատասխանեց. «Թուրքից վտանգի զգացողությունը բոլորի մոտ կա, նույնիսկ այն մարդկանց մոտ, որոնք այսօրվա իրադրությունը դեռ չեն կարողանում գնահատել: Թշնամու զգացողությունը խորն է նստած: Բայց իրենց առջեւ կանգնած է մարդ, որը երկիր է ղեկավարում, ում ձեռքին կան պետությունը ղեկավարելու բոլոր լծակները: Եվ այդ մարդը մատ է թափ տալիս իրենց վրա, ինչ-որ խոստումներ է տալիս, բայց նաեւ սպառնալիքներ հնչեցնում: Այսինքն, թուրքն այնտեղ կանգնած է, բայց իրենք մտածում են, թե ինչ-որ պաշտպանություն կարող է լինել, որ ինչ-որ ձեւով թուրքը չի հասնի մեզ: Արի այս մարդու ասածն անենք, որովհետեւ ինքն է մեզ պաշտպանելու: Այստեղ խառնաշփոթ է առաջանում եւ մարդիկ սիտուացիայի մեջ են կողմնորոշվում. շառ ու փորձանքից հեռու, գնամ՝ ընտրեմ իրեն: Փաստորեն,ստացվում է, որ մարդիկ մուրճից ավելի շատ են վախենում, քան թշնամուց»:
Բացի այդ, Նիկոլը նաեւ խաղաղասիրության քարոզ է անում՝ պիտի հաշտվենք, պիտի ապրենք իրար հետ: Այն կողմից ատամներ են ցույց տալիս եւ շատ ռեալ գործողությունների են դիմում, ինքը խաղաղասիրություն է քարոզում: Ցանկացած պարզ մարդ ուզում է խաղաղ ապրել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ