Լրահոս
Օրվա լրահոսը

Ի դեմս կնոջ՝ ճանաչելով իրենց հանգուցյալ ընկերոջ քրոջը, ծեծել և ազատությունից զրկել էին նրա հետ հյուր եկած 35-ամյա տղամարդուն

Հուլիս 23,2021 15:45

Ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Իջևանի Երիտասարդական փողոցի մի բնակարանում երկու հոգի ծեծի են ենթարկել 35-ամյա մի տղամարդու: Հետո պիտի պարզվեր, որ կատարվածը շատ ավելի ծանր բնութագիր ունի:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հուլիսի 10-ի երեկոյան ընկերոջ բնակարանում ոչ միայն ծեծել, այլև հոգեկան ուժեղ տառապանք էին պատճառել ու ազատությունից ապօրինի զրկել նույն օրը միջհամայնքային ավտոբուսով Իջևան ժամանած 35-ամյա տղամարդուն:

Ըստ նախնական տվյալների` հյուր եկած տղամարդը ավտոբուսում ծանոթացել էր 49-ամյա կնոջ հետ: Երկուսով եկել են հիշյալ բնակարան, որտեղ տանտերն ու երկու ընկերները հերթական գինարբուքն էին կազմակերպել, տանտերն էլ քնած էր: Ի դեմս կնոջ՝ ճանաչելով իրենց հանգուցյալ ընկերոջ քրոջը և ենթադրելով, թե նրա հետ եկած տղամարդը հետին մտքեր ունի` 29 և 49 տարեկան տղամարդիկ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էին հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Ավելին, վառվող ծխախոտը հանգցրել էին նրա ճակատին, թքել դեմքին` պատճառվելով հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ: Այս ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, տանտերը զարթնել էր, նույնիսկ փորձել էր կանխել ծեծն ու խոշտանգումը, բայց՝ անօգուտ: Հետո, երբ խոշտանգողները ենթադրել էին, թե տնից դուրս գալով՝ տղամարդը կարող է դիմել ոստիկանություն` ապօրինի զրկել էին ազատությունից՝ սպառնալով մորթել նրան ու վերացնել ընտանիքը:

Արդյունքում 35-ամյա տղամարդը մինչև գիշերվա ժամը երկուսը զրկվել էր անձական ազատությունից:

Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 119-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 133-րդ (Ազատությունից ապօրինի զրկելը) հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

29 և 49 տարեկան տղամարդիկ կալանավորվել են: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031