Լրահոս
Օրվա լրահոսը

«10 տարուց ավելի է՝ Թուրքիան պատվարներ է կառուցում Ախուրյանի Կարսաչայ վտակի եւ Արաքս գետի վրա՝ կրճատելով մեր մասնաբաժինը»

Հուլիս 23,2021 15:30

Ոռոգման, ջրային ռեսուրսների, հարեւան երկրների հետ ջրային ռեսուրսներից օգտվելու չափաբաժնի եւ այլ խնդիրների շուրջ «Առավոտ»-ը զրուցել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ինեսսա Գաբայանի հետ։

– Տիկին Գաբայան, կրկին ոռոգման սեզոնին գյուղացիները խնդրի առաջ են կանգնում, ոռոգման ջրի սակավություն կա։ Մինչդեռ մենք միշտ լսում էինք,  թե Հայաստանը ջրային ռեսուրսներով հարուստ երկիր է, ասում են՝ նավթ չունենք, բայց ջուր ունենք եւ այլն։ Ինչո՞ւ է մեր երկրում տարեց տարի ավելի սրվում ոռոգման ջրի խնդիրը։

– Այո՛, նավթ չունենք, բայց ջուր ունենք, սակայն դա դեռեւս չի նշանակում, որ Հայաստանը ջրառատ երկիր է: ԱՊՀ երկրների մեկ շնչին ընկնող ջրի տարեկան միջին քանակը կազմում է 18 հազ.մ3, իսկ Հայաստանում՝ 2.6 հազ.մ3: Համեմատության համար, հարեւան Վրաստանում այն կազմում է 11.4 հազ.մ3, այսինքն՝ Հայաստանից 4.4 անգամ ավելի: Մյուս կողմից, մի շարք երկրների հետ համեմատած, Հայաստանում հողագործությամբ կարելի է զբաղվել միմիայն ոռոգման միջոցով, որի արդյունքում ջրօգտագործման պահանջարկը շատ ավելի բարձր է, քան մյուս երկրներում: Իսկ թե ինչու՞ է Հայաստանում տարեց տարի սրվում ոռոգման ջրի խնդիրը, կապված է հիմնականում ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման եւ օգտագործման հետ:

– Ինչո՞ւ է հատկապես Արարատյան դաշտում եւ Շիրակի մարզի որոշ համայնքներում ոռոգման խնդիր առաջանում։

– Ոռոգելի հողագործությունն առավելապես զարգացած է Արարատյան եւ Շիրակի դաշտերում, հետեւաբար ոռոգման ջրի խնդիրները ավելի սուր բացահայտվում են այդ տարածքներում: Արարատյան դաշտի համար ոռոգման ջրաղբյուրներից են Սեւանա լիճը եւ Ախուրյան ու Արաքս գետերը: Գաղտնիք չէ, որ  ոռոգման ենթակառուցվածքները՝ պատվարները, մայր եւ երկրորդ կարգի ջրանցքները, ինչպես նաեւ երրորդ եւ չորրորդ կարգի ոռոգման ցանցերը տեխնիկապես եւ բարոյապես հնացած են, համակարգում առկա է միջինում 40-45%, որոշ տեղերում էլ՝ 65-70% ջրի կորուստներ: Տարեկան ՀՀ կառավարության կողմից հատկացված դոտացիաների եւ սուբսիդիաների 70%-ից ավելին վճարվում է համակարգում օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց, իսկ մնացածը, ինչպես նաեւ ոռոգման ջրի սիմվոլիկ վարձավճարները բավարար չեն տարեկան պահպանման ծախսերը հոգալու համար, էլ չեմ խոսում համակարգը վերականգնելու եւ արդիականացնելու  համար պահանջվող լուրջ ներդրումների մասին:

Հայաստան-Թուրքիա սահմանին կառուցված Ախուրյանի ջրամբարը հավասարապես օգտագործվում է երկու պետությունների կողմից: Ախուրյան գետը սնվում է Հայաստանից եւ Թուրքիայից հոսող վտակներով: Տասը տարուց ավելի է, որ Թուրքիան պատվարներ է կառուցում Ախուրյանի Կարսաչայ վտակի եւ Արաքս գետի վրա՝ կրճատելով մեր մասնաբաժինը: Հայաստանի տարածքում ձեւավորված ջրային ռեսուրսների կեսից ավելին առանց օգտագործելու հեռանում է հարեւան երկրներ: Այսօր եւ մեր անկախության ողջ ժամանակաընթացքում, Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար անհետաձգելի, ռազմավարական նշանակության կարեւորագույն խնդիրն է եղել եւ կա սեփական ջրային ռեսուրսները Հայաստանի տարածքում ամբարելը եւ երկրի տնտեսության զարգացման համար օգտագործելը՝ լինի դա ջրամատակարարում, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, թե այլ ոլորտ։ Շիրակի մարզում, անցյալ դարի 40-50-ական թվականներին 5 միլիոն խոր.մ ծավալով Արփի բնական լճի վրա կառուցվել է 100 միլիոն խոր.մ ծավալով ջրամբար՝ ջրային ռեսուրսները կուտակելու եւ Շիրակի դաշտի ու Վերին Ախուրյանի գոգավորության հողատարածքները ոռոգելու  համար: Ջրամբարից լրացուցիչ ջուր են ստանում նաեւ Թալինի եւ Արմավիրի ջրանցքները։ 2009 թ. «Արփի լիճ» ազգային պարկ ստեղծելուց հետո  առ այսօր Արփի ջրամբարի կառավարման եւ օգտագործման պլանը հստակեցված չէ, օգտագործվում է ջրամբարի օգտակար ծավալի միայն մի մասը: Այն դեպքում, երբ Արփի ջրամբարը կառուցվել էր գյուղատնտեսության զարգացման նպատակով որոշակի հողատարածքներ ոռոգելու համար, իսկ «Արփի լիճ» ազգային պարկը ստեղծելուց առաջ որեւէ այլընտրանք չի առաջարկվել եւ, առավել եւս, խոչընդոտվում է ջրամբարի շահագործումը ոռոգման ռեժիմով: Բացի այդ, պետք է նկատի ունենանք, որ Արփի լճից Թալինի եւ Արմավիրի ջրանցքների դոտացիան իրականացվում է Ախուրյանի ջրամբարի միջոցով, այսինքն, ջրի կեսը օգտագործում է Թուրքիան: Այս խնդրի լուծմանը կարող էր օգնության գալ Շիրակի մարզում նախատեսվող Կապսի ջրամբարի շինարարությունը, որի ամբարված ջրերի մի մասը՝ շրջանցելով Ախուրյանի ջրամբարը, միանգամից կոռոգեր Թալինի եւ Բաղրամյանի հողատարածքները՝ նվազեցնելով Ախուրյանի ջրամբարի ջրառի քանակությունը այդ տարածքի համար:

– Կա տեսակետ, որ մեր ջրային ռեսուրսների մեծ մասն անխնա հոսում է Թուրքիա, որտեղ էլ ամբարում են ջրերը։

– Քանի որ առ այսօր մենք կարողանում ենք կառավարել Հայաստանում ձեւավորվող մակերեւութային ջրային ռեսուրսների միայն կեսը՝ ամբարելով ջրամբարներում, բնականաբար մյուս կեսը հոսում է հանրապետության սահմաններից դուրս: Էլ չեմ խոսում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ավազանի ռազմավարական պաշարների անխնա օգտագործումը, որի արդյունքում սկսվել է մեր անվտանգության երաշխիքներից մեկի՝ ջրային պաշարի, սպառման գործընթացը, ինչպես նաեւ չորացել է Սելավ Մաստարա գետը: Սակայն ավելի ստույգ լինելու համար նշենք, որ այդ ջրերը Արաքս գետ հեռանալուց հետո ամբարվում են Նախիջեւանի ջրամբարում եւ օգտագործվում Իրանի եւ Ադրբեջանի կողմից: Ինչ վերաբերում է Թուրքիային, ինչպես նշեցինք վերեւում, այն ամբարում է իր տարածքում ձեւավորվող Արաքս գետի եւ Ախուրյան գետի վտակների ջրերը:

– Հայտնի է, որ Թուրքիան մեծ թափով ջրամբարաշինության աշխատանքներ է իրականացնում, նախատեսում է Արաքս գետի վրա եւս ջրամբար կառուցել։ Այս դեպքում ի՞նչ վտանգներ կառաջանան։

– Թե՛ Արաքս, եւ թե՛ Ախուրյան գետերի վրա գտնվող ջրառ հանգույցներում ջուրը հավասարապես կիսվում է երկու երկրների՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Բնականաբար, Թուրքիան իր տարածքում կառուցելով ջրամբարներ եւ թույլ չտալով այդ ջրերի հոսքը դեպի գետ, այդ ծավալով կրճատում է Ախուրյանի ջրամբարում ամբարվող եւ Արաքս գետ թափվող ջրի ծավալները: Հետեւաբար, խաթարվում է այն ոռոգման սխեման, որը նախատեսվել էր, երբ Թուրքիայում ջրամբարներ դեռ կառուցված չէին: Դրանից էլ Արմավիրի եւ Թալինի ջրանցքների իշխման տակ գտնվող ոռոգելի տարածքների ջրասակավության խնդիրներից մեկը, որ սրվել է վերջին տասնամյակում:

– Ձեր՝ Ջրային կոմիտեի կառավարման շրջանում Ջրային համակարգի զարգացմանն ուղղված հայեցակարգի նախագծի փաթեթը, Հայաստանի ջրամբարաշինության ծրագիրը։ Կարո՞ղ եք մանրամասնել՝ ի՞նչ էր սա ենթադրում, եւ այսօր ի՞նչ փուլում է այս ծրագիրը։ Հայաստանում ջրամբարաշինությանն ի՞նչ գնահատական կտաք։ Բավարար աշխատանքներ տարվո՞ւմ են։

– Այս հարցին պատասխանելու համար պետք է ՀՀ կառավարության մաս կազմել: Համենայն դեպս, հետաքրքրության համար փորձեցի համացանցում գտնել վերջին երկու-երեք տարվա ընթացքում Կառավարության կողմից ընդունած որոշումները ջրային ոլորտի վերաբերյալ: Գտա կարեւորագույն փաստաթղթերի ընդունման վերաբերյալ կառավարության որոշումների ՆԱԽԱԳԾԵՐ միայն եւ ոչ մի կայացրած որոշում: Ինչ վերաբերում է ջրամբարաշինության ծրագրին, ապա ՀՀ կառավարություն էր ներկայացվել հրատապ իրականացման համար առաջնահերթություն ունեցող շուրջ երկու տասնյակ փոքր ջրամբարների ցանկը: Առ այսօր որեւէ զարգացում այդ ուղղությամբ չեմ տեսնում: Հայաստանում ջրամբարաշինությունը գնահատելու համար միակ ցուցանիշն այն է, որ մենք կարողանանք ամբարել եւ կառավարել մեր բոլոր ջրային ռեսուրսները: Քանի դեռ չենք հասել այդ ցուցանիշին, այն անբավարար է:

– Որոշ մասնագետներ պնդում են, որ ձկնաբուծությունն ազդում է ստորերկյա ջրերի մակարդակի նվազմանը։ Ի՞նչ դիտարկում ունեք այս առումով։

– Նախ պետք է նշենք, որ ոչ թե ձկնաբուծարանները, այլ դրանցում ջրի անխնա օգտագործումը, եւ որ հարցը վերաբերում է Արարատյան դաշտում գործող ձկնաբուծարաններին, որոնք օգտագործում են Հայաստանի համար ռազմավարական նշանակության ստորերկրյա ջրերը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում եւ համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի կողմից հաշվարկվել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի, ստորերկրյա ջրերի բնական պաշարների, ջրավազանը սնող բնական ռեսուրսների եւ ընդհանուր շահագործական պաշարի արժեքները 2016 թվականի դրությամբ։ 2016 թվականին կատարված գույքագրման տվյալների համաձայն՝ Արարատյան դաշտում տարբեր նպատակներով իրականացվող ստորերկրյա ջրառի փաստացի ծավալը կազմել է 1,608.07 մլն.մ3, ընդ որում 809,07 մլն.մ3 ձկնաբուծական, իսկ 581,25 մլն.մ3 ոռոգման նպատակներով: Այն դեպքում, որ  ստորերկրյա ջրառի տարեկան թույլատրելի ընդհանուր ծավալը (ստորերկրյա ջրերի ընդհանուր շահագործական պաշարը) նույն ժամանակաշրջանի համար գնահատվել է 926.73 մլն.մ3։ Ուստի, 681.34 մլն.մ3-ը գնահատվում է որպես ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործում: Խնդրի լուծումը շատ պարզ է. օրենսդրական, ֆինանսատնտեսական եւ տեխնիկական գործիքակազմի համատեղ կիրառման դեպքում կունենանք գոյություն ունեցող  շրջանառու (ջրի խնայողությունը 50% ) կամ փակ (ջրի խնայողությունը 96%) ջրամատակարարման համակարգեր եւ մեկ-երկու տարվա ընթացքում կլուծենք ձկնաբուծարանների կողմից ջրի անարդյունավետ օգտագործման խնդիրը:

– Ի՞նչ կարծիք ունեք Սեւանա լճից լրացուցիչ ջրառի մասին։

– Մենք չենք կարող հրաժարվել գյուղատնտեսական հողատարածքները ոռոգելուց: «Կամ-կամ» մոտեցումները միայն փակուղու են հանգեցնելու: Սեւանի խնդրի միակ լուծումը սեփական ջրային ռեսուրսների լիարժեք կառավարումն է եւ արդյունավետ օգտագործումը:

– Ամփոփելով, ասացեք, խնդրեմ, առաջնահերթ ի՞նչ խնդիրներ պետք է լուծի ՀՀ կառավարությունը, որպեսզի հաջորդ կամ առաջիկա տարիներին կրկին ոռոգման խնդիր չառաջանա։

– Թե՛ հաջորդ տարի, եւ թե՛ հաջորդ տարիներին մենք ոռոգման խնդիրներ դեռեւս ունենալու ենք: Տենդենցը կլինի դեպի խնդիրների ավելացում, թե պակասում՝ կախված է որքանով շուտ կսթափվենք եւ լրջությամբ կլծվենք մեր պետության անվտանգության երաշխիքներից մեկի՝ ջրի, հարցերը լուծելուն: Սակայն, որպես եզրափակիչ խոսք, ոչ միայն ոռոգման, այլեւ շատուշատ ոլորտների վաղվա օրվա մասին, կարծում եմ, որ ՀՀ կառավարությունը, երկրի իշխանությունները պետք է արտահայտեն քաղաքական կամք եւ ցանկություն՝ հիմնված մարդասիրական եւ հայրենասիրական բարձր արժեքների վրա, երկիրը դուրս բերելու տնտեսական, քաղաքական եւ բարոյական ճգնաժամից եւ կառուցելու հայ ազգին վայել պետություն: Միայն քաղաքական կամքի եւ ցանկության դեպքում, իրատեսորեն իրավիճակը գնահատելով, կարելի է կոնսոլիդացնել գիտական, մասնագիտական եւ ֆինանսական ներուժը եւ հնարավորությունները:

Հարցազրուզրույցը՝

Նելլի ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031