Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրեն երբեմնի քաղբանտարկյալ հռչակած վարչապետի պաշտոնակատարը ո՞նց է վերաբերվում այս հարցին»․ Քրիստինե Վարդանյան

Հուլիս 23,2021 14:10

«Պարզվեց, որ նոյեմբերին տեղի ունեցած ցույցերից մեկի առնչությամբ էի որպես վկա հարցաքննվում։ Գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրված, եթե չեմ սխալվում, 11 մարդու։ Բոլորը՝ ընդդիմության ներկայացուցիչներ։ Դա այն հավաքն էր, որի ժամանակ հրապարակից բերման ենթարկվեցին մի շարք մարդիկ՝ դրոշներ ծածանելու ժամանակ։ Միայն ՀՅԴ-ի ներկայացուցիչները չէ, որ բերման ենթարկվածների թվում էին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքով պատգամավորի թեկնածու ընտրված Քրիստինե Վարդանյանը՝ ներկայացնելով այսօր իր հարցաքննության հետ կապված որոշ մանրամասներ։

Հիշեցնենք՝ նա հայտնել էր, որ կանչվել է քննչական կոմիտե՝ հարցաքննվելու որպես վկա։

Հիշեցնենք, որ այդ թվում նոյեմբերին «Հայրենիքի փրկության շարժումը» հավաքներ էր կազմակերպում՝ ներկայացնելու հետպատերազմյան խնդիրներն ու իրենց առաջարկները, իսկ ոստիկանությունը պարբերաբար բերման էր ենթարկում հավաքների մասնակիցներին՝ հայտարարելով, որ ռազմական դրության պայմաններում արգելվում է հավաքների անցկացումը:

«Իշխանությունը պարբերաբար գլուխ է գովում, թե երբեք խոչընդոտներ չի ստեղծել ընդդիմության համար, ազատ է թողել։ Ասում են, թե՝ «տեսա՞ք, որ փողոցով ոչինչ չի ստացվում»․․․ինձ մոտ հարց է առաջանում՝ իսկ ավել ի՞նչ պիտի անեինք, էլի․․․ընդդիմության գրեթե ամեն ներկայացուցչի վրա քրեական գործ կա, կամ էլ պարբերաբար կանչվում ենք քննիչների մոտ, կամ էլ հավանականություն կա, որ նոր քրեական գործ կլինի։ Էլ չասենք, որ ընդդիմության ներկայացուցիչների մի մասը զրկված է ազատությունից։ Իրեն երբեմնի քաղբանտարկյալ հռչակած վարչապետի պաշտոնակատարը ո՞նց է վերաբերվում այս հարցին, ո՞նց է ստացվում, որ մարդու ազատությունների մասին խոսողները հիմա ամեն օր մարդկանց ազատությունից զրկում են՝ վերջիններիս քաղաքական հայացքների պատճառով»,-հարցադրում արեց Քրիստինե Վարդանյանը։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ նաեւ «Հայաստան» դաշինքի անդամներն են այսօր ազատությունից զրկված, Քրիստինե Վարդանյանը նշեց․ «Հիմա էլ եմ խորապես համոզված, որ ցանկացած իրավախախտ պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Բայց այս երեք տարում արձանագրեցինք, որ բոլոր քրեական գործերն ինչ-որ հրաշքով հարուցված են քաղաքական ընդդիմախոսների հանդեպ եւ այդ գործերում ապացույցների, փաստերի բացակայություն կա։ Մարդիկ ամիսներով կամ մեկ տարի զրկված են լինում ազատությունից ու դատարանի վճռով ազատ արձակվում, իսկ թե նրանց կրած վնասների համար ով պետք է հատուցի, մնում է օդում կախված։ Երբ հիմա խոսում ենք արդարության վերականգնման կամ իրավական պատասխանատվության մասին, կարծում եմ՝ հանրային կոնսենսուս կա այն հարցի շուրջ, որ մարդիկ պետք է պատասխան տան պատերազմում գործած սխալների ու հանցագործությունների համար։ Ո՞ւր են այդ հարցերով քրեական գործերը, ո՞ւր են մեղադրյալի կարգավիճակ ունեցող իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները։ Խոսքը հենց բարձրաստիճան ներկայացուցիչների մասին է, որովհետեւ այդ ամենը միայն զինվորականների վրա կոտրելը չի ստացվի։ Որտե՞ղ են օրինական կաշառքի տեսք ստացած պարգեւավճարների հարցով քրեական գործերը։ Ակնհայտ է, որ շատ հարցերի համար հիմա պետք է պատասխան տվողներ լինեին, բայց իշխանությունները գնում են բոլոր բռնապետական իշխանությունների սիրելի ճանապարհով՝ լռեցնել ընդդիմադիրներին։ Ո՞նց չեն հասկանում, որ սա չի հաջողելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031