Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրի տարածքում փլատակներից մաքրման, պեղման աշխատանքներ են ընթանում

Հուլիս 23,2021 16:11

ՀՀ Լոռու մարզի Դսեղ համայնքում գտնվող Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրի տարածքում իրականացվում են հուշարձանների՝ փլատակներից մաքրման և պեղման, ինչպես նաև չափագրման ու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը սահմանված կարգով մրցույթ էր հայտարարել Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրի նախագծման, չափագրման և վերականգնման աշխատանքների իրականացման համար։ Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթի հաղթող ճանաչված «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կողմից: Այժմ ընթանում են հնագիտական ուսումնասիրությունների և պեղման աշխատանքներ:

Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրը կառուցվել է X-XIII դդ․ և գտնվում է Դսեղից 2 կմ հյուսիս-արևելք՝ Մարց գետի ձախակողմյան ձորալանջին՝ անտառի մեջ։ Այն կառուցվել է ի հիշատակ հայ առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, գավթից, մատուռից, Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցից, ձիթհանից և դեպի վանական համալիր տանող կածանի ճանապարհին գտնվող խաչքարերից ու բնական աղբյուրից։ Վերջինս հայտնի է նաև «Գիքորի աղբյուր» անվամբ՝ համաձայն «Գիքոր» ֆիլմում աղբյուրից ջուր խմելու տեսարանի: Հիմնական խումբը կազմող 2 եկեղեցիներն իրար կից են։

Ըստ հարավային պատի ստորին մասի 1221 թ. արձանագրության՝ Բարձրաքաշ վանքի կառուցումը Համազասպ Մամիկոնյանի թոռ և Սարգսի որդի Մարզպանը սկսել է Թամարի որդի Գիորգիի թագավորության և Իվանե Զաքարյանի օրոք:

Միջնադարում Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը Հայաստանի հոգևոր և կրթական օջախներից մեկն էր։ Այստեղ կրթություն էին ստանում Մամիկոնյանների իշխանական տոհմի ներկայացուցիչները, իսկ հոգևորականները զբաղվում էին գիտական աշխատանքով։

Վանական համալիրը մասնակիորեն նորոգվել է 1939 թ., մաքրման, պեղման աշխատանքներ կատարվել են 1950 և 1969 թվականներին: Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրը 2014 թ. ներառվել է «Եվրոպա Նոստրա» առավել վտանգված 11 հուշարձանների ցանկում:

2016 թ․ ՀՀ պետական բյուջեի միջոցներով մշակվել է տեղահանված, տեղաշարժված քարերի ապամոնտաժման, հաշվառման, փաստագրման նախագիծը, որով նույն տարում իրականացվել են համապատասխան աշխատանքները։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031