Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հարցազրույց է տվել «Ազատությանը»
«Ազատություն». – Հայաստանում մեծ դժգոհություն կա Ռուսաստանից։ Շատերը այստեղ՝ քաղաքական գործիչներ, փորձագետներ, պարզ քաղաքացիներ, համարում են, որ Ռուսաստանը ոչինչ չարեց 44-օրյա պատերազմի ժամանակ՝ օգնելու Հայաստանին, թեև պարտավոր է ըստ դաշնակցային պայմանագրերի, և դա էր հիմնական պատճառը, որ հայկական զինված ուժերը պարտվեցին 44-օրյա պատերազմում։ Վստահ են, որ Ադրբեջանը չէր համարձակվի գնդակոծել Հայաստանի տարածքը, հարձակվել Հայաստանի վրա, եթե չլիներ Ռուսաստանի աջակցությունը։ Ֆրանսիան մտադի՞ր է անվտանգության, պաշտպանության ոլորտում համագործակցություն առաջարկել Հայաստանին։
Ժոնաթան Լաքոտ. – Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, կարծում եմ՝ պետք է հայացք նետենք ներկա իրողություններին։ Ներկա իրողություններն այնպիսին են, որ Ռուսաստանն ապահովում է Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ Եթե ռուսական ուժերը չլինեին, Ղարաբաղում այլևս հայ չէր լինի։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հանգեցրեց մի հրադադարի, որը, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Միևնույն ժամանակ, ութ ամիս անց մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի լուծում բոլոր հարցերը։ Դրա որոշ դրույթներ, մասնավորապես՝ ռազմագերիների ազատման դրույթը, լիովին չեն հարգվում։ Եվ, ընդհանուր առմամբ, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչինչ չի ասում Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։ Այսպիսով, նոյեմբերի 9-ի հայտարարությունը մի փուլ էր, բայց հիմա պետք է ամրապնդել խաղաղությունը, հրադադարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսել քաղաքական գործընթաց։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը, մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե, պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն։
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ, մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում։
«Ազատություն». – Պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և այսօր էլ Ֆրանսիան շարունակում է դիվանագիտական, քաղաքական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Ինչո՞ւ է Փարիզն աջակցում Երևանին։
Ժոնաթան Լաքոտ. – Հայաստանի նկատմամբ Ֆրանսիայի քայլերի հիմքում, իհարկե, մեր երկու երկրների միջև հատուկ հարաբերություններն են։ Բայց դա նաև պայմանավորված է որոշ սկզբունքներով, որոնց Ֆրանսիան շատ հավատարիմ է։ Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, պայքարում է մի աշխարհի համար, որտեղ հակամարտություններն ուժով չեն լուծվում։ Ֆրանսիան հավատում է մի աշխարհի, որտեղ բնակիչները կարող են մնալ իրենց տարածքներում։ Եվ Ֆրանսիան հավատում է հակամարտությունների բանակցված լուծումներին։ Այս հակամարտությունից բխում են մի շարք խնդիրներ, որոնց Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս` ուժի չկիրառում, մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանություն, զենքերի որոշ տեսակների կիրառման բացառում։ Այս բոլոր խնդիրների ամբողջությունն է, որով բացատրվում է Ֆրանսիայի ներգրավվածությունն այս հարցում։
«Ազատություն». – Բաքվում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները օրերս՝ հուլիսի 9-10-ը հրաժարվեցին այցելել Շուշի, ինչպես կազմակերպել էր Ադրբեջանի կառավարությունը։ Չայցելելով Շուշի՝ ի՞նչ ուղերձ եք հղում։
Ժոնաթան Լաքոտ. – Կա մի իրողություն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Քանի դեռ այդ կարգավիճակը որոշված չէ, ո՛չ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը, ո՛չ Երևանում Ֆրանսիայի դեսպանը չեն կարող այցելել Ղարաբաղ։ Բաքվում իմ գործընկերը չի այցելում Շուշի, ինչպես ես չեմ այցելում Ստեփանակերտ։ Եվ սա մի դիրքորոշում է, որը կիրառվել է Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից։
Մինչդեռ Ֆրանսիան կողմնակից է Ղարաբաղում միջազգային ավելի լայն ներկայության։ Այժմ միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է այնտեղ ներկա և կատարում է գերազանց աշխատանք։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի գործակալությունները նույնպես կոչված են ներկա լինելու Լեռնային Ղարաբաղում։
Սարգիս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ