Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը բացառել է Արցախին կարգավիճակի տրամադրումը

Հուլիս 23,2021 11:39

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել է Լեռնային Ղարաբաղին որևէ կարգավիճակի տրամադրումը: AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, թե «տրամաբանական չէ կարգավիճակ տրամադրել 25 հազարանոց բնակչությանը»:

«Այնտեղ ապրողների իրական թիվը 25 հազար է: Հնչում են նաև այլ թվեր, թե պատերազմից հետո վերադարձել է ավելի քան 50 հազար մարդ: Հնարավոր է, բայց եթե վերադարձել են, չի նշանակում, որ մնացել են այնտեղ: Վերադարձել են, հետո գնացել են… Ո՞րն է տրամաբանությունը կարգավիճակ տրամադրել 25 հազար մարդու»,- ասել է Ալիևը:

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին՝ Ալիևն ասել է, որ իրենք ամրապնդում են իրենց դիրքերը Հայաստանի հետ սահմանին: Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկել է ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի իրականացրած այցի ընթացքում:

«Ես նրան փորձեցի բացատրել, որ մենք մոտեցել ենք մեր սահմաններին: Ինչո՞ւ հենց մայիսին: Որովհետև ձյունը հալվել է: Այն բանից հետո, երբ ձյունը հալվեց, մենք վերցրինք անհրաժեշտ բարձունքները և տեղավորվեցինք դրանց վրա, ամրացանք այնտեղ և կամրանանք»,- ասել է Ալիևը:

Ալիևը կարծիքով՝ Միշելը շատ «խոհեմ» է գտնվել, որ չի օգտագործել «կարգավիճակ» և «Լեռնային Ղարաբաղ» եզրերը: «Մենք դա գնահատում ենք, և Հայաստանը պետք է եզրակացություն անի դրանից: Չկա ո՛չ կարգավիճակ, ո՛չ Լեռնային Ղարաբաղ»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ եթե ինչ-որ մեկին դուր է գալիս այդ անվանումը, կարող են «իրենց երկրում Լեռնային Ղարաբաղ անունով մարզ ստեղծել կամ կարող են այդպես անվանել շրջաններից մեկը, կամ երկիրը, իրենց գործն է»: «Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ անվանումով տարածքային միավոր չկա, և այն փաստը, որ Շարլ Միշելը չօգտագործեց այդ արտահայտությունը, պետք է ընդունվի որպես հարգանք մեր դիրքորոշման նկատմամբ»,- ասել է Ալիևը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031