Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյան. Այս սադրանքները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին

Հուլիս 23,2021 11:32

ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի ելույթը ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին

Պարոն նախագահ,
Պատիվ է դիմել բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածին, երբ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 75-ամյակն ենք տոնում: Սա նշանակալից հանգրվան է Խորհրդի համար, որն իր գոյության ողջ ընթացքում եղել է համաշխարհային զարգացման օրակարգի առաջամարտիկը և, իր հերթին, կարևոր դեր է խաղացել Կայուն զարգացման նպատակների ձևավորման գործում:

Նախորդ տարին բարենպաստ չէր 2030թ. օրակարգի իրագործմանն ուղղված մեր համատեղ ջանքերի համար: Կորոնավիրուսի համավարակի շարունակականությունը միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել, լրջորեն վնասել համաշխարհային տնտեսությունը և գերծանրաբեռնել առողջապահական համակարգն ամբողջ աշխարհում:

Մի շարք կայուն զարգացման նպատակների թիրախային ոլորտներ վիթխարի հարված են ստացել և կրկնակի ջանքեր կպահանջվեն կանխատեսված արդյունքները մինչև 2030թ. իրագործելու համար:

Համավարակն ակնհայտ կերպով ի ցույց դրեց նաև պետությունների միջև անհավասարությունների մասշտաբները, մասնավորապես՝ պատվաստանյութերի բաշխման տեսանկյունից: Մենք կողմնակից ենք ուժեղացված աջակցությանը COVAX նախաձեռնությանը, որը թույլ կտա ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին ստանալ համաչափ քանակությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր: Առանց գլոբալ ջանքերի անհնար կլինի ամբողջովին զսպել այս համավարակը և վերադառնալ բնականոն կյանքի:

Կարևոր է նաև անհապաղ քայլեր ձեռնարկել համաշխարհային մակարդակում՝ հակամարտությունների գոտիներում բնակվող մարդկանց պատվաստանյութով ապահովելու համար` հավատարիմ մնալով «Չանտեսելով ոչ մեկին» մեր միասնական խոստման ոգուն։

Կորոնավիրուսի համավարակը միակ մարտահրավերը չէր, որին մեր տարածաշրջանը պետք է բախվեր վերջին մեկ տարվա ընթացքում:

Անտեսելով համավարակի ընթացքում համաշխարհային զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը և դրան հաջորդած՝ Անվտանգության խորհրդի 2532 բանաձևը անցյալ աշնանը Ադրբեջանը, Թուրքիայի և Սիրիայի ու Լիբիայի զինյալ ահաբեկիչների անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ, լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հանգեցնելով հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր վիրավորների, տեղահանվածների՝ պատճառելով նյութական կորուստներ և վնասելով ենթակառուցվածքները: Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններ, որոնք բռնագրավվել են ուժի կիրառման արդյունքում, էթնիկ զտման են ընթարկվել, իսկ բնակչությունը դարձել է ռազմական հանցագործությունների և զանգվածային վայրագությունների զոհ:

Ադրբեջանը ուժ գործադրեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճնշելու համար` խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը, ի թիվս այլոց, հստակ սահմանում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով:

Հարձակման 44 օրվա ընթացքում ադրբեջանական բանակը թույլ է տվել միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ, այդ թվում` միջազգային մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքների, միտումնավոր և համակարգված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես` դպրոցները, հիվանդանոցները, ծննդատները, կապի միջոցները, ինչպես նաև վանդալիզմի ենթարկել և ոչնչացնել հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը: Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է իր ոտնձգությունները հրաժարվելով վերադարձնել գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին, տարածքային պահանջներ ներկայացնելով և փորձելով զավթել ՀՀ ինքնիշխան տարածքները և արգելափակել միջազգային մարդասիրական ջանքերի մուտքը Արցախ:

Այս սադրանքները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին: Մարդասիրական առաքելությունների, և հատկապես ՄԱԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ մուտքը պետք է արագ և անվերապահ կերպով ապահովվի:

Անհրաժեշտ են հավելյալ միջազգային ջանքեր` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը խթանելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծման շուրջ քննարկումները շարունակելու համար:

Պարոն նախագահ,
Անցյալ տարվա Բարձր մակարդակի քաղաքական ֆորումում Հայաստանը ներկայացրեց իր երկրորդ կամավոր ազգային զեկույցը: Չնայած համավարակի պատճառով առաջացած դժվարություններին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակել է քայլեր ձեռնարկել մինչև 2030թ. օրակարգի իրականացման ուղղությամբ:

Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում 2020թ. սեպտեմբերին կառավարությունը ներկայացրել է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը մինչև 2050թ., որը հիմնված է հաջորդ 30-ամյա ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական, կրթական և մարդկային զարգացման երկարաժամկետ 16 գերնպատակների վրա: Հայաստանի վերափոխման ռազմավարության նպատակները սերտորեն կապված են կայուն զարգացման օրակարգի նպատակների հետ՝ արդյունավետ համադրելով ԿԶՆ-երը Հայաստանի ազգային առաջնահերթությունների և բարեփոխումների ծրագրի հետ:

Հայաստանը մտադիր է հաջորդ տարի ներկայացնել իր երրորդ կամավոր ազգային զեկույցը՝ հավատալով, որ այն արդյունավետ գործիք է լավագույն փորձի և գաղափարների փոխանակման, Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ մեր միասնական ջանքերի ինչպես ձեռքբերումների, այնպես էլ թերությունների բացահայտման գործում:

Նաև կցանկանայի առիթից օգտվել և ընդգծել այս տարվա հունիսին Հայաստանում տեղի ունեցած ազատ, արդար և ժողովրդավարական արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Հայաստանի բնակչությունը ուժեղ մանդատ տվեց կառավարությանը` շարունակելու իր բարեփոխումների օրակարգը, ամրապնդելու օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը` ի շահ իր ժողովրդի:

Հայաստանի կառավարությունը հանձնառու է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին և ցանկանում է սերտորեն համագործակցել ՄԱԿ-ի իր գործընկերների հետ՝ այդ ուղղությամբ մեր առաջընթացն ապահովելու համար:

Շնորհակալություն։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031