Ազգային ժողովի 8-րդ գումարման 107 պատգամավորներից 8-ը սյունեցիներ են։ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով սյունեցիներից ոչ մեկը մանդատ չի ստացել, քանի որ նրանք չէին ընդգրկվել ցուցակի առաջին համարներում։
Խորհրդարանական մեծամասնություն կազմած «Իմ քայլ»-ից այս խորհրդարանում իրենց պատգամավորական գործունեությունը կշարունակեն ծննդով սիսիանցի Կարեն Համբարձումյանը, գորիսեցի Արմեն Խաչատրյանը, կապանցի Նարեկ Ղահրամանյանը։ Այս անգամ երկու նոր պատգամավոր են ընտրվել Կապանից՝ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական Դավիթ Դանիելյանը եւ Կապանի թիվ 3 դպրոցի ուսուցչուհի Մարինա Ղազարյանը։ Վերջինս խորհրդարանում միակ սյունեցի կին պատգամավորը չի լինի։
«Հայաստան» դաշինքից Աննա Գրիգորյանը նույնպես կապանցի է եւ նախկին խորհրդարանում ընտրվել էր «Իմ քայլ»-ից, բայց պատգամավորի մանդատը ստանալուց հետո դուրս եկավ խմբակցությունից՝ գործունեությունը շարունակելով որպես անկախ պատգամավոր։
Նորընտիր պատգամավորներ են նաեւ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն ու Մեղրիի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, որոնք կալանավորված են։ Կալանավորված է նաեւ դաշինքի 32-րդ հորիզոնականում գտնվող պատգամավորի թեկնածու, Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Դաշինքի պատգամավորներից մեկի հրաժարականի դեպքում հաջորդ մանդատը կտրվի Առուշանյանին, քանի որ «Հայաստան»-ի ընտրված պատգամավորների ցանկը եզրափակում է 31-րդ համարը՝ Գեղամ Նազարյանը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ