Լեռնային Ղարաբաղի հարցում Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են, Ադրբեջանն ու Մոսկվան Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված են համարում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 20-ին ունեցած հանդիպման մասին:
«Մենք քննարկեցինք տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, այդ թվում` Զանգեզուրի միջանցքը և հետպատերազմական շրջանը: Մենք մոտեցումների հարցում տարաձայնություններ չունենք»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝Ռուսաստանն ու Ադրբեջանը միասնական կարծիք ունեն, որ «պատերազմը վերջացել է, հակամարտությունն ավարտվել է»: Հետևաբար, նա նշել է, որ անթույլատրելի» է Հայաստանի «ռևանշիզմը»:
«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա ես տեղեկացրել եմ պարոն Պուտինին, որ Հայաստանն այդ հարցում կրկին անկեղծ չէ: Ես պարոն Շարլ Միշելի հետ մամուլի ասուլիսում ասացի, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները պետք է բացեն միաժամանակ, և չպետք է կիրառվի ընտրողական մոտեցում: Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանն այստեղ հերթական անգամ ցանկանում է ինչ-որ խաղ տանել»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, ինչպես որ նախատեսված է նոյեմբերի 9-ի համաձայնագրով: Այնուամենայնիվ, ըստ Ալիևի, Հայաստանը հունիսից փաստացի դադարեցրել է եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները:
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Ալիևն Ադրբեջանն ու Ռուսաստանն անվանել է «ռազմավարական գործընկերներ»: «Մենք ունենք ամուր բարեկամական կապեր և անձամբ ես պարոն Պուտինի հետ ունեմ շատ մոտ հարաբերություններ, մենք քաղաքական գործիչներ ենք, որոնք իրար հավատում են»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ