Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայում մի մեծ խումբ՝ 100 հոգուց ավելի, վազելով դեպի մեզ էր գալիս, կարծեցինք՝ հարձակվում են. մեկ գծի վրա շարվեցին և սկսեցին համբուրել Վարպետի ձեռքերը». «Հայկական ժամանակ»

Հուլիս 23,2021 11:20

Ջիվան Գասպարյանի՝ Թուրքիա կատարած շրջագայությանը մեզ հետ զրույցում անդրադառնում է պոլսահայ մշակութային գործիչ, լրագրող Սևան Աթաօղլուն։ Վարպետի մասին խոսելիս նա ընդգծում է «Ջիվան Գասպարյանն այն երաժիշտն է, որը դուդուկի երաժշտությունը բարձրացրեց աշխարհահռչակ երաժշտության բարձրության՝ ժողովրդական երաժշտությունից դուդուկի նվագը հասցնելով դասական երաժշտության՝ դուդուկը դարձնելով նաև այդ ընտանիքի գործիքը»։

– Թուրք երաժշտասերներն ու հանրությունը ինչպե՞ս ընդունեցին հայկական դուդուկը՝ Ջիվանի դուդուկի նվագը, ա՛յն Ջիվանի, որը մշեցու թոռ է և իր պատմությունն ունի այս հողում։

– Այսպիսի հանրահռչակ հայ առաջին անգամ էր ներկայանում Թուրքիայի հանրության առաջ։ Շատ հայ երգիչներ էին եկել Թուրքիա, սակայն նրանց ելույթները սահմանափակվել էին ներհամայնքային շրջանակներում։ Առաջին անգամ հայը՝ հայաստանցին, աշխարհահռչակ աստղը հյուրընկալվել էր Թուրքիայում․ սա շատ կարևոր էր թե՛ Ջիվան Գասպարյանի, և թե՛ այդ օրերին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների աշխուժացման առումով։ Թուրք երաժիշտների հետ աստիճանաբար մտերմություն սկսվեց։ Նախևառաջ պետք է նշել դուդուկահար Էրթան Թեքինի անունը, որը մինչ այդ նամակներով կապ էր հաստատել Գասպարյանի հետ և ուզում էր դառնալ նրա աշակերտը։ Վարպետն ինձ պատմեց, որ թուրք դուդուկահարը շատ է ուզում իր հետ ծանոթանալ, սակայն Էրթանի հետ հանդիպումը ավելի ուշ տեղի ունեցավ․ Ջիվան Գասպարյանը իր հետ բերած դուդուկը փոխանցեց Հասան Սալթըքին, որպեսզի վերջինս իր անունից նվիրի էրթանին։ Հետագայում Ջիվան Գասպարյանը 2 անգամ Գյումրիի դուդուկի միջազգային փառատոնին հրավիրեց Թեքինին, որը բեմ բարձրացավ Վարպետի նվիրած դուդուկով։

2000-2006 թթ․-ին ժողովրդական երաժշտության ասպարեզի թուրք և քուրդ երաժիշտները միշտ գալիս էին Վարպետ Ջիվանի հյուրանոց կամ համերգի վերջում անպայման դռան առջև սպասում էին, որպեսզի ամեն մանրուք սովորեին նրանից, խորհուրդները լսեին (նույնիսկ «ղամիշներ» էին ուզում)։ Նրա  յուրաքանչյուր բառ ու փորձառություն շատ կարևոր էր նրանց համար։ Հետաքրքրական է, որ անգամ սովորական երաժիշտները, որոնք Թուրքիայում հայտնի չեն, մեկը մյուսի հետևից գալիս էին նրա հետ ծանոթանալու, ծարավ էին նրա խորհուրդներին, նրա աջը համբուրելուն․ Ստամբուլում երաժիշտները առավոտից իրիկուն նրա շուրջն էին պտտվում։

Թուրքիայի երաժիշտների համար ոչ թե՝ «հայերը և Հայաստանը մեզ մտերիմ են», «100-ամյա ընկերություն» կամ հակառակը, այլ դրանից դուրս՝ երաժշտական ասպարեզում Ջիվան Գասպարյանը շատ լուրջ ընդունվեց և այստեղ դարձավ մի աստղ, որը պարզ փողային գործիքը ծառայեցրեց համաշխարհային արվեստին և դարձրեց լայնածավալ երաժշտացանկի տերը։ Խոստովանենք, որ Թուրքիայում նրան ավելի շատ որպես հայ ժողովրդական երաժշտության ներկայացուցիչ ընդունեցին։ Ի տարբերություն ԱՄՆ-ի և Եվրոպայի, որտեղ Ջիվանի աստղը փայլում էր դասական երաժշտության երկնակամարում՝ Թուրքիայում միջավայրն այլ էր․ թուրք երաժիշտների հետ համատեղ համերգներին այդ հանրության սիրելի երգերով էր ներկայանում՝ «Սարի աղջիկ», «Դլե յաման», «Սարերի հովին մեռնեմ»․․․

– Ստամբուլ-Բաթման-Երևան ճանապարհն ի՞նչ պատմություն ունեցավ։

-Թուրքիայի համերգներից և «Fuad» ձայնասկավառակից հետո Վարպետի համբավը հասավ մինչև Քրդաստան՝ հեռավոր Անատոլիայի ափերը (պատմական Հայաստան)։ 2000 թվականների սկզբին թուրք-քրդական հաշտության երկխոսությունն էր ընթանում, որի առիթով Բաթմանի Հասանքեյֆ բերդաքաղաքում՝ Տիգրիս գետի ափին բացօթյա մեծ փառատոն էր անցկացվում։ Գասպարյանը հրավիրված էր այդ փառատոնին և պետք է ներկայանար քուրդ ժողովրդի առջև։ Մենք ինքնաթիռով նախ և առաջ հասանք Տիգրանակերտ՝ Գասպարյանի մայրական կողմի պապերի ծննդավայր․ այն ժամանակ Սուրբ Կիրակոսը վերանորոգված չէր, և եկեղեցու ավերակները տեսնելով՝ շատ հուզվեց․ հանեց դուդուկն ու նվագեց «Տեր ողորմյան»։ Նրան գրկել-փաթաթվել էին տիգրանակերտցի երեխաները․․․

Տիգրանակերտից մեքենայով ուղևորվեցինք դեպի Բաթման, որտեղ դրամատիկ գիշեր ապրեցինք։ Ճանապարհին մտահոգ էր՝ ինչպես պիտի ստեղծվի երկխոսության մթնոլորտը թուրքերի և քրդերի հետ, չէ՞ որ պատմություն ունենք նրանց հետ․․․ Այսպիսի մտքերով հասանք Բաթման՝ Հասանքեյֆի Տիգրիս գետի ափերը։ Երբ մեքենայից իջանք, արդեն մութ էր։ Բացօթյա համերգը գիշերը ուշ ժամերին պետք է տեղի ունենար։ Մեծ բազմություն էր սպասում համերգին, սպասում էին ոչ միայն Վարպետին, այլև՝ հայտնի թուրք փոփ և ժողովրդական երաժշտության աստղերին։ Շատ մեծ հավաք էր։ Երբ մեքենայից իջանք, նկատեցի, որ ժողովրդի միջից մեծ խումբ՝ 100 հոգուց ավելի վազելով դեպի մեզ են գալիս։ Վարպետ Ջիվանը մտահոգվեց՝ ի՞նչ է կատարվում։ Կարծեցինք՝ հարձակվում են։ Ի զարմանս մեզ՝ 2 րոպեի ընթացքում այդ խումբը՝ փոքրեր, երիտասարդներ մեկ գծի վրա շարվեցին և սկսեցին համբուրել Վարպետի ձեռքերը՝ թուրքերենով ու քրդերենով բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնելով նրան։ Ջիվան Գասպարյանին Վարպետ Ջիվան էին ասում․․․ Վարպետն ու հայաստանցի երաժիշտները պատահածից ապշել էին։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ,

Թուրքիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031