Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորությունն է, որ գյուղապետերը Հայաստանի միակ ակտիվ ուժն են. Ալեքսանդր Ցինկեր. «Հրապարակ»

Հուլիս 23,2021 10:41

«Հրապարակի» հարցազրույցը Քնեսեթի նախկին պատգամավոր, «Հայաստան-Իսրայել» միջազգային ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերի հետ

– Երեւանից ընդամենը 50 կմ հեռավորության վրա՝ Երասխում, ադրբեջանական զինուժն ինտենսիվ կրակում էր հայկական դիրքերի վրա։ Նաեւ՝ Գեղարքունիքում, Տավուշում, Սյունիքում։ Հայաստանյան քաղաքական վերլուծաբաններից շատերը հարց են տալիս՝ ինչո՞ւ է լռում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ունե՞ք այդ հարցի պատասխանը։ Նաեւ՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ սա վերաճի մեծածավալ պատերազմի։

– Անկեղծ ասած, տեւական ժամանակ՝ պատերազմից սկսած արդեն 10 ամիս, տպավորություն է, որ միջազգային հանրությունն այնքան էլ ուշադրություն չի դարձնում, որ ինչ-որ տեղ մարդկային ճակատագրեր են որոշվում, որ ինչ-որ տեղ պատերազմ է՝ մարդկանց են սպանում։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ անգամ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, այն ռազմական գործողությունները դադարեցնելու մասին է, ոչ թե հաշտության պայմանագիր, ՄԽ-ն չի սկսել ակտիվ աշխատել։ Ինչպես 20 տարի Արցախի հարցով որեւէ ակտիվ գործողություններ չձեռնարկեց, այնպես էլ լռեց պատերազմի ընթացքում ու դրանից հետո։ Միակ բանը, որ լսում ենք, այն է, որ խումբը պատրաստվում է լուծել հիմնախնդիրներ, գերիների փոխանակման կոչեր է անում։ Թեպետ որեւէ ազդեցություն չի ունենում, միայն ինչ-որ անհատներ են արտահայտվում։ Կարծում եմ՝ Ադրբեջանը, տեսնելով այս արձագանքը, շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Ինչո՞ւ, որովհետեւ բոլորը սպասում են, որ, ի վերջո, կսկսվեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։ Եվ այստեղ բոլորն իրենց պահանջներն ունեն։ Ադրբեջանական կողմը մտածում է՝ քանի դեռ այս գործընթացը չի սկսվել, մենք որքան շատ նման ագրեսիվ մեթոդներով տարածքներ նվաճենք, այնքան շատ կպահանջենք, որ մեզ մոտ մնան։ Ինձ թվում է՝ հենց այդ պատճառով են իրենց այդպես պահում։ Չեմ կարծում, որ դուք պատերազմի շեմին եք։ Այն չի լինի, եւ վստահ եմ, որ դրան բոլորը դեմ կարտահայտվեն՝ երկրներ, միջազգային կազմակերպություններ։ Բայց սահմանային այս միջադեպերի աղմուկի ներքո փորձում են հնարավորինս շատ պոկել։ Եվ ինձ համար հատկապես ցնցող է այն, որ ինչ-որ գյուղի մոտ ադրբեջանական զինվորականներն անցել են սահմանը, եւ նրանց դեմ դուրս է գալիս ինչ-որ մի գյուղապետ ու փորձում է նրանց հետ ինչ-որ կերպ հարցեր լուծել։ Այսինքն՝ տպավորություն է, որ Հայաստանում սահմանապահ զորքեր գոյություն չունեն։ Կա՛մ դրանք փոքրաթիվ են եւ կա՛մ ինչ-որ այլ խնդիրներով են զբաղված։ Եվ միակ պատասխանը, որը ես կարդում եմ հայաստանյան մամուլում, այն է, որ տեղական համայնքապետերը դիմում են ռուսաստանյան խաղաղապահներին։ Այսինքն՝ այն տպավորությունն է, որ գյուղապետերը Հայաստանի միակ ակտիվ ուժն են։

– Դրա համար էլ համայնքապետերը փռվում են ասֆալտին՝ կալանավորվում։

– Այո։ Նաեւ ես կարդում եմ, որ հայկական բանակը վերակազմակերպվում է, որ ինչ-որ բարեփոխումներ են անցկացվում, որ այդ գործընթացը հիանալի ընթանում է եւ այլն։ Բայց տեսնելով այն, ինչ կարդում եմ, որեւէ փոփոխություն չեմ տեսնում։ Դրա համար, ցավով եմ ասում, ըստ իս՝ նման միջադեպերը շարունակվելու են, քանի դեռ Հայաստանը չի հակազդում։ Եվ մինչեւ Մինսկի խումբը չհասկանա, որ քանի դեռ լուծված չեն Արցախի կարգավիճակի հարցն ու ճակատագիրը, Հարավային Կովկասում խաղաղություն չի լինի։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031