Լրահոս
Օրվա լրահոսը

Կգործի՞ տնային կալանքի ինստիտուտը մեր երկրում

Հուլիս 23,2021 13:30

Ի՞նչ սահմանափակումներ ու վարչական հսկողության մեխանիզմներ են ներդրվելու

Խափանման միջոց կիրառելու հիմքերը պետք է գնահատվեն համաչափության սկզբունքի լույսի ներքո, այլ ոչ թե ձեւական բնույթ կրեն: Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Միքայել Ահարոնյանի հետ խոսել ենք Քրեական դատավարության նոր օրենսգրքով ներդրվող խափանման միջոցների վերաբերյալ:

– Քրեական դատավարության նոր օրենսգրքի համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից խափանման միջոցի ինստիտուտը կընդլայնվի՝ ներդրվելով տնային կալանքի եւ վարչական հսկողության մեխանիզմներ։

– Այո, նոր Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ խափանման միջոցներն են կալանքը եւ այլ ընտրանքային խափանման միջոցները, այդ թվում՝ տնային կալանքը, վարչական հսկողությունը, գրավը, պաշտոնավարման կասեցումը, բացակայելու արգելքը, երաշխավորությունը, դաստիարակչական հսկողությունը եւ զինվորական հսկողությունը:

Տարիների ընթացքում տարբեր երկրներում կիրառված որոշ քրեադատավարական ինստիտուտների արդյունավետությունը եւ միջազգային փորձը հաշվի առնելով՝ Քրեական դատավարության նոր օրենսգրքում ընդգրկված «Տնային կալանքը» եւ «Վարչական հսկողությունը» խափանման միջոցներն առայժմ խորթ են մեր օրենսդրությանը։ Այս փոփոխություններն էականորեն կապված են մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ինչպես նաեւ հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռության ապահովման հետ:

– Կխնդրեմ փոքր-ինչ մանրամասնել ներդրվող խափանման միջոցների էությունը եւ արդյո՞ք բավարար է անձի նկատմամբ ընտրել խափանման միջոց տնային կալանք՝ առանց սահմանափակումների, թե՞ պարտադիր սահմանափակումներ լինելու են։

– Նոր Քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածը սահմանում է խափանման միջոցների տեսակները։ Նշեմ, որ խափանման միջոցների ինստիտուտը բավականին կատարելագործվել է։ Օրինակ՝ «Տնային կալանք» խափանման միջոցը քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի ազատության սահմանափակում է, այսինքն՝ մեղադրյալը պարտավորվելու է չլքել դատարանի որոշման մեջ նշած բնակության տարածքը։ Բացի այս, «Տնային կալանք» խափանման միջոցը կիրառելու մասին դատարանի որոշման մեջ նշվելու են այն կոնկրետ սահմանափակումները, որոնք տարածվելու են մեղադրյալի նկատմամբ։ Օրինակ, օրենսդիրը սահմանել է, որ դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել ունենալ հեռախոսային հաղորդակցություն, ուղարկել կամ ստանալ նամակագրություն, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումներ, օգտվել կապի այլ միջոցներից, շփում ունենալ որոշակի անձանց հետ կամ իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց։ Իսկ մեղադրյալի վարքագծի նկատմամբ հսկողությունը դատարանի որոշմամբ իրականացվելու է օրենսդրությամբ սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցներով: Այլ կերպ ասած՝ մեղադրյալը պարտավորվելու է իր վրա մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները։

– Թվարկված սահմանափակումները գալիս են փաստելու, որ այնքան էլ մեղմ խափանման միջոցի տեսակ չի տնային կալանքը:

– Այո, առաջին հայացքից կթվա, որ այս խափանման միջոցը բավական խիստ է, բայց այն այլընտրանք է կալանքին։ Մեղադրյալը ավելի լավ է մնա տա՞նը, թե՞ վարույթի նախնական փուլում գտնվի կալանքի տակ՝ քրեակատարողական հիմնարկում։ Բնականաբար, այս այլընտրանքն առավել արդյունավետ կարող է կիրառվել։

– Իսկ ինչ վերաբերում է «Վարչական հսկողությա՞նը»…

– Անդրադառնալով այլ խափանման միջոցներին, ապա նշեմ, որ «Վարչական հսկողություն» խափանման միջոցը մեղադրյալի տեղաշարժման եւ գործողությունների ազատության սահմանափակումն է, որի պայմաններում նա պարտավոր է ոչ հաճախ, քան շաբաթը 3 անգամ գրանցվել դատարանի որոշման մեջ նշված վայրի իրավասու մարմնում: Ինչպես «Տնային կալանք» խափանման միջոցի, «Վարչական հսկողություն» խափանման միջոցի դեպքում էլ դատարանը իրավասու է մեղադրյալին արգելել առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխելու մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը՝ համայնքը, իսկ Երեւան քաղաքում՝ վարչական շրջանը, ինչպես նաեւ այցելելու դատարանի որոշման մեջ նշված որոշակի վայրեր, հաղորդակցվելու որոշակի անձանց հետ, օրվա որոշակի ժամերին լքելու իր բնակության տարածքը, սակայն ոչ ավելի, քան 12 ժամը։ Հատկանշական է, որ արգելքների որոշ մասը կարող է դատարանը չկիրառել՝ հաշվի առնելով մեղադրյալի առողջական վիճակը, ինչպես նաեւ աշխատանքի եւ ուսման պայմանները:

Կարծում եմ՝ «գրավ» խափանման միջոցին հարկ չկա անդրադառնալու, քանի որ գործող օրենսդրությամբ էլ այն կա եւ կիրառվում է։ Խափանման միջոցներից են նաեւ «Պաշտոնավարման կասեցումը», այսինքն՝ Հանրային ծառայող հանդիսացող մեղադրյալի պաշտոնավարությունը իրավասու մարմնի որոշմամբ կարող է կասեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնավարումը շարունակելով նա կխոչընդոտի վարույթի ընթացքին, ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ: «Բացակայելու արգելքը» խափանման միջոցը փոխարինում է «Ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցին։ Այս խափանման միջոցի կիրառմամբ քննչական մարմինը կարող է որոշում կայացնել մեղադրյալի` Հայաստանի Հանրապետությունից բացակայելն արգելելու մասին։ «Երաշխավորությունը», «Դաստիարակչական հսկողությունը», «Զինվորական հսկողությունը» եւս խափանման միջոցներ են, որոնց էությունը նոր օրենսդրությամբ էական փոփոխություններ չի կրել։

– Կարո՞ղ է անձի նկատմամբ մի քանի խափանման միջոցներ կիրառվել, թե՞ պետք է ընտրվի միայն մեկը։

– Ինչ վերաբերում է այլընտրանքային խափանման միջոցների կիրառմանը, ապա դրանք կարող են կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ՝ համակցված, եթե հնարավոր է ապահովել դրանց պայմանների միաժամանակյա պահպանումը: Մինչդեռ օրենսդիրը նախատեսել է, որ եթե դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցների համակցված կիրառումը մերժվի, ապա գործը քննող քննիչը կամ հսկող դատախազը տվյալ մեղադրյալի նկատմամբ համակցված խափանման միջոցներ կիրառել չեն կարող:

– Ո՞ր խափանման միջոցներն է ընտրում դատարանը, որը՝ քննչական մարմինը կամ դատախազը։

– Կալանքը, տնային կալանքը եւ վարչական հսկողությունը՝ որպես խափանման միջոցներ կարող են կիրառվել միայն դատարանի կողմից։ Սակայն դատարանը, ըստ էության, կաշկանդված չէ անձի նկատմամբ կիրառելու այլընտրանքային այլ խափանման միջոց։ Բոլոր մյուս խափանման միջոցները կարող է կիրառել քննիչը, թերեւս բացառություն են կազմում «Գրավը» եւ «Պաշտոնավարման կասեցումը» խափանման միջոցները, որը քննիչը կարող է կիրառել բացառապես հսկող դատախազի համաձայնությամբ:

– Որպես այլընտրանքային խափանման միջոցներ՝ հնարավո՞ր կլինի ապահովել անձի պատշաճ վարքագիծը։

– Ինչպես դատարանը, այնպես էլ՝ մինչդատական վարույթն իրականացնող մարմինը խափանման միջոցի տեսակն ընտրելիս պետք է հաշվի առնեն մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող եւ դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները:

Մեղադրյալը պետք է չշեղվի իր նկատմամբ կիրառված քրեադատավարական հարկադրանքից, այսինքն՝ կատարի դատարանի որոշմամբ արձանագրված բոլոր սահմանափակումները, այլապես նույն անձի նկատմամբ կարող են կիրառվել, այսպես ասած, առավել կոշտ խափանման միջոցներ։

– Ըստ էության, այս խափանման միջոցները ներդնելն արդյո՞ք չի նշանակում Պրոբացիայի ծառայությունը ի վերջո նպատակին ծառայեցնել, քանի որ վերահսկողություն իրականացնող մարմինը հենց պրոբացիան է լինելու։

– Այո, շատ ճիշտ եք նկատել։ Պրոբացիայի ծառայությունը բավական աշխատանք ունի տանելու։ Հույս ունեմ, որ ծառայությունն իր առջեւ դրված խնդիրները կլուծի հավուր պատշաճի։

– Ներդրվող խափանման միջոցները ո՞ր երկրներում են արդյունավետ գործել։

– Աշխարհի ավելի քան երեք տասնյակ երկրներում կիրառվում է «Տնային կալանք» խափանման միջոցը։ Պրակտիկան ցույց է տալիս, որ նմանօրինակ խափանման միջոցը հաջողել է։ Ամեն ինչ կախված է նաեւ մեղադրյալից, նրա հոգեբանական դրսեւորումներից։ Մի շարք երկրներում, երբ մեղադրյալների նկատմամբ ընտրված է «Տնային կալանք» խափանման միջոցը, նրանց տրամադրում են թեւնոցներ, որոնք ազդանշան են ուղարկում իրավասու մարմին՝ մեղադրյալի գտնվելու վայրի մասին։ Անձը տնից կարող է դուրս գալ օրական մի քանի ժամ միայն կամ ավելի մեծ ժամանակով՝ իրավասու մարմնի թույլտվությամբ։ Մի քանի առաջադեմ երկրներ կան, որոնք օրվա ընթացքում մի քանի անգամ իրականացնում են ձայնային եւ տեսակապով նույնականացում։

– Եվս մեկ հարց, այս անգամ կխնդրեմ անդրադառնաք նոր Քրեական օրենսգրքով նախատեսված որպես առանձին պատժատեսակ՝ «ազատության սահմանափակմանը»:

– Այս պատժատեսակը դատապարտյալին առանց ուսումնառությունից կամ աշխատանքից կտրելու՝ տնային պայմաններում, հսկողության տակ պահելն է: Նշված պատժատեսակը նշանակվելու է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների համար` վեց ամսից երեք տարի ժամկետով: Նշեմ, որ դատարանը հանցանք կատարած անձին կարող է արգելել այցելել տարբեր ժամանցային կամ այլ հաստատություններ, կազմակերպել, մասնակցել կամ այցելել որոշակի միջոցառումների, հավաքների, կամ առանց դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը, կամ որոշակի ժամերի բացակայել տնից: Հետաքրքրության համար հավելեմ, որ դատարանի կողմից նշանակված արգելքները չեն կարող սահմանափակել դատապարտյալի հետ համատեղ բնակվող անձանց ազատության կամ վերջիններիս այլ անձանց հետ շփվելու իրավունքը:

Հատկանշական է, որ դատապարտյալի՝ որոշակի ժամերի տնից բացակայելու արգելքը չի կարող պակաս լինել օրական 8 եւ չի կարող ավելի լինել օրական 12 ժամից:

Յուրաքանչյուր իրավական համակարգում՝ առավելապես քրեական դատավարության ոլորտում, հաճախ պատահում են այնպիսի իրավիճակներ, երբ անհրաժեշտ է լինում սահմանափակել անձի ազատության եւ անձեռնմխելիության իրավունքը։ Գործող օրենսդրության պայմաններում կարծում եմ, որ անձի ազատության սահմանափակելու հնարավորությունը չարաշահվում է։ Անձի ազատության եւ անձեռնմխելիության իրավունքն առավելագույնս սահմանափակող ամենախիստ խափանման միջոցի՝ կալանավորման կիրառումը մեր օրերում ուղղակի համատարած բնույթ է կրում: Այնինչ մինչդատական վարույթում անձի նկատմամբ կիրառված կալանավորումը պետք է հնարավոր բոլոր միջոցներից վերջինը լինի քրեական վարույթում, կիրառվի՝ հաշվի առնելով ենթադրյալ հանցագործությունը քննելու խնդիրները, իրական խնդիրները, դա պետք է չլինի ձեւական ու պատրանքային, քննիչը, դատախազը պետք է ձեւականորեն չնշեն օրենսդրության պարզ շարադրանքը՝ որպես հիմնավորում։

Հավանականությունը մեծ է, որ անձը կխուսափի քննությունից կամ դատից, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք եւ այլն, սրանք խափանման միջոց կիրառելու հիմքերն են, որոնք, կրկնում եմ, պետք է ձեւական բնույթ չկրեն եւ գնահատվեն համաչափության սկզբունքի լույսի ներքո։

Օրինակ, չափազանց աղոտ հիմքերը, որ ներկայացնում են քննիչները, լրացուցիչ քննության անհրաժեշտությունը կամ ենթադրյալ հանցագործության ծանր բնույթը չեն կարող ընդունվել որպես բավարար հիմքեր՝ անձի ազատությունը սահմանափակելու համար։

Հարցազրույցը վարեց
Էլեն ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031