Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պատերազմը վերջացավ, բայց մենք դեռ խաղաղության կարիքն ունինք»

Հուլիս 23,2021 13:00

Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի դիտարկումները

«Առավոտը» զրուցել է Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի հետ: Սրբազանն ասաց, որ սիրով կպատասխանի այն հարցերին, որոնք իր ձեւակերպմամբ, լսելի կլինեն Հայաստանում եւ Սփյուռքի հայկական համայնքների մեր հայրենակիցներին:

«Այսօր շատ մարդիկ արդեն ծանոթ են մեր թեմին, անոր առաքելությանը եւ այն ծրագիրներուն, որոնք կյանքի կկոչվին՝ հայության մեջ արթուն պահելով ազգային եւ մշակութային անգին ոգին: Մեր գաղութը բավականին հին պատմություն ունի, ե՛ւ ամեն տարի, ե՛ւ ամեն ժամանակաշրջան հարուստ է իր ձգած ժառանգությամբ: Տարբեր վայրերէն Բրազիլիա եկած հայերը կրցած են պետության տարբեր ոլորտներու մեջ թողել իրենց դրոշմը, հայ ժողովուրդը իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ զարգացուցած է տեղվույն տնտեսությունը, գիտությունը, բժշկագիտության մեջ մինչեւ օրս մի շարք հայ մարդկանց անուններ ուղղակի ակներեւ են: Հայ մարդը ուր ալ որ գտնվի, իր աշխատանքի շնորհիվ ուղղակիորեն օրինակ կդառնա շատ ու շատ տեղացի եւ օտար ազգերու ներկայացուցիչներու համար: Ես համոզված եմ, որովհետեւ բախտ ունեցած եմ հայկական տարբեր համայնքներէն ներս հոգեւոր ծառայություն կատարելու»,-ասում է սրբազանը:

«Առավոտի» հարցին` արդյոք հայությունը համախմբված է եկեղեցու շուրջ, Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդը պատասխանում է. «Վստահորեն պատասխանելով Ձեր հարցումին, պետք է ըսեմ, որ այո՛, հայ ժողովուրդը սփյուռքի մեջ համախմբված է եկեղեցվո շուրջը, ավելին կըսեմ, եկեղեցին է այն միակ օղակը, որ այսօր կրնա իր շուրջը հավաքել եւ միասնական պահել հայերուն, թող չկարծվի, որ հոգեւորական ըլլալով ի շահ կփորձեմ այս հարցումին պատասխանել եկեղեցվո կողմէ, ըսածս ճշմարիտ է, վստահ են նաեւ օտարության մեջ ապրող հայերը: Այս գաղափարի վառ ապացույցը գրեթե բոլոր երկիրներու մեջ հայկական եկեղեցիներու գոյությունն է: Կան հայաշատ երկիրներ, որտեղ այսօր ալ կկառուցվին եկեղեցիներ, քանի որ մարդիկ վստահ են, որ առանց այդ քարեղեն, բայց մյուս կողմէ աստվածաշունչ այդ կառույցը կրնա հայ պահել իրենց եւ իրենց սերունդներուն: Ուրախությամբ կհայտնեմ, որ այսօր Բրազիլիայի հայությունը անքակտելի կապով միացած է իր Մայր Եկեղեցվույն եւ եկեղեցվո միջոցով ալ Մայր Հայաստանին: Այս պահուն հիշեցի Արցախյան պատերազմի օրերուն հայության ոգեւորությունը, անոնց համախմբվածությունը ուղղակի հուզմունք կառաջացներ ինձ մոտ: Տարատեսակ օգնություններ մինչեւ օրս կուղղվին դեպի Հայաստան, տարբեր ծրագրերով կփորձենք հայ երիտասարդներուն ծանոթացնել իրենց արմատներուն, անոնց պապերու անմահ բնօրրանին՝ Հայաստանին»:

Խնդրեցինք իբրեւ թեմի առաջնորդ ներկայացնել, թե հատկապես Հայաստանի հետ կապված ինչ հարցեր են մտահոգում կամ հետաքրքրում բրազիլահայ համայնքին: «Ներկա պահուն մեզ բոլորիս կհետաքրքրէ Արցախի ճակատագիրը եւ այն պայթունավտանգ մթնոլորտը, որը ստեղծված է Հայաստանի պետական սահմանին: Չեմ ցանկար քաղաքական գնահատականներ տալ, բայց այսօր արթուն պետք է ըլլանք, որովհետեւ մենք քիչ բարեկամներ ունինք, որոնք օրհասական պահերուն պատրաստ են մեզ օգնելու, այո՛, ցավով կըսեմ, բայց այս ամենը իրականություն է: Արցախը հայերուս կպատկանի եւ այդ չպետք է որոշեն ժամանակակից զենքերը, ատոր մասին լուռ վկաներ կան՝ մեր եկեղեցիները, որոնք այսօր ուղղակի կոչնչացվին կամ կենթարկվին պատմության խեղաթյուրմանը: Անշուշտ նաեւ կարեւոր է զարկ տալ տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ տեխնոլոգիական արդյունաբերության հզորացմանը՝ ունենալով ժամանակակից սարքավորումներով զինված բանակ եւ կարեւոր գիտելիքներով համալրված զինվորներ եւ սպաներ: Մեզ նաեւ կմտահոգէ Ցեղասպանության ճանաչման գործընթացները, վերջերս պատրաստելով համապատասխան փաստաթուղթերը դիմեցինք Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը, որպեսզի անոնք նույնպես համալրեն այդ պատմական իրողությունը ճանչցած պետություններու շարքը»,- տեղեկացրեց Նարեկ սրբազանը:

Քանի որ Արցախի հոգեւոր ժառանգությունը վտանգված է, հարցինք, թե ինչ քայլեր են արվում Բրազիլիայում այդ մասին իրազեկման առումով: «Արդեն ամիսներ է, որ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռի մեջ ստեղծված է հատուկ հանձնախումբ, որ կզբաղվի այս հարցով՝ իր մեջ ընդգրկելով նաեւ մեր մյուս թեմերուն եւ ատոնց մեջ իրենց սպասավորությունը բերող եկեղեցականներուն: Այդ ծրագրին պատասխանատուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Գարեգին վրդ. Համբարձումյանն է, որուն հետ այս խնդիրով մշտամնա կապի մեջ ենք: Օրեր առաջ կազմակերպեցինք zoom հանդիպում, որուն բացի հայ մասնակիցներէն, մասնակցեցան նաեւ Սան Պաուլոյի պետական համալսարանի պատմության դասախոսներէն մեկը, որ մանրակրկիտ տեղեկություններ ստանալով այդ հարցի մասին, մեծ ոգեւորությամբ ցանկություն հայտնեց իր օգտակարությունը բերելու մեզ: Համավարակը մի փոքր կդժվարացնէ կենդանի շփումներ ունենալ տարբեր գիտնականներու հետ, որոնք նույնպես ցանկություն հայտնած են ծանոթանալ եւ անհրաժեշտության պարագային օգտակար ըլլալ: Դարձյալ կըսեմ, շատ պետություններ եւ համաշխարհային կազմակերպություններ ուղղակի լռած են, չեն բարձրաձայներ այս օրհասական խնդիրը, այսպես եղավ նաեւ 1915 թ., երբ բոլորը լուռ կհետեւէին, թե ինչպես մի վայրագ ցեղախումբ արմատախիլ կըներ մեկ ու կես միլիոն հայերու, պատմությունը կը կրկնուի, կարծես հիմա ալ բոլորը խորը քուն մտած են եւ չեն լսեր այն աղմուկը, այն գոռոցը, որը Հայաստանէն դուրս կուգա»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեր զրույցի ժամանակ համավարակի պատճառով ընդհատված ծրագրերին եւ այլ թեմաներին եւս անդրադարձ եղավ: «Այս համավարկի օրերուն մի շարք ծրագրեր ցավ ի սիրտ չենք կրնար իրականացնել, բայց համավարակէն առաջ եւ առաջ Աստված, համավարակէն հետո նորեն պիտի սկսինք այն ծրագրերը, որոնք տեւական ժամանակ համայնքէն ներս կկիրականացնեինք: Իմ նախաձեռնությամբ 2014 թվականէն կգործէ Հայ Եկեղեցվո Երիտասարդաց միությունը: Մասնակցիներու հետ շփման ժամանակ կհասկնանք, թե ինչ կարիք ունին այսօր սփյուռքի մեջ ապրող մեր հայրենակիցները: Անոնց կծանոթացնենք Հայոց Պատմությանը, եկեղեցվո պատմությանը, ինչպես նաեւ Մայր Հայաստանի մշակույթին: Սան Պաուլոյի մեջ հայոց թեմը ունի նաեւ Ազգային Դուրյան Վարժարանը, որտեղ իրենց ուսումը կստանան հայ եւ օտար բազմաթիվ երեխաներ: Առարկայացանկին մեջ հայերեն լեզուն մշտամնա է, եւ ուրախությամբ կհայտնեմ, որ օտար երեխաները նույնպես կսիրէն մեր չնաշխարհիկ մայրենի լեզուն:

Եկեղեցվո խորանի վրա իրենց սպասավորությունը կբերէ հայ գրեթե մեկ տասնյակի հասնող հայ երիտասարդներ, ոգեւորիչ է այն սերը, որն այսօր անոնք կցուցաբերեն՝ ծառայելով Աստուծո եւ մեր ժողովուրդին: Ամեն շաբաթ մեկական օր հատուկ դասընթաց կազմակերպած ենք խորանի սպասարկողներու համար, որպեսզի անոնք ավելի լավ տիրապետեն եկեղեցական արարողությունները եւ այդ արարողություններու լեզվին՝ գրաբարին: Մենք հատուկ կերպով կկեդրոնանանք երիտասարդներուն, որովհետեւ անոնք ավելի եռանդով եւ ավյունով են լցված:

Նաեւ ունինք կիրակնօրյա թերթ, որտեղ լույս կտեսնէ թեմական, ինչպես նաեւ Հայաստանին վերաբերող տարատեսակ նյութեր: Հայ երիտասարդներու հետ նաեւ կկազմակերենք Սուրբ Գրքի սերտողության դասընթացքներ. ատոր մեկնության եւ կարեւորության մասին նույնպես հետաքրքրություններ ունին մեր երիտասարդները: Իմ առաջնորդական ձեռքբերումներէն մեկը եղավ նաեւ Կիրակնօրյա Դպրոցի ստեղծումը, որը ոգեւորություն ստեղծեց համայնքէն ներս: Վերջերս ստեղծեցինք նաեւ տեղեկատվական բաժինը՝ ցանկանալով ավելի կապվիլ մեր Մայր Հայրենիքին: Ցանկություն ունինք նաեւ ստեղծել փոքրիկներու երգչախումբ, այդ առումով արդեն մեծ ծրագրեր կնախատեսենք: Բազմաթիվ սպորտային միջոցառումներու ծրագիրներ նույնպես կնախատեսենք»,- նշեց Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդը:

Հետաքրքրվեցինք` իր կարծիքով ինչու է հատկապես այսօր կարեւոր Հայաստանում պառակտվածությանը եւ ատելության մթնոլորտին վերջ դնելը: «Այս պահուն հիշեցի ոսկեդարի պատմիչներէն մեծն Եղիշեի խոսքերը. «Ամեն մի տուն եւ թագավորություն, որ բաժանվում է ինքն իր մեջ, հաստատուն մնալ չի կարող», եթե մենք այսօր միասնական չըլլանք, չենք կրնար մտածել ապագայի մասին. մեր երկրի մեջ կթվի, թե ժամանակը կանգնած է, մարդիկ կսպասէն մի դրական շարժումի, որմէ կրնան հոգեպես մխիթարվիլ: Ատելության մթնոլորտը այս պահուն մեզ անհրաժեշտ չէ, այն վատագույն մեղքերէն մեկն է, եւ ի վիճակի է ծնելու բազմաթիվ դժբախտություններ մեր երկրին մեջ: Խնդրանքս եւ աղոթքս է, որ բոլորը լցվին Աստուծմով եւ խուսափին իրար վիրավորելու այդ վատ ցանկությունը, մեզ այս պահուն օդ ու ջուրի պես խաղաղություն է պետք, մի առիթով ըսի, որ պատերազմը վերջացավ, բայց մենք դեռ խաղաղության կարիքն ունինք: Եթե հետ հայացք նետենք հայ ժողովուրդի պատմության դժվար ժամանակաշրջաններուն, չենք զարմանար, քանի որ ինչ հիմա կկատարվի մեր երկրէն ներսը, կատարված է նաեւ անցյալին: Պատմությունը ծնողի պես է, այն դաստիարակող իրականություն է, պատմության սխալները չպետք է կրկնենք»,-ընդգծեց նա:

Սրբազան հորը նաեւ խնդրեցինք իր հովվական ծառայության ընթացքում պատահած որեւէ հիշարժան դրվագ ներկայացնել: «Իմ հովվական ծառայության ընթացքին շատ մտածած եմ, թե որն էր այն պահը, որն իմ կյանքի ամենէն կարեւոր օրն էր: Եկած եմ այն համոզմանը, որ ինձ համար կարեւոր օրը այդ իմ քահանայական ձեռնադրությունն ու օծումն էր: 1992 թվականին Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցվո մեջ ձեռամբ առաջնորդ Տ. Խաժակ արք. Պարսամյանի ձեռնադրվեցա կուսակրոն հոգեւորական՝ անվանվելով Տ. Նարեկ աբեղա Բերբերյան: Այդ պահէն իմ կյանքը թեւակոխեց մի ուրիշ աշխարհ, սկսեցա ավելի գիտակցաբար պատկերացնել, թե որն է հայ հոգեւորականի ծառայության իրական նպատակն ու կերպարը: Շատերուն կթվի, որ հոգեւորականի առաքելությունը ամենէն հեշտ ծառայությունն է, որովհետեւ ցավոք քիչ չեն այն մարդիկ, ովքեր հոգեւորականին միայն կտեսնէն ծիսակատարություն ընելու պատկերով: Բայց վստահորեն պետք է ըսեմ, որ հոգեւորականի ծառայությունը ամենէն դժվար առաքելությունն է, ան չունի մեկ ուղղություն. ան՝ առաջնորդ է, բժիշկ, գիտնական, հոգեբան, դաստիարակ եւ այլն: Անձնուրացությունը եւ բոլոր մարտահրավերներուն պատրաստակամ ըլլալը հոգեւորականի կերպարի լավագույն կողմերէն է: Շատ ժամանակ հոգեւորականը իր սեփական ընտանիքը մեկ կողմ դնելով, կօգնէ մեկ այլ ընտանիքի խաղաղության եւ երջանկության վերականգնմանը: Չկա ժողովուրդ առանց հոգեւորականի եւ հակառակը՝ չկա հոգեւորական առանց ժողովուրդի»,-հիշեց Նարեկ սրբազանը:

Նա նաեւ իր մաղթանքները հղեց հայությանը. «Ցանկությունս այն է, որ յուրաքանչյուր հայ սիրէ իր ազգային պատկանելությունը, երբ այս գաղափարը մեր կյանքէն ներս դարձնենք ուղենիշ, ապա կհաղթահարենք բոլոր դժվարությունները, որոնք այսօր ծառացած են մեր առջեւ: Չկա մի գյուղ ու քաղաք, որ ԵՌԱԲԼՈՒՐ չունենա, իսկ այդ եռաբլուրներուն ննջած մեր հերոս տղաներուն առջեւ մենք ունինք խոստում, յուրաքանչյուրի հոգիներէն ներս մյուռոնի պես դրոշմված է մի գաղափար՝ պարտականություն նահատակ մեր եղբայրներուն համար: Մենք ունինք նաեւ կենդանի հերոսներ, որոնց մասին ցավոք քիչ կխոսվի, փափաքս է, որ նման մարդկանց սխրանքները վկայվին հանրության մեջ, այն իսկապես դաստիարակչական մթնոլորտ կրնա ստեղծէ մեր սերունդներուն համար: Աստված առատապես օրհնէ մեր Մայր Հայրենիքը՝ Հայաստան եւ Արցախ աշխարհը, թող խաղաղության աղավնին իր ցոլքերուն մեջ առնէ հայոց պետական սահմանները»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031