Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս է տեսել «Գրական Արցախի» առաջին համարը

Հուլիս 23,2021 12:30

Ընթերցողի սեղանին է պատերազմից հետո լույս տեսած «Գրական Արցախ» պարբերականի 2021 թվականի առաջին համարը:

«Գրական Արցախ» պարբերականը հիմնադրվել է «Արմավ» հրատարակչության եւ Վովա Արզումանյանի կողմից, 2019 թվականին: Քանի որ հիմնադիրները տեսնում էին այսօրինակ պարբերականի բացը, որոշեցին այս նախաձեռնությամբ հանդես գալ: Ի սկզբանե պարբերականի հիմնադիրներից Վովա Արզումանյանը նույնպես մտավախություն ուներ, որ երկար կյանք չի ունենա պարբերականը, նաեւ պատերազմի ժամանակ եղան այդ զգացողությունները: Սակայն մեր զրուցակցի խոսքով՝ բոլոր դժվարությունները հաղթահարելի են, եթե հայ ես ծնվել, ուրեմն պետք է առաջ նայես ու ընթանաս միայն ու միայն առաջ:

Այս հարթակը նոր անուններ բացահայտելու համար է: Համագործակցելով նաեւ տաղանդավոր զինվորների եւ ուսանողների հետ, «Գրական Արցախ» պարբերականը կարողացավ բացահայտել նրանց ստեղծագործական կարողություններն ու լսել տարբեր մոտեցումներ:

«Գրականությունն այն է, որ ընթերցում ես, զգում, որ դա ապրել ես կամ պետք է ապրես, եւ դասեր ես քաղում դրանից,-մեզ հետ զրույցում նշել է Վովա Արզումանյանը՝ ավելացնելով,-մենք այնպիսի ստեղծագործություններ ենք տպագրում, որոնք նոր շունչ, թարմություն են բերում ժամանակակից գրականություն: Պարբերականի հեղինակները Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում ապրող տաղանդավոր, ինքնատիպ մտքեր ու ստեղծագործություններ ունեցող մեր հայրենակիցներն են, որոնք այլ երանգ են տալիս հայրենիքին, մարդ արարածին, մեր ապրելուն, կյանքին, հավատին, բնությանը, սիրուն, եւ այն ամենին, ինչ ստեղծել է Աստված»:

Մեր հարցին, թե ինչո՞վ է առանձնանում գրական այլ պարբերականներից, գլխավոր խմբագիրը պատասխանեց. «Մեր պարբերականում տպագրվում են ինչպես չափածո, այնպես էլ արձակ գործեր եւ գրականագիտական հոդվածներ, կարեւոր հարցազրույցներ: Չեմ կարող ասել, թե ինչով է առանձնանում, որովհետեւ կարծում եմ՝ դրա պատասխանը կտան մեր հեղինակներն ու ընթերցողները, գրականագետները: Մենք չենք արտատպում, անտիպ աշխատանքներ ենք տպագրում եւ միշտ պահում ենք մեր սկզբունքներն ու հավատարիմ ենք պարբերականի անվանը»:

Մեր զրուցակիցը ցավով է նշում, որ իրենց պլանների մեծ մասի ընթացքը փոխվել է. պայմանավորվել էին մի քանի տաղանդավոր զինվորի հետ զրուցել ու տպագրել, բայց, ցավոք, նրանք այսօր երկնային կյանքում են:

Աստղիկ ԲԱԲԱՅԱՆ
Արցախ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031