Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը Հայաստանի դեմ պատերազմին էլ դեմ չի լինի

Հուլիս 23,2021 12:00

Ռուսաստանը ոչ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ոչ էլ չեզոք խաղաղապահ՝ Լեռնային Ղարաբաղում

Հուլիսի 20-ին Կրեմլում ռուս-ադրբեջանական բանակցությունները մեկնարկեցին Պուտինի կողմից՝ «Իդ Մուբարաք» արաբերենով հնչեցրած շնորհավորանքով: Նրանց հանդիպումը համընկել էր մահմեդականների կարեւորագույն տոներից մեկի՝ Կուրբան-Բայրամի հետ։
Այս հանդիպմանն Ալիեւը լավ էր պատրաստվել. Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածություն էր ապահովել, ավելի ճիշտ՝ սպառնալիքներն ուղղել էր Հայաստանին եւ մեր պետության նկատմամբ տարածքային հավակնություններ էր ներկայացրել: Պուտին-Ալիեւ հանդիպումից առաջ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ծառայողական խորհրդակցություն էր անցկացրել բանակի հրամանատարական անձնակազմի հետ եւ հրահանգել կանխել Հայաստանի զինված ուժերի հնարավոր սադրանքները պետական սահմանին:

Զաքիր Հասանովը հիշեցրել էր Ալիեւի խոսքերը, թե պատերազմն ավարտվել է, բայց՝ «բանակը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի նոր պատերազմի»:

Պուտինի ու Ալիեւի տրամադրությունը հուլիսի 20-ին բարձր էր: Առհասարակ, ժամանակի հետ Պուտինի հետ Էրդողանի ու Ալիեւի հանդիպումները սկսում են նմանվել խորհրդային ժամանակահատվածի բարձրագույն իշխանության պահվածքին, երբ իրականությունն այլ է, բայց խոսվում է լիովին այլ թեմաների մասին:

Ադրբեջանն ակնհայտորեն սադրում է նոր ռազմական գործողություններ, իր պահվածքն արդարացնելու համար պաշտոնական Երեւանի «ապակառուցողական» կեցվածքն է մատնանշում: Մինչդեռ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը շարունակում է հրապարակային խուսափել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի վարած քաղաքականությանը գնահատական տալուց:

Առհասարակ, ժամանակն է արդեն, որպեսզի մենք մեզ հարց տանք՝ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը բացի՝ «էժան զենք է տալիս» հիմնավորումից՝ Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների համար ուրիշ ի՞նչ գործառույթ է իրականացնում՝ բացի Հայաստանով ու Արցախով թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բանակցելուց, պայմանավորվածություններ ձեռքբերելուց, որպեսզի աշխարհին ցույց տա, որ իր հետ էլ բանակցողներ կան:

Գումարած այս ամենին՝ մենք վերջին տարիներին շարունակաբար ականատես ենք դառնում Հայաստան պետությանն ու ՀՀ քաղաքացիներին քրոնիկ կերպով ռուսական դժգոհությունների տարափի ներկայացմանը: Օրինակ, դեռ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին Կրեմլի քարոզչամեքենայի ղեկավար-գիգանտներից մեկն անգամ դժգոհ էր, որ Երեւանում տաքսու վարորդները ռուսերեն լավ չեն խոսում, կարծես ՌԴ-ում հաստատված տաջիկ ու ուզբեկ վարորդները Լոմոնոսովի անվան պետական համալսարան են ավարտել: Ընդհանրապես, Մոսկվան միշտ դժգոհ է բացառապես Հայաստանից ու Վրաստանից, նկատե՞լ եք, որ ռուսական «բռունցքը» միայն Երեւանի ու Թբիլիսիի գլխին է կախված՝ տարբեր ուժով, բնականաբար: Սերժ Սարգսյանի իշխանավարման ընթացքում Մոսկվան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը խափանեց, ՀՀ-ին ստիպեցին անդամակցել մի անպետք կառույցի՝ Մաքսային միությանը, ու Հայաստանի այն ժամանակվա իշխանական վերնախավի ներկայացուցիչները մասնավոր զրույցներում այդ քայլը ստիպված արդարացնում էին այսպես. «Ուրիշ տարբերակ չուներ Սերժ Սարգսյանը, գոնե պատերազմի վտանգը չեզոքացրեց», սակայն քիչ անց Մոսկվան ու Բաքուն Սերժ Սարգսյանին «նվեր» մատուցեցին՝ 2016թ. ապրիլյան պատերազմով:

Այսինքն, Հայաստանի ներկայիս իշխանությունից որքան էլ մենք արդարացիորեն դժգոհենք, պահանջներ ներկայացնենք, պետք է հստակ հասկանալ նաեւ, որ Ռուսաստանի իշխանական վերնախավի եւ նրան ծառայող ռուս եւ հայ «փորձագիտական» շրջանակների, ֆեյսբուքյան ինքնահռչակ «վերլուծաբանների» կողմից այսօրվա դժգոհության սլաքները ՀՀ ներկայիս իշխանությանն ուղղելն ընդամենը պատրվակ է՝ թաքցնելու ռուսական քաղաքական վերնախավի թուրք-ադրբեջանական տանդեմին ծառայելու պատրաստակամությունը:

Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվայի «ուժը» միայն բավարարում է օրինակ՝ Հայաստանի ու Վրաստանի իշխանությունների այս կամ այն հայտարարությունը քննադատելու համար, որոնցում նրանք տեսնում են Արեւմուտքի «անտեսանելի ձեռքը»: Մինչդեռ թուրքական «փափուկ ուժի» դեմ Կրեմլն արդեն անզոր է ու դա ակնհայտ է: ՌԴ-ում կան հատուկենտ փորձագետներ, որոնք խոսում են նախկին խորհրդային հանրապետություններում թուրքական ահագնացող ազդեցության մասին, եւ գոյություն ունի ռուսական փորձագիտական, լրագրողական մի մեծ հատված, որոնք ակնհայտորեն սնվում են թուրք-ադրբեջանական էլիտաների կողմից ու բացահայտ սատարում են պրոթուրքական, պրոադրբեջանական քաղաքականությանը:

Ինչ վերաբերում է Ալիեւին, ապա նա ցույց է տալիս, որ Հայաստանի հարցով «խոսում» ու «առեւտուր» է անում բացառապես Պուտինի հետ, նա ՀՀ իշխանության հետ խոսելու ոչինչ չունի, եւ եթե Հայաստանին ցանկանում է ինչ-որ բան ասել՝ հրապարակային սպառնալիքներ ու շանտաժ ենք լսում նրա կողմից:

Այսպես, Պուտինն Ալիեւի հետ հանդիպմանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին. «Բնականաբար, ամենակարեւոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրադրության կարգավորումը։ Գիտեմ, որ Դուք այդ հարցին բնականաբար շատ մեծ ուշադրություն եք դարձնում, մեծ տեղ եք հատկացնում դրան։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ գտնվում են նաեւ փոխզիջումային լուծումներ։

Դրանք միշտ էլ ամենաբարդն են։ Բայց եթե մենք ցանկանում ենք կարգավորման հասնել, իսկ մենք բոլորս էլ ցանկանում ենք, ապա պետք է գնանք այդ ճանապարհով։ Մինչ այժմ մեզ դա հաջողվել է, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել»։

Ալիեւի համոզմամբ՝ պատերազմական գործողություններից հետո ընկած ժամանակահատվածում իրադրության կայունացման հարցում առանձնահատուկ դերակատարություն է ունեցել հենց ՌԴ նախագահը. «Իհարկե, կա նաեւ տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի հարցը։ Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ այս խնդրի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության, ինչպես նաեւ կարեւոր եւ զգայուն հարցերի լուծման ընթացքում ցուցաբերած անձնական մասնակցության համար։ Մենք մշտական կապի մեջ ենք, ռազմական գործողությունների ավարտից հետո անցած ութ ամիսների ընթացքում մեր անձնական շփումները՝ թե՛ հունվարին կայացած մոսկովյան հանդիպման եւ թե՛ հեռախոսազրույցների տեսքով, լուրջ դեր խաղացին իրավիճակի կայունացման առումով։ Մենք վճռականորեն տրամադրված ենք, որպեսզի հետկոնֆլիկտային ժամանակաշրջանը առավելապես ոչ ցավոտ անցնի։ Համատեղ ջանքերով մեզ դա հաջողվում է»։

Կրեմլում կայացած ռուս-ադրբեջանական բանակցությունների մեկ այլ թեմա էին երկկողմ հարաբերությունները, որոնցում Պուտինը զգալի առաջընթաց է նկատել. «Հաջորդ տարի մեզ մոտ մեծ տոն է՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Փառք Աստծո, կորոնավիրուսից հետո մեր հարաբերությունները սկսել են վերականգնվել, խոսքը նախեւառաջ տնտեսական հարաբերությունների մասին է։

Անցած տարի որոշակի անկում էր նկատվում, այժմ արդեն աճի վստահ տեմպեր կան, եւ հարաբերությունները վերականգնվում են։

Ռուսաստանը Ադրբեջանի տնտեսությունում վստահորեն առաջատար դերերից մեկն է զբաղեցնում, եւ ակտիվորեն աշխատում է նաեւ միջկառավարական հանձնաժողովը»: Պուտինի խոսքով՝ առաջիկայում այդ կապերը, ըստ ամենայնի, է՛լ ավելի են ամրապնդվելու, քանի որ Բաքու կայցելի «ռուսաստանյան ներկայացուցչական մի պատվիրակություն»։ Ալիեւի համոզմամբ. «Մենք վստահորեն առաջ ենք շարժվում։

Առաջին կիսամյակում մեր ապրանքաշրջանառությունն աճել է, ինչը շատ կարեւոր է, քանի որ անցած տարի այն մոտ 10 տոկոսի անկում էր արձանագրել։ Լուրջ թափ են հավաքում նաեւ մեր հարաբերությունները տրանսպորտային-տարանցիկ ոլորտում։ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքով այս տարի տեղափոխված բեռների ծավալն աճել է 20 տոկոսով։ Դա նշանակում է, որ այդ միջանցքն աշխատում է մեծ ծավալներով»։

Ի՞նչ «փոխզիջումային լուծումների» մասին է խոսում Պուտինը: Նմանատիպ միտք էլ նա վերջերս արտահայտեց Փաշինյանի հետ հանդիպմանը: Այսինքն, մայիսի կեսից ՀՀ ինքնիշխան տարածք են ներխուժել ադրբեջանական ստորաբաժանումներ, Ադրբեջանը շարունակում է Բաքվի բանտերում պահել հայ ռազմագերիների ու դեռ Հայաստանը զիջումների էլ պետք է գնա՞… Փոխանակ այս խնդիրներին անդրադառնալու՝ Պուտինը դեռ շնորհակալություն է հայտնում Ալիեւին: Ու այսքանից հետո դեռ հա՞րց է առաջանում, թե ինչո՞ւ է Ալիեւն իրեն անպատժելի զգում… Դեռ 2010-ից սկսած Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մի քանի միլիարդ դոլարի սպառազինություն վաճառելով է Ալիեւն իրեն սկսել ազատ զգալ՝ գործելու ընդդեմ Հայաստանի ու Արցախի:

Հիմա հարց. եթե վաղը Էրդողանն ու Ալիեւը որոշեն Հայաստանի դեմ պատերազմել՝ Պուտինը կընդդիմանա՞… Պատասխանն անհայտ է: Հետեւաբար, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ «չեզոք» առաքելություն իրականացնող Ռուսաստանը չի կարող միաժամանակ լինել Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Դա արդեն ակնհայտ է, բայց այդ մասին Կրեմլի քարոզչամեքենայի սպասարկուները առայժմ չեն խոսում հրապարակային, նրանց համար ավելի հեշտ զբաղմունք կա՝ բողոքել Հայաստանից ու հայերից:

Իսկ ընդհանրապես, Ռուսաստանը մի օր կկորցնի թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը: Եվ առհասարակ, պուտինյան Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը կխորտակի նաեւ Ռուսաստանի Դաշնությունը: Բայց դա արդեն ՌԴ քաղաքացիների խնդիրն է:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Լուսանկարներում՝ հուլիսի 20-ին Մոսկվա ժամանած Իլհամ Ալիեւին դիմավորում է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: Մյուս լուսանկարում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 29-ին Անթալիա էր ժամանել թուրք գործընկերոջ՝ Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցելու, նա ողջունում է իրեն դիմավորող թուրքական պատվիրակությանը: Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների առջեւ ռուս տարբեր մակարդակի պաշտոնյաների խոնարհվելու ձեւն էլ իր հերթին բնորոշում է այսօրվա Ռուսաստանի կախվածության աստիճանը թուրք-ադրբեջանական տանդեմից:

«Առավոտ» օրաթերթ, 22.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031