Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցոլակն ընտանիքին պատրաստում էր այս օրվան՝ քաջ գիտակցելով, որ այսօրը գալու է»

Հուլիս 23,2021 14:00

«Ցոլակին 6-րդ դասարանից սկսած դասավանդել եմ պատմություն առարկան։ Նա չէր բավարարվում օրվա դասի նյութով, միշտ ավելին էր ցանկանում իմանալ, պրպտող մտքի տեր էր, տրամաբանական հարցեր էր տալիս, ուներ իր ուրույն տեսակետը, յուրահատուկ ինտելեկտի տեր մարդ։ Շատ էր կարդում, մանավանդ ռազմական ինքնաթիռների մասին եւ դասի վերջում այդ մասին հարցեր տալիս։ Դեռ այդ ժամանակվանից շատ ջերմ հարաբերությունների մեջ էինք Ցոլակի հետ»,-«Առավոտի» հետ զրույցում պատմում է զոհված օդաչու Ցոլակ Խաչատրյանի պատմության ուսուցիչը` Արմեն Սարգսյանը։

Օրեր առաջ Շիրակի մարզում տեղի ունեցավ արցախյան վերջին պատերազմում զոհված հերոս Ցոլակ Խաչատրյանին նվիրված միջոցառումը: Դասասենյակն անվանակոչվեց հերոսի անունով: Միջոցառումը կազմակերպել էր հերոսի պատմության ուսուցիչը:

«Հիշում եմ` արդեն ընդունվել էր համալսարան, 2011 թվականի պատմության օլիմպիադային էր մասնակցել ու զբաղեցրել առաջին տեղը, արժանացել էր նախագահի կողմից շնորհված մրցանակին։ Կրթաթոշակից բացի պատմության ժողովածու էր ստացել ու, երբ գյուղ եկավ` բերեց ու հանձնեց ինձ, առաջին էջի վրա էլ գրված էր՝ շնորհակալություն, պատմությանս ուսուցչին՝ Արմեն Սարգսյանին, ինձ տված պատմական գիտելիքների համար»: Ըստ ուսուցչի, սա խոսում է նրա՝ բարոյական բարձր արժեքների տեր մարդ լինելու մասին։

«Միջոցառման կազմակերպմանը ոչ թե որպես պարտք կամ պարտավորություն եմ մոտեցել, այլ ամեն բան եղել է ինքնըստինքյան, ինքաբուխ կերպով։ Ստեղծեցինք աշխատանքային թիմ, մի քանի ամիս նախապատրաստվեցինք, ջանք չխնայեցինք մեր հերոսի համար։ Ցոլակը ավիացիոն զորամասում էր ծառայում, թռիչքներից մեկն էլ, ինչպես տեսանք, ճակատագրական եղավ։ Ցոլակն ու նրա մարտական ընկերները զոհվեցին։ Դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 14-ին, Հադրութի գյուղերից մեկում իրականացվող օպերացիայի ժամանակ»,-պատմեց ուսուցիչը։

Միջոցառմանը ներկա էին Ցոլակի մարտական ընկերները, եկել էին նաեւ Ավիացիայի վարչությունից, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիուտից, մարզպետի աշխատակազմից, բարեկամներն ու հարազատները։

«Մեր մյուս զոհերին եւս մեծարանքի խոսքեր ասվեցին։ Ամեն բան կազմակերպված էր պատշաճ կերպով։ Սպանդարյանի մշակույթի տունը անվանակոչեցին Ցոլակ Խաչատրյանի անունով, բացեցին հերոսի հուշատախտակն ու նրա փոքրիկ աղջկա` Վիկայի հետ էլ սկսեցին միջոցառումը։ Միջոցառումը հագեցած էր թե՛ ասմունքով, թե՛ երաժշտական ու պարային ելույթներով, նաեւ տեսանյութ էր նկարահանվել Եռաբլուրում։ Հյուրերի քանակը հասնում էր 200-ի, բոլորը քար լռությամբ ու թաց աչքերով վերապրում էին եղածը։ Մենք մատուցեցինք մեր հարգանքի տուրքը մեր հերոսին։ Դպրոցի ռազմագիտության դասասենյակը եւս անվանակոչել ենք նրա անունով»,- ասաց Արմեն Սարգսյանը։

Հերոսի եղբայրը՝ Դավիթ Խաչատրյանն ասաց, որ իր ամբողջ գիտակից կյանքում ձգտել է նմանվել եղբորը. «Շատ համերաշխ ընտանիք էին, իդեալական: Ինքն ապրում էր իր երեխաների համար, ամեն օրը իր ընտանիքի համար տոն էր դարձնում: Ցոլակն ընտանիքին պատրաստում էր այս օրվան՝ քաջ գիտակցելով, որ այսօրը գալու է: Միշտ շեշտում էր, որ ինքը հերոսի մահով է մեռնելու, ասում էր՝ հնարավոր է ես պարզապես պետք է ապրեմ ու մի օր ուղղակի չլինեմ, բայց դա իմ համար չէ»։

Ցոլակ Խաչատրյանը ծնվել է Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում: Ավարտել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանը: 30 տարեկան էր, ամուսնացած, ունի 2 երեխա: Պատերազմի առաջին իսկ օրից կատարել է մարտական առաջադրանքներ, հիմնականում զբաղվել վիրավորների տեղափոխմամբ: Զոհվել է հոկտեմբերի 14-ին հատուկ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ՝ հստակ իմանալով, որ թռիչքից հետո ողջ մնալու հավանականությունը շատ փոքր է: Հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:

«Դեռ փոքր տարիքից Ցոլակի նպատակն էր օդաչու դառնալը, թռչելը, օդ բարձրանալը նրա համար նպատակ էր, քանի որ հայրս արտագնա աշխատանքի էր մեկնում եւ ամեն անգամ, երբ ինքնաթիռ էինք տեսնում երկնքում` ասոցացնում էինք պապայի հետ: Այսինքն՝ եթե ինքնաթիռը երեւում է, ուրեմն պապան գալիս է»,-ասում է Դավիթ Խաչատրյանը։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031