Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ հուլիսի 19-ին աշխատանքից ազատվել է Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի նորընտիր տնօրեն Արմինե Գևորգյանը:
Տնօրենը դաշնակցական է․ 16 տարի անդամակցել է այս կուսակցությանը, սակայն նշում է, չի կարող հստակ ասել՝ իրեն պաշտոնազրկելու պատճառը քաղաքական հայացքնե՞րն են, թե՞ անձնական շահագրգռվածություն կա։ Այսօր դպրոցն արդեն իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի։
Մարզպետի որոշմամբ ժ/պ է նշանակվել ապրիլի 13-ին Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում պարտված թեկնածուն՝ Հայաստան Կարապետյանը, նա հավաքել է 3 ձայն, իսկ Արմինե Գևորգյանը՝ 5 ձայն։
Կարդացեք նաև
Արմինե Գևորգյանը, որը 2,5 ամիս է՝ ինչ տնօրեն է նշանակվել, նշում է, որ ըստ գործող կարգի՝ ժ/պ պիտի նշանակվեր կամ փոխտնօրեններից որևէ մեկը կամ դպրոցի անձնակազմից։ Հայաստան Կարապետյանը, նրա տեղեկություններով, աշխատում է Գյումրու թիվ 7-րդ դպրոցում և երեք տարվա աշխատանքային ստաժ ունի։
Դպրոցում շրջանառվում են խոսակցություններ, որ ժ/պ-ի ամուսինը շատ մոտ հարաբերությունների մեջ է ՔՊ-ականների հետ, նա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուներից է։
Ի դեպ, ժ/պ-ի հայրը Գյումրու ամենամեծ դպրոցներից մեկի տնօրենն է՝ հմուտ կառավարիչ է։
Ինչևէ, դպրոցի տնօրենի պաշտոնից ազատված Արմինե Գևորգյանն արդեն իսկ դատարան հայց է ներկայացրել՝ Շիրակի մարզպետի՝ իրեն տնօրենի պաշտոնից ազատելու որոշման դեմ։
Երեկվա մեր հրապարակումից հետո դպրոց են այցելել նաև ԱԱԾ-ից՝ տնօրենին հարցաքննելով, թե ինչ է կատարվում։
Այսօր անձնակազմը ու ծնողները եկել էին դպրոց, քանի որ սպասում էին, թե մարզպետարանի կրթության վարչությունից պիտի գան ու տնօրենի նոր ժ/պ-ին ներկայացնեն։
Այսօր ժ/պ-ին չներկայացրեցին, փոխարենը տեղի ունեցավ կառավարման խորհրդի նիստ, որը որոշեց տնօրենի թափուր տեղի համար մրցույթի օր հայտարարել հոկտեմբերի 7-ը։
Աշխատանքից ազատված տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ մարզի ոչ մի դպրոցի կառավարման խորհուրդը հաստատված չէ, բացառությամբ իրենցը։ Նոր կառավարման խորհուրդները 2021 թվականի ապրիլի մեկից գործում են նոր կարգով՝ 9 հոգանոց կազմով։ Միայն իրենց դպրոցի կառավարման խորհրդի կազմն է հաստատվել հուլիսի 16-ին։
«Այստեղ ևս կար միտում, որ 2021 թվականի հուլիսի 16-ին հաստատված կառավարման խորհուրդն արդեն պատրաստվում էր հուլիսի 19-ին, որ պիտի ազատեին ինձ՝ գործող տնօրենին, և եռօրյա ժամկետում ձևավորեր կառավարման խորհուրդը և հայտարարեր մրցույթ՝ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար», -ասաց Արմինե Գևորգյանը։
Նա նաև ասում է՝ մարզպետարանում լավ հաշվարկներ են արել, հոյակապ են իմացել, որ ինքը նոր մրցույթին չի կարող մասնակցել, որովհետև տնօրենի իր հավաստագրի ժամկետը լրացել է մայիսի 25-ին։
Նշենք, որ Շիրակի մարզպետի որոշման մեջ գրված է՝ չեղյալ է ճանաչում Շիրակի մարզի «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար 2021 թվականի ապրիլի 13-ին կայացած մրցույթի արդյունքները։ Մարզպետը հղում է տալիս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար 2021 թվականի ապրիլի 13-ին կայացած մրցույթի արդյունքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի՝ 2021 թվականի մայիսի 14-ի եզրակացությանը։
Ազատված տնօրենը, սակայն, հարցնում է՝ եթե ԿԳՄՍ նախարարությունը մայիսի 14-ին եզրակացություն էր տվել, ապա Շիրակի մարզպետը ի՞նչ հիմքերով է մայիսի 17-ին իր հետ աշխատանքային պամանագիր կնքել և ինչո՞ւ են նախարարության՝ մայիսի 14-ի եզրակացության մասին պաշտոնապես հայտնում հուլիսի 19-ին՝ դպրոցի տնօրենի ազատման օրը։
Ծնողները դժգոհ էին մարզպետի այս որոշումից, նրանք ասում էին՝ վստահ չեն, որ սեպտեմբերից երեխաներին այս դպրոց կուղարկեն։
Ըստ նրանց, Արմինե Գևորգյանի շնորհիվ կարևոր փոփոխություն է տեղի ունեցել դպրոցում․ պայմանները բարեկարգվում են, պատեհ-անպատեհ առիթներով ծնողներից այլևս փող չեն հավաքում։
«Պայքարն ավելի կատաղի կդառնա»,-խոստացավ Արմինե Գևորգյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ