Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրիշ է, երբ նկարում ես մարդուն՝ իր սեփական տունն այրելիս». Փիրուզա Խալափյան

Հուլիս 22,2021 21:25

Հուլիսի  22-ին Հոդված 3 ակումբում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը վավերագրած լուսանկարիչների  աշխատանքների  ցուցադրությունը։ «Ցուցադրության գաղափարն անընդհատ ենք ունեցել, քանի որ կարծում եմ` ցանկացած միջոց` դա կլինի իրավական, թե միջմշակութային միջոցառումներ, պետք է դիտարկել հնարավորություն խնդիրը բարձրաձայնելու, իսկ մեր խնդիրը մարդու իրավունքների խախտումն է։ Հոդված 3-ը ակումբի անվանումը հենց սահմանադրության 3-րդ հոդվածն է, այն է` մարդը բարձրագույն արժեք է եւ պատերազմի ամենաանդառնալի կորուստը մարդկային կյանքն է, դա պետք է անընդհատ բարձրաձայնենք եւ ցույց տանք աշխարհին այն, ինչ եղել է հենց իր աչքի առաջ, խախտվեցին մարդու իրավունքի հռչակագրերը»,- Aravot.am- ին ասաց «Հանուն հավասար  իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար, Հոդված 3 ակումբի հիմնադիր Գայանե Աբրահամյանը:

Լուսանկարիչներից մի քանիսը առաջին իսկ օրվանից եղել են Արցախում եւ վավերագրել այդ ողջ ընթացքը։ Մեր զրուցակցի խոսքով այս ամենը չափազանց դժվար էր ոչ միայն անվտանգության, այլեւ էմոցիոնալ տեսանկյունից, սակայն կրկնակի դժվար էր հրադադարի հայտարարումից հետոյի վավերագրումը։

«Նպատակ ունենք հետագայում միջազգային տարբեր հարթակներում ցուցադրել նկարները, որովհետեւ շատ կարեւոր է օգտագործել իրավական յուրաքանչյուր հարթակ ու նույն չափ կարեւոր է մշակութային հարթակում այս խնդիր բարձրաձայնումը։ Ցուցադրությունը բաց է լինելու մինչեւ հուլիսի 28-ը, բայց նկարները մնալու են Հոդված 3 ակումբում, հաճախ ենք ունենում միջազգային հյուրեր, քննարկումներ, հանդիպումներ, որոնք կօգնեն նրանց եւս ցույց տալ սա»,-նշեց տիկին Աբրահամյանը:

«Երբ պատերազմն ավարտվեց,Արցախում էի ու պատերազմն այնպես անակնկալ ավարտվեց, որ հետո հասկացա` այս շոկային վիճակը չպետք է ինձ հետ պահի, որ հենց այդ պահին պետք է վեր կենալ  ու գնալ։ Առաջին անգամ նոյեմբերի 13-ին գնացի, խոսակցություն կար, որ նոյեմբերի 15-ին փակվելու է Քարվաճառը, մենք եկանք, բայց ինչպես գիտենք դա չեղավ։ Էմոցիաները դժվար է նկարագրել, այնպիսին էին, որոնք կյանքում չէի զգացել, որպես լուսանկարիչ էլ չէի եղել նման իրավիճակում։ Երբ նկարում ես սոցիալական տարբեր վիճակներ,  ուրիշ է, իսկ երբ նկարում ես գաղթի ճանապարհ, մարդուն իր սեփական տունն այրելիս` այլ է, էմոցիաներն այնքան շատ են լինում, որ չես հասկանում ինչ է կատարվում,- ասում է լուսանկարչուհի Փիրուզա Խալափյանը:

Թե ինչպես ուժ գտավ իր մեջ այդ գործն անելու, ինքը` Փիրուզան եւս չգիտի, ասում է` չէր կարող մնալ քաղաքում, իմանալ ամեն բան համացանցից։ «Արցախցիների հետ շփում եղել է, երբ գնում էինք նկարելու սկզբում ագրեսիվ էին, հետո հանդարտվում էին, ասում` արի միասին լուսանկարվենք, հարցնում էին, թե ինչու եմ եկել, որ ամեն ինչ կորցրինք։ Ինչպիսին իրավիճակն էր, այդպիսին էլ մարդիկ էին Արցախում»,-հավելում է նա:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031