Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնօրենը կանչել է ու ասել՝ քո պատճառով ընկել ենք պատմության մեջ, մարզպետարանից զանգել ու ասում են՝ թող դիմումը գրի ու գնա». «Հայրենիքի» աջակից բուժքրոջը հետապնդում են

Հուլիս 22,2021 18:30

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում, խոսելով իրենց կուսակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումներից, ասաց, որ իրենց աջակիցներից մեկին՝ Վանաձորի հիվանդանոցի քույր, կանչել ու ասել են, որ պիտի դիմում գրի ու գնա, որովհետեւ «Հայրենիքի» աջակիցն է եղել, ընդ որում՝ մարզպետի մակարդակով:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզի տարածքային ներկայացուցիչ Վահե Դոխոյանը մանրամասներ պատմեց: Նախ, թյումրիմացություն է տեղի ունեցել ու պարոն Վանեցյանը Վանաձորի հիվանդանոց ասելով՝ նկատի է ունեցել ոչ թե «Վանաձոր ԲԿ»-ն, այլ՝ Վանաձոր քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցը, որի բուժքույր Արմինե Պողոսյանը «Հայրենիք» կուսակցության աջակիցն է ու պատգամավորության թեկնածու է եղել. «Հունիսի 7-ին նրան մարզպետարանի առողջապահության  վարչության պետը զանգահարել է տնօրենի փոխարինողին ու ասել, որ Արմինե Պողոսյանին ասեք՝ դիմում գրի դուրս գա աշխատանքից, որովհետեւ սկզբունքորեն մեզ դեմ է: Արմինե Պողոսյանն ասել է՝ ես չեմ գրի ու դուրս չեմ գա, եթե տարբերակ ունեք՝ դուք աշխատանքից հանեք: Տնօրենն ասել է՝ հիմք չունեմ ու չեմ ազատի:

Առայժմ չեն հանել, որովհետեւ օրենքով որեւէ կետ չունեն, Արմինե Պողոսյանը օրենքով սահմանված կարգով արձակուրդ է վերցրել իր հաշվին, որ պիտի մասնակցեր քարոզարշավին: Քարոզարշավից վերադառնալուց հետո նորից այդ խոսակցությունը բացել են: Խնդիրն այն է, որ Արմինեն դիմումը չի գրել, իրենք էլ ասում են, որ  սեպտեմբեր ամսից լինելու է հիմնարկի փոփոխություն, ինֆեկցիոն հիվանդանոցը միանում է «Վանաձոր» ԲԿ-ին: Այսինքն, ասում են՝ մենք քեզ չենք վերականգնի, որովհետեւ բոլորին հանելու ենք աշխատանքից, հետո վերականգնենք: Հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատարն ասում է՝ Արմինեն մեր լավագույն աշխատողն է, նախարարի կողմից շնորհակալագիր ունի, իր պրոֆիլի մեջ միակ աշխատողն է, այսինքն, հաստատ այնպես չի, որ աշխատանքի հետ է կապված, սա քաղաքական է: Նա աշխատանքում ոչ մի թերացում չունի, միշտ լավագույնն է ճանաչվել ու պարգեւատրվել»:

Դոխոյանը վստահեցնում է, որ Արմինե Պողոսյանը իր հիմնարկում քարոզչություն չի իրականացրել բուկլետ, պլակատ չի բաժանել. «Մարդն իր քարոզարշավը դրսում իրականացրել է ու հետ եկել իր պրոֆեսիոնալ աշխատանքին: Կորոնավիրուսի ժամանակ, երբ  որ Լոռու մարզի հիվանդանոցը կորոնավիրուսով հիվանդների համար առանձնացվեց, ինքը մեկ ամսից ավելի տուն ընդհանրապես չի գնացել, այնտեղ գիշերել է»:

Aravot.am-ի հետ զրույցում Արմինե Պողոսյանն այսպես պատմեց. «Ինձ հունիսի 7-ին՝ քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը, զանգել է տնօրենը, որն այս պահին փոխարինող է տնօրենի, ասաց՝ քո պատճառով ընկել ենք մի  պատմության մեջ: Ասեց՝ զանգել են ու ասում են՝ թող գա դիմումը գրի ու գնա, ապա թե ոչ՝ դատի ենք տալու: Բայց ինչի համար՝ ես չգիտեմ: Ասեց՝ գնա մարզպետարան, ասել եմ՝ գնալու բան չունեմ: Ես ասացի՝ դիմում չեմ գրելու, ուզում եք  դատի տվեք, ուզում եք՝ ինքներդ ազատեք, բայց ես դա չեմ անելու: Ես 30 տարի այդ հիվանդանոցում աշխատում եմ ու ոչ մի խնդիր աշխատանքի հետ կապված չեմ ունեցել: 18 տարի եղել եմ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, եղել եմ Լոռու մարզային կանանց միության նախագահը տարիներ շարունակ, եղել եմ ընտրատարածքային հանձնաժողովում նախագահի տեղակալ եւ ոչ մեկը ինձ չի անհանգստացրել երբեւէ, սա առաջին դեպքն էր իմ կյանքում, որ իմ քաղաքական հայացքների համար կարան ինձ նեղացնեն»:

Հարցին՝ եթե չվերականգնեն աշխատանքի, ի՞նչ  եք պատրաստվում անել՝ Արմինե Պողոսյանը պատասխանեց. «Առայժմ ես աշխատում եմ, բայց քանի որ միանում է Վանաձորի ԲԿ-ին, ստացել ենք ծանուցագրեր, որ սեպտեմբերի 1-ով ազատվում ենք աշխատանքից: Դա բոլորին է վերաբերվում ու օրենքն է՝ ազատել եւ  ընդունել: Երբ որ ինձ նորից չեն ընդունի աշխատանքի, այն ժամանակ կտեսնենք: Իմ դեմ կա քաղաքական հետապնդում ու այն ժամանակ կտեսնենք՝ ոնց ենք այդ հարցը լուծում»:

Նշենք, որ Արմինե Պողոսյանը բարձրագույն կրթությամբ կենսաբան է, վերապատրաստում է անցել ու անում է բիոքիմիական անալիզներ, որի պահանջարկը խիստ կա մարզում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031