Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն հայտարարեց ՏԻՄ ընտրությունների օրերը. հոկտեմբերի 17, նոյեմբերի 14

Հուլիս 22,2021 16:55

Հուլիսի 22-ին տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) սահմանեց 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրությունների քվեարկության օրերը:

Քննարկման դրվեց Հայաստանի Հանրապետության ԿԸՀ «2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 28-ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն՝ փոփոխվեցին նախապես սահմանված ՏԻՄ ընտրությունների օրերը:

Այս փոփոխությունը ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն այսպես պատճառաբանեց. «2020-ի սեպտեմբերի 23-ին որոշում ընդունելով՝ ԿԸՀ-ն չէր կարող կանխատեսել, որ 2021-ի հունիսի 20-ին տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ, որն ըստ էության փոխել է հանգամանքներ: ԿԸՀ-ն առաջարկում է որոշման նախագիծ՝ վերանայելով սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին նշանակված ՏԻՄ մարմինների ընտրությունների քվեարկությունների օրերը: Պատճառն այն է, որ ունենք նորընտիր ԱԺ, որտեղ երկու նոր խմբակցություն է անցել, որոնք ունեն պարտավորություն և իրավունք ՏԻՄ ընտրություններում նշանակելու տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ: Կարծում եմ՝ ԿԸՀ-ն պարտավոր է նրանց համար կազմակերպել լիցենզավորման դասընթացներ, և այնպիսի ժամկետներ պիտի լինեն, որպեսզի այդ խմբակցությունները կարողանան հայտեր ներկայացնել ԿԸՀ, այնուհետև ԿԸՀ-ն հասցնի կազմակերպել նրանց համար դասընթացներ, որ կարողանան իրենց իրավունքն օգտագործել և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակել: Կազմակերպչական այլ բնույթի խնդիրներ պիտի ևս լուծի ԿԸՀ-ն, որ կարողանա պատշաճ կազմակերպել ՏԻՄ ընտրությունները, որոնք ամենամեծ ՏԻՄ ընտրություններն են, որոնք երբևէ տեղի են ունենում: Կապված այդ հանգամանքի հետ ԿԸՀ-ին է ներկայացվել որոշման նախագիծ՝ ըստ որի` նշված որոշման մեջ փոփոխություն կկրեն սեպտեմբերի 26 և հոկտեմբերի 17 բառերը՝ դառնալով հոկտեմբերի 17 և նոյեմբերի 14»:

ԿԸՀ արտահերթ նիստում նաև ուժը կորցված ճանաչվեցին ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումները, ինչպես նաև ԿԸՀ-ն քննարկեց նաև պատգամավորության թեկնածուներին մանդատներ տրամադրելու հարցը: ԿԸՀ-ն սահմանեց նաև ՀՀ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններով ընտրված ԱԺ-ի առաջին նստաշրջան հրավիրելու օրը: Այն տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031