Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ի նպատակն է, որ Ռուբեն Վարդազարյանի գործով ներկայացված բողոքը մակագրվի «չվնգստացող» դատավորի»․ Միհրան Պողոսյան

Հուլիս 22,2021 16:36

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները վերաքննիչ քրեական դատարան են այցելել․ ըստ տեղեկությունների՝ առգրավել են մակագրումների համակարգիչը, որով դատական գործերը էլեկտրոնային համակարգի միջոցով մակագրվում են դատավորներին։ Իրավական ոլորտի որոշ ներկայացուցիչներ ահազանգում են, որ սա կապված է Սյունիքի կալանավորված համայնքապետերի գործերի հետ եւ որ ԱԱԾ-ի գործողությունն իրականում նպատակ ունի կալանավորման հետ կապված վերաքննիչ բողոքների քննության մակագրությունն իրականացնել իշխանությանը «հաճելի» դատավորներին։ Թե ինչ սցենարով սա կարող է տեղի ունենալ, Aravot.am-ը զրուցել է փաստաբան Միհրան Պողոսյանի հետ։

Միհրան Պողոսյան

Պարոն Պողոսյան, ձեր գնահատմամբ՝ սա ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ քրեական գործերի մակագրման վրա, եւ, առհասարակ, ի՞նչ գործընթաց է հնարավոր ենթադրել։

-Քննարկումներ կան այն մասին, որ ԱԱԾ-ն նման կերպ ուզում է քրեական գործերի մակագրման հարցը լուծել, որպեսզի իշխանության հետաքրքրությունների շրջանակում գտնվող քրեական գործերն այսուհետեւ մակագրվեն ձեռագիր եղանակով՝ «չվնգստացող» դատավորներին։

Մի քանի հանգամանք առանձնացնեմ, որի հետ կապված մինչեւ այս պահը դիրքորոշում չեմ տեսել։ Առաջին պլան է մղվել Սյունիքի համայնքապետերի կալանավորումների դեմ բողոքների մակագրումների ընթացակարգը, բայց ես կարծում եմ, որ դա չէ ԱԱԾ-ի էական նպատակը։ Որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ առաջին ատյանի դատարանը բավարարել է Ռուբեն Վարդազարյանի պաշտպանների բողոքը եւ արձանագրել, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական է։ Սա ենթադրում է, որ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, եւ Ռուբեն Վարդազարյանը պետք է վերականգնվի ԲԴԽ նախագահի պաշտոնում։ Սա էլ ենթադրում է, որ համարյա «գոմ»-ից դուրս եկած ԲԴԽ անդամները պետք է վերադառնան իրենց զբաղեցրած պաշտոնին, այսինքն՝ լինեն սովորական ԲԴԽ անդամ։ Սա էլ ենթադրում է, որ դատական համակարգը կազմալուծելու եւ իր թեւի տակ վերցնելու իշխանության նպատակը կործանվում է։ Այս պատճառով կարծում եմ, որ այս պահին վերաքննիչ դատարանում իրականացվող գործողությունները նպատակ են հետապնդում, որպեսզի Ռուբեն Վարդազարյանի գործով ներկայացված բողոքը մակագրվի «չվնգստացող» դատավորի։ Հակառակ պարագայում ողջ պլանը, որում կան ԲԴԽ-ն, ԱԱԾ-ն, փլվելու է։

-Տեղեկություններ կան, որ սա իրականում ԱԱԾ-ում հարուցված գործի շրջանակում է, որը վերաբերում է դատավորներին գործերի մակագրմանը։ Սա որեւէ կերպ առնչվո՞ւմ է ձեր դիրքորոշմանը։

-Վերջին երեք տարում մեր երկրում նման աբսուրդային հանգամանքներ հաճախ են լինում։ Գլխավոր դատախազությունը, որպես օրինակ, իրականացրեց դատավորից «գործ խլելու» օպերացիան, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում կայացրեց երկրորդ նախագահին երաշխավորությամբ կալանքից ազատելու մասին։ Դրանից մեկ ամիս անց հայտնվեց ինչ-որ քրեական գործ ու անձ, որը պնդել էր, թե իբր կեղծիքներ են եղել։ Այդ քրեական գործը խլելու օպերացիան քողարկեցին նրանով, թե իբր քրեական գործ է քննվում՝ դատարանի աշխատակազմի եւ դատավորի կողմից թույլ տրված կեղծիքների մասով։ Հիմա նույն հանգամանքն էլ կարող է այս պարագայում լինել։ Այսինքն, իրական նպատակն այն է, որ իրենց ուզած գործերը ձեռագիր տարբերակով մակագրվեն իրենց ուզած դատավորներին, սակայն այդ ամենը քողարկվում է քրեական գործի առկայությամբ։

Եթե իսկապես ուզում են քրեական գործ քննել, թող ուսումնասիրեն, թե առաջին ատյանի դատարանում Արթուր Մկրտչյանն ինչ կարգով է միջնորդությունները մակագրում դատավորներին։ Իսկ մնացած ամեն ինչը մերկապարանոց հայտարարություններ են, իրական նպատակն են քողարկում։

Արդեն հեռու եմ կարծելուց, որ այս երկրում իրավապահ մարմինները գործում են օրինականության սահմաններում։ Գործում են իշխանության թելադրանքով։ Ընդ որում, ի ցույց են դնում ինչ-որ հանգամանքներ, որոնք ծիծաղելի են։ Ընդ որում, այն, որ հիմա ԱԱԾ-ն վերցնում է այդ համակարգիչը, դա որեւէ կերպ դատարանի աշխատակազմին եւ նախագահին չի ազատում էլեկտրոնային մակագրելու հնարավորությունից ու պարտականությունից։

Հիշում եմ, որ տարիներ առաջ քննչական կոմիտեն մեծ ոգեւորությամբ հայտարարեց, որ նոր տեխնիկա է ստացել, որի շնորհիվ առգրավվող համակարգիչներն այլեւս երկարաժամկետ չեն մնա քննչական կոմիտեում։ Այսինքն, դրանց պարունակությունը կպատճենվի։ Այսինքն` հիմա, եթե համակարգչի առգրավումը կարող է խնդիր առաջացնել վերաքննիչ դատարանի գործունեության համար, ապա թող այդ սարքն օգտագործեն, տեղեկատվությունը պատճենեն, համակարգն էլ կշարունակի գործել անխափան։ Չեն անում, որովհետեւ դա է նպատակը․ նպատակն այն է, որ խափանում ստեղծեն ծրագրի գործունեությունում, որպեսզի այդ ժամանակահատվածում գործերի մակագրումը տեղի ունենա իրենց ցանկալի ձեւով։ Ընդ որում, սա առաջին քայլն է։ Հետո վերադառնալու ենք այն արատավոր պրակտիկային, երբ քրեական գործերը եւս չեն մակագրվի էլեկտրոնային տարբերակով, այլ կրկին կլինի նույնը՝ իշխանության համար հետաքրքիր քրեական գործերը մակագրվելու են այն դատավորներին, որոնք մեղադրական եզրակացության վրա կնիք դնող են։

-Որպես ճշտում օրենքը չի սահմանո՞ւմ է, որ մակագրումները պարտադիր էլեկտրոնային տարբերակով պետք է արվեն։

-Պարտադիր։ ԲԴԽ-ն ունի համապատասխան որոշում, որ առաջին ատյանի, վերաքննիչ դատարաններում բոլոր գործերը, այդ թվում՝ մինչդատական վարույթի վերաբերյալ, այսինքն՝ կալանքի վերաբերյալ գործերի մակագրումը տեղի է ունենում էլեկտրոնային եղանակով։ Մինչ այդ ձեռագիր էր։ Առաջին ատյանի դատարանում եւ վերաքննիչ դատարանում սկզբում ներդրվեց մայր գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը։ Իսկ վերաքննիչ քրեական դատարանում, երբ երկրորդ նախագահի կալանքի գործի քննության հետ կապված հաստատվեց, որ մակագրումը եղել է վիճակահանությամբ, շահարկումներից խուսափելու համար վերաքննիչ դատարանի աշխատակազմը ձեռնամուխ եղավ նաեւ էլեկտրոնային համակարգի ներդրմանը, եւ մինչդատական վարույթի վերաբերյալ գործերը եւս սկսեցին քննվել էլեկտրոնային եղանակով։ Իսկ առաջին ատյանի դատարանում մինչեւ այս պահը հանցավոր անգործություն են ցուցաբերում․ համակարգը մինչդատական վարույթի համար մինչեւ հիմա չի ներդրվել, դրա համար դատարան մտնելիս միշտ շեշտում եմ, որ օրենքը, սահմանված կարգը չեն գործում։

Զրուցեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Հ. Գ. ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ վերաքննիչ դատարան է մտել անձամբ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ցուցումով: Համակարգում վստահ են, որ նպատակը Սյունիքի համայնքապետերի վերաբերյալ վերաքննիչ բողոքների մակագրությունն առանց համակարգչի կազմակերպելն է: Այդ կերպ վերջերս Վազգեն Ռշտունու փոխարեն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կողմից ընտրված Տիգրան Սահակյանն այդ բողոքները կարող է մակագրել ցանկալի վերահսկելի դատավորների:

Դիմեցինք ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրնանին՝ հետաքրքրվելով, որ արդեն դատարաններ ԱԱԾ է ուղարկում՝ այդ կերպ համակարգը բուռը պահելու համար՝ ի պատասխան Գագիկ Ջհանգիրյանը արձագանքեց՝ անհեթեթ տեղեկությունները մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031