Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում արդեն մեկնարկել է մոտ 2000 բնակարանի և առանձնատան շինարարություն

Հուլիս 22,2021 16:16

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 22-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում բնակարանաշինական  ծրագրերի իրականացման հարցերին:

Ստեփանակերտում և շրջաններում ընթացող շինարարական աշխատանքների,  նախատեսվող ծրագրերի, 2020 թ. Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված և անօթևան մնացած քաղաքացիների տեղավորման գործընթացի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։

Արցախում արդեն մեկնարկել է մոտ 2000 բնակարանի և առանձնատան շինարարություն: Միայն Ստեփանակերտում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի մոտ 350 բնակարան: Նախագահը շահագրգիռ մարմինների պատասխանատուներին հանձնարարել է՝ մշակել կառուցվող տների կահավորման, առանձնատներին կից հողատարածքների հատկացման մեխանիզմները, ինչպես նաև լուծումներ տալ առկա ենթակառուցվածքների հասանելիության և նոր ենթակառուցվածքների կառուցման մասով։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անօթևան մնացած ընտանիքների, ինչպես նաև այլ խոցելի սոցիալական խմբերի բնակարանային խնդիրների լուծումը ԱՀ կառավարության գլխավոր խնդիրներից է, և ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները պետք է գործեն թափանցիկ, ցուցաբերեն սկզբունքային և բարեխիղճ մոտեցումներ՝ օգտագործելով   ճկուն գործիքակազմ, որը թույլ կտա բնակարանային ապահովության ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցությունը դարձնել առավել հասցեական և քաղաքացիների անհատական կարիքներին համապատասխան:

Օրեր առաջ ԱՀ նախագահը հաստատել էր նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը, որը հիմնարար փաստաթուղթ է նշված ոլորտի հետագա աշխատանքների կարգավորման ու կազմակերպման համար:  Առաջիկա օրերին համապատասխան կառույցները պետք է ներկայացնեն ծրագրի  կիրարկման մեխանիզմները:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031